ՀՀ կառավարության նիստին գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թթ. ծրագիրը:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների եւ արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային եւ ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաեւ ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձեւավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները եւ արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Ծրագրում միավորվել են ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման եւ ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը: Ավելացվել է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման եւ ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունը: Ճշգրտվել են նաեւ 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն եւ առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել են ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ բովանդակությունը։
Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաեւ ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրով նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում ՀՀ-ում արտադրվող պտղի եւ հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ եւ հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60?5 հազար տնտեսավարողներ, ընդ որում՝ մեկ տնտեսությանը բաժին է ընկնում 0.1 – 200 հա։ Այգետարածքների մասնատվածության եւ փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ.-ին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518.6 հա ինտենսիվ այգի, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 14.5 հա-ի վրա, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239.4 հա-ի վրա։
ՀԱՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Տավուշի մարզի անտառներում աննախադեպ քանակի ծառահատումներ են կատարվում. դա արվում է իշխող քաղաքական ուժին՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայներ ապահովելու համար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել «Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Երիցյանին, որը երկար տարիներ ղեկավարում է Սեւքարի անտառտնտեսությունը։ Նա ասել է, որ դա սուտ տեղեկատվություն, հերյուրանք է, իրենց մասնաճյուղի համար հատումների տարեկան պլանով նախատեսված, բնակչությանը հասանելիք վառելափայտը չեն կարողանում ապահովել, խոսք չի կարող լինել աննախադեպ ծառահատումների մասին, Սեւքարի անտառտնտսության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են անտառների պահպանության գործը։
Հունիսի 1-ին հայտնի բլոգեր, ռուս-իսրայելական ծագում ունեցող բլոգեր Լապշինը Աճարկուտ գյուղի արածքում՝ դեպի Առաքելոց վանք եւ Սամսոնի կամուրջ գնացող ճանապարհին, հանդիպել էր արգելափակոցի եւ համացանցում հայտնել, թե դեպի հնավայրեր տանող ավտոճանապարհը փակել են, որովհետեւ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը պատմական հուշարձանում քեֆ է կազմակերրպել: Ալեքսանդր Լապշինը համացանցում հայտարարել է, որ այդ պատճառով Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում, եւ այդ մարդկանց պատճառով շուտով Ադրբեջանը կլինի այդ տարածքում։ Սեւքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանի խոսքով՝ արգելափակոցը դրվել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարի շրջանակներում, որպեսզի անտառից փայտ գողացողների ավտոմեքենաների ավտմեքենաները, տրակտորները չմտնեն անտառ։ Նա հայտնել է, որ արգելափակոց փակող-բացող անձը իրենց անտառտնտեսության աշխատող է, նա համր է, երեւի նա եւ Լապշինը իրար չեն կարողացել հասկանալ։ Աշոտ Երիցյանի խոսքով՝ Լապշինը կարող էր հետախոսակապ հաստատել իր կամ Սեւքարի անտառտնտեսության տնօրինությունից որեւէ մեկի հետ, եւ արգելափակոցի հարցը կլուծվեր։ Նաեւ տարակուսելի է, թե ինչու Լապշինին որեւէ մեկը չի ուղեկցել, ով կարող էր օգնել այդ խնդիրը լուծելու գործում։ Աշոտ Երիցյանը հայտնել է նաեւ, որ Տավուշի մարզպետարանի որեւէ պաշտոնյա Սեւքարի անտառտնտեսության տարածք հանդիսացող պատմական հուշարձանում քեֆ չի կազմակերպել, եւ այդ պատճառով դեպի անտառ, պատմական հուշարձաններ տանող ավտոճանապարհը չի փակվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԸՀ-Ն ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է
Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցել են, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ: Այսինքն՝ եթե անձը ունի միայն մեկ անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե անձը ունի վավերականության ժամկետը լրացած անձնագիր, ինչպես նաեւ նույնականացման քարտ եւ բիոմետրիկ անձնագիր, ժամկետը լրացած անձնագրով չի կարողանալու մասնակցել քվեարկությանը:
Եթե անձն ունի երեք վավերական փաստաթուղթ՝ հին նմուշի եւ բիոմետրիկ անձնագրեր, ինչպես նաեւ նույնականացման քարտ, դրանցից ցանկացածով կարող է մասնակցել քվեարկությանը:
108 ՆՈՐ ԴԵՊՔ
Հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222978 դեպք, որոնցից 213813-ը` առողջացած, 4448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 235 առողջացած եւ 2 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1086 է: