ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց եւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաեւ ապօրինի վարձատրություն տալու եւ ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:

 

Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Մ-ն, զբաղեցնելով  նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով քաղաքացի Ս.Ս-ի կողմից, առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության եւ պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց պահանջել եւ ստացել է կաշառք:

Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021թ. մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության եւ, առանց  համապատասխան փաստական եւ իրավական հիմքերի, նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ:

Վերոգրյալից բացի, Հ.Մ-ն, տեղեկանալով իր ծանոթի մոր՝ Ա.Վ-ի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաեւ ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով  վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու եւ, ըստ այդմ, պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն տրամադրելու դիմաց ընդունել է խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի մայիսի 26-ին Ա.Վ-ին ենթարկել է առաջնային փորձաքննության եւ, առանց համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման, կազմել եւ իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է վարչական վարույթի՝ բովանդակությամբ կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ փորձաքննության հետազոտման արդյունքներով անձը ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ։

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, հանրային ծառայող Ա.Ա-ն Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչեւ 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:

Հիշատակված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, որոնցով կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված, այդ թվում՝ կաշառք տված, ստացած, նրանց օժանդակած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, եւ զգուշացնում, որ այդ կապակցությամբ ցուցաբերելու է անհանդուրժողական մոտեցում ու հորդորում է ցուցաբերել օրինապաշտ վարքագիծ:

 

 

ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների քրեական գործը վարույթ է ընդունվել. հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Բաքուն նրանց որակում է «դիվերսանտ» եւ մեղադրում «ահաբեկչության, սադրանքների եւ այլ հացանքների» համար: 14 հայի դեմ քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝  դատավոր Աֆղան Հաջիեւի վարույթում: Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա առաջիկա օրերին:

 

Նշվում է, որ Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի եւ մյուսների (ընդհանուր 14 մարդ) նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն, որը նախնական դավադրությամբ կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից՝ հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց համար նախատեսված բաղադրիչների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում), 279.2 (Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, այդ կազմավորումների կամ խմբերի կազմում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների վրա հարձակում) եւ 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի`  նախնական դավադրությամբ անօրինական հատում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:

Հիշեցնենք, որ, հայկական կողմի տվյալներով, Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում շարունակում է պահվել մոտ 200 հայ գերի: Մինչդեռ Բաքուն հայտարարում է, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է՝ եռակողմ հայտարարության համաձայն, իսկ ներկայում պահվող հայ գերիներին համարում է «ահաբեկիչ» եւ «դիվերսանտ»:

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԲԴԽ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը լուրջ խմորումներ է առաջացրել ԲԴԽ-ում:

Մասնավորապես, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, վստահ լինելով, որ Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ վերադառնալը անխուսափելի է, ոչ հաճելի խոակցություն է ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Գագիկ Ջհանգիրյանը պահանջել է դատախազից բողոքարկել Վարդազարյանի մասով որոշումը եւ նրա խափանման միջոց կալանավորման հարցը քննարկել: Դատախազ Արթուր Դավթյանը հակառակվել է նրան՝ նշելով, որ չի պատրաստվում բողոքարկել:

Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, բավարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքը իրեն՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ եւ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել բողոքաբերի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ Վարդազարյանը դատական կարգով բողոքարկել է իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը: Բողոքի հիմքում դրված հիմնական խնդիրներից մեկը Վարդազարյանի՝ իբրեւ դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելուն էր վերաբերում։

Գործող օրենսդրությամբ այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ այն պետք է կարճվի: Ասել է թե՝ ԲԴԽ նախագահին մեղադրյալ ներգրավելու որոշումը պետք է չեղարկվի, եւ քրեական գործն էլ՝ կարճվի:

ArmLur.am-ը դիմել է Գլխավոր դատախազություն պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար: Պատրաստ ենք հրապարակել նրանց պարզաբանումը:

 




Լրահոս