ԵՐԲ ՄԵՂՍԱԿԻՑԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ, ՔՊ վարչության նախկին անդամ Լենա Նազարյանը երեկ խորհրդարանում իրեն պահեց իր կողմից քննադատված ագրեսիվ պատգամավորների նման։ Նույնիսկ Շմայսը, երբ դահլիճում հայհոյում էր իշխանության ընդդիմախոսներին, հետո ներողություն էր խնդրում։ Լենա Նազարյանը երեկ փորձեց նմանվել Շմայսին, բայց գերազանցեց իր ցինիկ պահվածքով։ Նա վիրավորեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին այն ժամանակ, երբ պատգամավորը քննադատում էր հերոս տղաների դիակների մասունքները պարկերով գետնին լցնելու երեւույթը։ Փոխանակ ներողություն խնդրեր՝ որպես իշխանության ներկայացուցիչ, որ հերոսների աճյունները ճանճերի բաժին են սարքել իր իշխանության անգործության հետեւանքով, որդնել են մասունքները, պատգամավորին վիրավորեց՝ այդ մասին խոսելու համար։

Սա, իհարկե, ոչ թե վիրավորանք էր՝ ուղղված պատգամավոր Թովմասյանին, այլ ողջ հայ ժողովրդին, որի արժանապատվությունը տոպրակների մեջ գետնին լցված է դիահերձարանում։

Երեկ հասարակական, քաղաքական շրջանակները մինչ ուշ գիշեր վիրավորանքներով էին հակադարձում Նազարյանին՝ նրանից բարեկրթության տարրական նորմերի պաշտպանություն ակնկալելով։ Իշխող ուժը լռում էր, ոչ ոք երեկվա դրությամբ չի արդարացրել Լենա Նազարյանի ամբարտավան վարքագիծը եւ ներողություն չի խնդրել զոհվածների ծնողներից։ Մնում է՝ նա ներողություն խնդրի պատգամավորից ու ՀՀ քաղաքացիներից՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը շրիշակից ցածր մակարդակի իջեցնելու համար։

 

 

Փոխանակ ներկայիս իշխանությունները ելքեր մտածեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող  իրավիճակը լուծելու, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, քայլեր են մտածում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավը խոչընդոտելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նպատակով մարզերում նշանակվել են հատուկ անձինք, որոնք պետք է հիմնական մրցակիցների քարոզարշավի ժամանակ ճանապարհներ փակեն, կռվարար կանաց ու տղամարդկանց բերեն, որոնք կփորձեն խոչընդոտել նրանց, եւ տպավորություն ստեղծեն, թե ժողովուրդը, բացի այս իշխանություններից, այլ ուժ չի տեսնում: Օրինակ՝ Շիրակի մարզում այդ հարցերով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն արդեն տարբեր գումարներով ոտքի է հանել մարդկանց եւ պատվիրել, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ Գյումրի գալու պարագայում պետք է բողոքի ակցիաներ լինեն: Այդպես է նաեւ մյուս մարզերում, եւ սպասվում է, որ  քարոզարշավի 12 օրերը կարող են լարված անցնել: Հիշեցնենք, որ քարոզարշավը խոչընդոտելու համար վերջերս ԱԺ-ն օրենքի խստացումներ արեց։ Հետաքրքիր է՝ դա կկիրառեն իրենց կողմից վճարված մարդկանց նկատմամբ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայիս պատգամավորները, ովքեր դուրս են մնացել ՔՊ նախընտրական ցուցակից, աշխատանքի փնտրտուքների մեջ են: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանին իշխանական թեւը խոստացել է վերադարձնել իրավապահ համակարգ՝ Քննչական կոմիտե, կամ, եթե անգամ դա չլինի, կնշանակեն Արարատի փոխմարզպետ: Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ կգնա ու իր փաստաբանական աշխատանքը կշարունակի։ Դերասան Արթուր Մանուկյանն էլ հասկացել է, որ խորհրդարանն իրենը չի, ու վերադառնում է թատրոն՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանն էլ ինքնակամ է հրաժարվել խորհրդարան գալուց, զբաղվելու է գյուղատնտեսական, շինարարական աշխատանքներով: Մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանին էլ իշխանությունը ցանկություն չի ունեցել խորհրդարան բերել, ինչի համար էլ վերջինս միջազգային կառույցներում է փորձելու աշխատանք գտնել եւ վերադառնալ Եվրոպա։ Հովհաննես Հովհաննիսյանն էլ երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե վերադառնում է կրթական համակարգ. թե որտեղ, դեռ պարզ չէ։ Սոս Ավետիսյանի, Համազասպ Դանիելյանի, Գոռ Երանյանի ճակատագրերը դեռեւս անհայտ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Տաթեւիկ Հայրապետյանն ինքնակամ հրաժարվել են ՔՊ-ի ցուցակում լինելուց ու նրանց հետ որեւէ կապ ունենալուց: Ինչով կզբաղվեն՝ դեռ իրենք էլ չգիտեն։

 

 

Հայաստանում բենզինի գները բարձրացել են. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ Պրեմիումը՝ 480 դրամ: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3 եւ 5.4 տոկոսով։ Իսկ, ահա, այս տարվա մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 49.6 եւ դիզելային վառելիքի՝ 38.3 տոկոսով գնաճ: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա: Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 518 դրամ է, վաճառքինը՝ 522 դրամ: Մյուս կողմից՝ զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 627 դրամ, իսկ վաճառքինը՝ 641 դրամ։

 

 




Լրահոս