Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրեբջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է խորը աշխատանք տանել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծման նպատակով։ Ֆրանսիայի նախագահն Ալիեւին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին եւ ակնկալել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։ Մակրոնը Ալիեւին կոչ է արել նաեւ թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Կարեւոր է պահպանել շրջանի ողջ ժառանգությունն իր ողջ բազմազանությամբ։ Այս առթիվ խորհուրդ եմ տալիս դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը», – ասել է Մակրոնը։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: «Հստակ է, որ Մակրոնը հայամետ քաղաքականություն է վարում: Սա Նիկոլ Փաշինյանի գործոնով չէ պայմանավորված: Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ հանդիպում խնդրեց Ֆրանսիայի նախագահից, Մակրոնը, գիտակցելով, որ Հայաստանը նախընտրական գործընթացի մեջ է, առաջարկեց, որ այդ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին, որպեսզի դրանով Ֆրանսիան չմիջամտի ներքին քաղաքականությանը: Փաշինյանը շատ պնդեց, որ այս հանդիպումը տեղի ունենա արագ, ինչով ցույց տվեց, որ Փաշինյանի շահը չի համապատասխանում Հայաստանի շահին: Ինքն ուզեց օգտագործել Ֆրանսիայի այցելությունը իբրեւ իր քարոզարշավի մաս կազմող ճամփորդություն», – նշեց նա:
Փափազյանը նկատեց, որ Մակրոնը բավական խիստ եւ հասցեական հայտարարություններ հնչեցրեց՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, եւ պետք է վերադարձվեն ռազմագերիները: «Մակրոնը դեռ պատերազմի ընթացքում իր հստակ դիրքորոշումները հայտնել է, հանդես է եկել հայտարարություններով: Մի քանի անգամ նա ընդունել է մեզ եւ հստակ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ու Արցախի հայությանը: Մակրոնը մի քանի անգամ մեզ ասել է, որ ինքը համաձայն չէ եռակողմ հայտարարության բոլոր կետերին, հատկապես՝ Հադրութին ու Շուշիին վերաբերող, հատկապես Սյունիքի միջանցքի ծրագրին, որը պանթուրքիզմի ճանապարհն է: Այդ ամենը կապ չունի ՀՀ վարչապետի՝ Փարիզ այցելության հետ: Սա դիրքորոշում է, որ Մակրոնը միշտ ունեցել է», – հավելեց նա::
Ուշագրավ է, որ 2021 թվականին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Որոտ-2021» հատուկ զորավարժությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Վարժանքներին ներգրավվելու են զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական-հետախուզական շներ։ Զայնետդինովը նշել է, որ հունիսի 1-3-ին Հայաստանում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել վարժական մանեւրների նախապատրաստման շուրջ, որը նախատեսում է Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեւավորում։
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը եւ իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից անգամ դիմում է առկա, պաշտոնական արձագանք չկա:
Ն.Հ.
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2009Թ.-ԻՑ ԱՐԴԵՆ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԷՐ
Արցախյան վերջին պատերազմը լակմուսի թուղթ էր: Պարզվեց, որ 1994թ.-ի հաղթանակից հետո մեր բանակում իրական ռեֆորմներ այդպես էլ չեն իրականացել, պարզ երեւաց, որ լուծված չեն եղել նույնիսկ տարրական հարցեր` ռադիոկապ, զրահաբաճկոն, զինվորական հանդերձանք եւ այլ: Պատերազմի օրերին խառնիփնթոր ձեւով էր շատ բաներ գնվում։ Անմիջապես պատերազմից հետո սոցցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկվել հայ ու ադրբեջանցի զինվորների հանդերձանքների որակի ու տեխնիկական հագեցվածության հսկայական տարբերությունները. անզեն աչքով էլ պարզ էր, որ ադրբեջանցիներն ավելի լավ էին զինված, որ իրենց կառավարությունն ամեն ինչ էր արել իր զինվորի կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար: Ինչեւիցե, պատերազմը ցույց տվեց նաեւ, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից արված հեռահար քայլերը եւս արդյունք տվեցին, նրանք դեռ 2009թ.-ից սկսել էին աշխատել տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու ուղղությամբ ու այս պահին ունեն երեքը, իսկ մենք չունենք եւ ոչ մեկը, ավելին` մոտ ապագայում իրատեսական նման ծրագիր չկա: Հետաքրքրականն այն է, որ այդ արբանյակները ադրբեջանական կողմին բերում են նաեւ հսկայական եկամուտներ, օրինակ` 2013թ.-ին ուղեծիր դուրս բերված Azerspace 1-ի վրա այդ երկիրը ծախսել է շուրջ 202մլն դոլար, իսկ մինչ 2028թ.-ը այդ արբայնակի օգտագործումից ստանալու է 600 մլն դոլարից ավել եկամուտ: Ակնհայտ հետախուզական է ադրբեջանական մեկ այլ արբայնակ` Azersky-ը, այն գործում է 2014թ.-ից ու ի վիճակի է բարձր ճշգրտությամբ դիտարկել շուրջ 6մլն քառ. կմ տարածք: Ամենայն հավանականության հենց այս արբայնակի մասին էր խոսում Ալիեւը, երբ ասում էր՝ իրենք օնլայն ռեժիմով հետեւում էին հայկական զորքի տեղաշարժին: Այս արբայնակն արժեցել է շուրջ 157մլն դոլար եւ դարձյալ բարձր եկամուտներով է աշխատում: Շատ չծավալվելու համար ընդամենը եկեք հիշենք, թե այդ թվականներից կամ, առհասարակ, արցախյան առաջին պատերազմից հետո ինչով ենք զբաղվել մենք։ Ինչպես բազմիս Նիկոլ Փաշունյանն է ասել, դղյակներ, անհատական մեծ հարստություններ ու ցոփ կյանք ինչքան ուզեք, բայց որեւէ խոշոր, թեկուզ շինարարական, թեկուզ տնտեսության որեւէ ճյուղի ծրագիր այդպես էլ չարվեց, նույնիսկ կիսատ մնաց հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Տրամաբանական է, որ բանակի արդիականացման ու տեխնիկական հարստացման հարցերը վերջին 2 տարում չէին լուծվելու, սա վերջին 25 եւ ավելի տարիների անգործության ու բացթողումների արդյունքն էր։ Ինչպես ասում են, ցավոք, ամեն բան շատ բնական էր ու սպասելի, հատկապես, որ հետհեղափսխական Հայաստանում ամեն ինչ արվեց նաեւ բանակը վարկաբեկելու համար։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունը գնալով վատթարանում է. շարունակվում է օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը: Ինչպես ցույց է տալիս Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների վերլուծությունը, օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է: 2018-2020թթ.-ին ներդրումները նվազման միտում են դրսեւորել: 2020թ.-ին, 2019թ.-ի նկատմամբ, ներդրումներն ավելի քան 50%-ով նվազել են: Օտարերկյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը մեծ է՝ 84 % (մոտ 61 մլրդ դրամ)։ 2018 թվականի համեմատ՝ ընդհանուր ներդրումներն աճել են 214 մլրդ դրամով կամ 17.7 %-ով, մինչդեռ ՕՈՒՆ-ը նվազել է մոտ 7.2 մլրդ դրամով կամ 2.5 %-ով։ Իսկ այժմ ներկայացնենք նախկին իշխանությունների ժամանակ առկա տվյալները, որոնց հետ սիրում են համեմատվել ներկայիս իշխանությունները:
ՄԵԿՆԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան (Որոտան, Շուռնուխ) ավտոճանապարհի երկայնքով սահմանային հատվածում տեղակայված անցակետերում հայ եւ ռուս սահմանապահների ծառայության, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող առաջադրանքների առանձնահատկությունների հետ:
ԳՆԱՃՈՎ
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի եւ կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ: Թանկացել են նաեւ ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային եւ այգեգործական գործիքները: Բացի այս, ինչպես եւ կանխատեսում էին մասնագետները, գնաճ արձանագրվել է նաեւ կոշիկի շուկայում 0.5 տոկոսի չափով: Իսկ հագուստի շուկայում թեեւ գնաճ չի արձանագրվել, բայց պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը: Փոխարենը փոքր-ինչ նվազել են բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նյութերի գները 0.3 տոկոսով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 տոկոսով: Ի դեպ, չեն նվազում նաեւ ոսկերչական զարդերի գները. դրանք թանկացել են 0.7 տոկոսով: Իսկ խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0.8, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 1.2 տոկոսով:
ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
«Ես տնտեսագետ չեմ, բայց ասեմ, որ այս օրենքի նախագիծը հակատնտեսագիտական է»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Հովիկ Աղազարյանի խոսքով՝ մոտավորապես մոտեցումն այն է, որ փակենք նման արտադրանք տվող ընկերությունները: «Է դնենք փակենք, գիշերային ակումբները դնենք փակենք, որ չենք կարողանում վերահսկենք մեր անճարակությունից, դնենք այդպե՞ս վարվենք, ո՛չ, պետք է վերահսկենք»,-ասել է նա եւ առաջարկել մեծացնել տուգանքների չափերը տասն անգամ, քսան անգամ: