Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ: Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ ցանկանում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ հանձնել և հայտնել էր, թե որտեղ է թողել հրազենը։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Պահունակով հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Բյուրական գյուղի մի բնակիչ։ Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են պայթուցիչով նռնակների, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների, ինչպես և ինքնաձիգի պահունակի հանձնման դեպքեր։ Ատրճանակների հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Մարտունու և Ճամբարակի բաժիններում։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Կապանի բաժնում։