ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿՈՒԼ ՏԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու մասին: Այդ օրվանից էլ Հայաստանում սկիզբ առավ դատական «բեսպրեդելի» մի անօրինակ թռիչք, որի մասին երազել անգամ չէին կարող սկեպտիկները: Ու այսօր` երեք տարի անց, նրա ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի մասին հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանն ասաց. «Նրանց անձնական շահերից ելնելով է կայացվում վճիռների մեծ մասը: Նրանց հրահանգին չենթարկվող դատավորները պարզապես ազատվում են աշխատանքից… Մանր գողություններն ու խախտումները պատժվում են օրենքով, իսկ խոշոր գողությունների մեջ մեղավոր անձինք եւ նրանք, ում խղճին է ծանրացած մեր բանակում զինվորների մահը, մնում են ազատության մեջ»: Չգիտենք` իր աշխատավարձն Արման Մկրտումյանին փոխանցելու պատրաստակամություն հայտնած իշխանական պատգամավորը պոպուլիզմո՞վ է զբաղվում, թե՞ անկեղծ է արտահայտվում, բայց որ նա հրապարակավ Մկրտումյանին մեղադրում է կաշառակերության մեջ, արդեն իսկ լուրջ մտորումների առիթ է տալիս: Այս հայտարարություններից հետո իշխանությունները կա՛մ Սպարտակ Մելիքյանի դեմ պիտի քրգործ հարուցեն` մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը ստացող դատավորին կաշառակեր կոչելու համար, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը, իր կուսակցի խոսքը ճշմարտություն համարելով, պիտի անհապաղ պաշտոնանկ անի դատարանի նախագահին: Բայց Սերժ Սարգսյանը դեռ առյուծի սիրտ չի կերել, որ պաշտոնանկ անի մի մարդու, ում մատի ցուցումով կարուսելի նման պտտվում է ողջ համակարգը: Դեռ հուլիս ամսին մի քանի տասնյակ փաստաբաններ ինքնաբուխ բողոքի ակցիա էին իրականացրել Վճռաբեկ դատարանի դիմաց` ի պաշտպանություն Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի: Փաստաբանների կարծիքով` Արման Մկրտումյանի պահվածքը պայմանավորված էր նրանով, որ Մնացականյանը Վճռաբեկ դատարանից թույլտվություն չէր ստացել` անձի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու համար, այսինքն` չէր ստացել Մկրտումյանի «դաբրոն» եւ գործել էր օրենքի շրջանակներում: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքով` Հայաստանում ամեն օր տասնյակ չպատճառաբանված որոշումներ են կայացվում, իսկ այս դեպքն առանձնանում էր նրանով, որ դատավորը համարձակվել էր ինքնուրույն գործել: Արդյունքում Սերժ Սարգսյանի հրամանով Մնացականյանը պաշտոնանկ եղավ: Երեւանում ծնված ու մեծացած Մկրտումյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան, իսկ 1988-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, որից հետո աշխատանքի է անցել նույն համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես ասիստենտ, իսկ 1989-ին նշանակվել է ՀԽՍՀ դատախազության քաղաքացիական դատական հսկողության բաժնի պետ, ուր աշխատել է ամբողջ վեց տարի` ձգտելով մնալ աննկատ, աչքի չընկնել որեւէ բանով: Այստեղ նա դատախազների հանձնակատարն էր, նրանց կամքի կատարողը: 1996-ին Հենրիկ Խաչատրյանը նրան իր հետ բերեց Ազգային Ժողով ու նշանակել տվեց որպես իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալ: Հենց հանգուցյալ Հենրիկ Խաչատրյանի միջնորդությամբ էլ 1998-ին դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, ուր պաշտոնավարեց ուղիղ տասը տարի: Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանը պաշտոնական ամբիոնից մի առիթով հայտարարել է, որ ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, մինչդեռ Արման Մկրտումյանը բանակում չի ծառայել: Ստացվում է, որ ՀՀ նախագահի չափորոշիչներով` նա իսկական տղամարդ չէ… Արման Մկրտումյանի առաջին «կարեւոր ձեռքբերումներից» մեկը «Մելտեքս» ՍՊԸ-ի դատական հայցի տապալումը եղավ, իսկ «Մելտեքս»-ը ներկայացնում էր «Ա1+» հեռուստաընկերությունը: Պարզվում է, որ այս դատավորն էլ չի հանդուրժում լրատվամիջոցներին, այդ պատճառով էլ, սկսած 2002 թվականից, նա մշտապես արգելում է լրագրողների գործունեությունը դատական նիստերի ժամանակ: Արման Մկրտումյանը գրողներին էլ չի սիրում, ուստի հեշտությամբ անփոփոխ թողեց նշանավոր գրող Վարդգես Պետրոսյանի դստեր հայցի առթիվ կայացրած որոշումը: Ա.Պետրոսյանը պահանջում էր համապատասխան մարմինների կողմից տեղազննություն կատարել, որի դեպքում պարզ կդառնար, որ հնարավոր է գրողի տան ձեղնահարկն առանձնացնել եւ որպես 1/4 մաս հանձնել իրեն` տուն-թանգարանի վերածելու համար: Մանավանդ, որ Վ.Պետրոսյանը սիրում էր հատկապես տան այդ մասում առանձնանալ ու ստեղծագործել: Հիմա շատերն են խոսում այն մասին, որ Արման Մկրտումյանին պաշտոնանկ անելու համար լուրջ աշխատանքներ է ծավալում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Մկրտումյանի դեմ պայքարի մեջ ներքաշվել են նաեւ նախագահականի մի խումբ երիտասարդ «ինտելեկտուալներ», որոնք կանգնած են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի թիկունքին եւ օրախնդիր են համարում Հայաստանի ամենաբարձր վճարվող պաշտոնյայի հեռացումը զբաղեցրած աթոռից…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս