«ՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ` պարզելու համար, թե ինչ պետք է հաջորդեր զինվորների դիերի պարկերում հայտնված տեսանյութին: Պատգամավորը ներկայացրել է այն իրավիճակը, որն առկա է ՀՀ սահմանին: Անկախ պատգամավորի կարծիքով՝ իշխանությունն այլեւս իրականությունից կտրվել է ու չգիտի, թե ինչ է կատարվում Հայաստանում:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչը պետք է հետեւեր այն բանին, երբ տեսանյութ հրապարակվեց, որ մեր զինվորների դիերը պարկերի մեջ լցված են ինչ-որ տարածքում, ու առողջապահության նախարարն էլ բավարարվեց միայն ներողություն խնդրելով: Ինչի՞ հետեւանք է սա, ու ի՞նչ պետք է լիներ սրանից հետո:

-Իհարկե, անգործության, անտեղյակության, անկարողության հետեւանք է, որի մասին պարբերաբար խոսել եմ ու ասում եմ: Այս խնդիրը նոր չէ: Դեկտեմբեր ամսին Կապան քաղաքում խնդիր էր առաջացել, երբ դիերը բերել ու առանց որեւէ սառնարանային պայմանների լցրել էին ու պատուհաններից այդ հոտը քաղաքում էր լցվել: Քաղաքացիները, քանի որ զինվորների դիեր էին, շատ բան չէին էլ կարողանում ասել, բայց բողոքի ակցիա արեցին, դրանից հետո տեղափոխվեց Գորիս քաղաք եւ այլն: Այս ամենը շատ վաղուց գիտեին իրենք, բայց նորից անգործության են մատնվել եւ քայլեր չեն ձեռնարկել: Արդյունքում հանգեցինք այն եզրահանգման, որը օրեր առաջ տեսանք: Եվ սրան պետք է հետեւեր բացառապես ներկայիս, նախկին նախարարների պատիժները եւ միանշանակ քրեական գործեր հենց իրենց ուղղությամբ, քանի որ սա իրենց թողտվության հետեւանքով է արվել:

-Տեսա՞ք, թե ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ինչպես արձագանքեց այս հարցին: Այսինքն՝ իշխանության դիրքորոշումն այնպիսին է, որ դե բան է, տեղի է ունեցել, իրենք էլ են մարդ, կարող են սխալվել: Այսինքն՝ իրենք նորից իրենց մեղավոր չե՞ն համարում:

-Երբ սխալը մեկ անգամ է լինում, համարում ես մարդկային է, ցանկացած ոք կարող է սխալվել: Երբ սխալը պարբերաբար է եւ ուղղման որեւէ ճանապարհ չի անցնում, սա արդեն միտում է կամ չհասկանալ: Եթե չի հասկանում, ինչո՞ւ է այդտեղ, իսկ եթե հասկանում է, ապա միտումնավոր է եւ պետք է պատժվի: Անընդհատ ասել, որ պատահական է,  դա մի փոքր անհասկանալի է: Ինչպե՞ս կարող է պատահական հերթական  անգամ այս խնդիրը լիներ:

-Ինչո՞ւ է հանրությունը հանդուրժում այս ամենը: Չնայած այս ամեն ինչին, սահմանային լարվածությանը՝ հանրությունը դեռեւս ասում է, որ այս իշխանությունը պետք է ընտրվի:

-Կարծում եմ, որ այս իշխանությունների  պահանջը հանրության կողմից զուտ այն պատճառով է, որ իրենք դիտարկում են նախորդ իշխանությանը որպես մրցակիցներ եւ դրա արդյունքում իրենք նախընտրում են ներկային: Առհասարակ, հանրությունը միայն խոսում է նրանց թալանի  մասին, տնտեսության մասին, բայց որեւէ մեկը չի խոսում այսօրվա թալանի մասին: Ես նյութական թալանի մասին չեմ ուզում խոսել այսօր, այլ խոսում եմ հոգեւոր թալանի մասին, որին որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում: Եթե ամբողջ ազգը սեպտեմբերի 27-ից մինչ օրս ո՛չ քնում, ո՛չ արթնանում է, բոլորը հոգեխանգարման մեջ են, ապա այստեղ ի՞նչ թալան: Արդյոք որեւէ մեկս դեմ կլինեինք՝ թալանեին նյութապես, որը կարող է վերականգնվել, բայց ուղղակի չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում:

-Սահմանային իրավիճակից ի՞նչ սպասել: Այս իշխանությանը չի հաջողվում նույնիսկ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերից դուրս հանել ադրբեջանցիներին: Ի՞նչի սպասել: Գուցե այդ փաստաթուղթը ի վերջո ստորագրվելո՞ւ է:

– Չեմ կարող ասել, թե ինչ սպասել: Մի պահ թվում էր, թե լարվածությունը թուլացել է: Երեկ առավոտյան նորից դեպք տեղի ունեցավ, եւ Պաշտպանության նախարարությունը շատ երկար լռեց, երեկոյան արձագանքեց: Փաստացի  դուրս է գալիս, որ որեւէ մեկս երաշխիք չունենք: Մարդիկ այդ պահին որեւէ քայլ չեն անում զուտ նրա համար, որ ընտրություններն ավելի խաղաղ անցնեն, ընտրություններից հետո իրենց սեւ գործը անեն: Հիմա որեւէ մեկը չի խոսում այդ փաստաթղթի մասին, որեւէ մեկը է՛լ պահանջի չի ներկայացնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀԱԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ պատգամավորի թեկնածուն հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

 

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ հունիսի 2-ին Հայկ Մաղաքելյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրանքով: Մայիսի 26-ին տեղեկանքի տրամադրումը ոստիկանության կողմից մերժվել է: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով ամեն ինչ պետք է ավարտվեր, բայց տեղի է ունեցել ամենազարմանալին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 31-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայկ Մաղաքելյանին ՀԱԿ կուսակցության ցուցակով գրանցել է հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու:

Սակայն իրավապահ համակարգում խառնվել են իրար, թե ինչպես ստացվեց՝ թեկնածուն ընդգրկվեց ցուցակում, երբ նրան ոստիկանությունից մերժել էին: Հայկ Մաղաքելյանին պատգամավորի թեկնածու գրանցելու հիմքը պարզելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որտեղից պարզաբանել են, որ թեկնածուի գրանցումը կատարել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կողմից տրված վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա եւ ոստիկանությանը տրամադրել են տեղեկանքի պատճենը: Եվ, ահա, այստեղից էլ սկսվել է «կռիվ կինոն»: Ոստիկանությունում ուսումնասիրություն է սկսվել, որի արդյունքում պարզվել է, որ պատգամավորի թեկնածուի բնակության տեղեկանքը տրված չէ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, եւ այն ակնհայտ կեղծ է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ

Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնանկում է արձանագրել, բայց, չնայած դրան, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները շարունակում են բարձր մնա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ սննդամթերքը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, թանկացել է 7.5 տոկոսով, բայց այս տարվա ապրիլի համեմատ՝ այն, հակառակը, էժանացել է 1 տոկոսով: Ի դեպ, այս գնանկմանը նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի էժանացումները: Բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում եւս գնաճ է արձանագրվել 6.3 տոկոսի չափով, բայց ապրիլի համեմատ՝ այն 7 տոկոսով էժանացել է: Միայն մրգի շուկայում արձանագրվել է 4.3 տոկոս: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում եւս Վիճակագրական կոմիտեն 1.3 տոկոս գնանկում է արձանագրել: Միայն ձվի գինը նվազել է 4.8 տոկոսով, բայց ձուն այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 46.1 տոկոսով է թանկացել: Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացաբուլկեղենը եւս թանկացել է. 2021թ. մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0.5, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.6, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.7 տոկոս գնաճ:

Իսկ, ահա, մսամթերքը թանկացել է 0.9 տոկոսով: Շաքարավազի գինը եւս բարձրացել է, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1.9 տոկոսով: Յուղերի եւ ճարպերի շուկայում մայիսին ապրիլի համեմատ արձրանագրվել է 3.6 տոկոս: Միայն արեւածաղկի ձեթի միջին գնաճը այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 84.4 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ 6 տոկոս: Ձկան եւ ծովամթերքի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.8 տոկոսով:

 

 

ՎԱՐՈՒՅԹ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կարգապահական վարույթ է հարուցվել սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ: Նշենք, որ Տիգրան Փոլադյանը դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է: Դատական համակարգում տեղեկություններ կան, որ չի բացառվում, որ կարգապահական վարույթը հարուցել են դատական դեպարտամենտի ղեկավարին ճնշելու նպատակով: Նշենք, որ Տիգրան Փոլադյանի կինը նույնպես դատավոր է, նա ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն է, որը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը:

 

 




Լրահոս