«ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ». ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱՆԴՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդոն) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է առաջիկա նորությունների եւ «La casa de papa» հումորային սիթքոմի՝ երկրորդ եթերաշրջան ունենալու մասին:

 

Նշենք, որ դերասանը շուտով կներկայացնի նոր հումորային տեսահոլովակ, այն կոչվում է  «Բա չիմացաք», որի պրեմիերան հունիսի 13-ին:

«Շուտով կսկսենք նկարահանել  «La casa de papa» հումորային սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Աշխատանքներ են տարվում այս պահին հումորային երգի ալբոմի վրա, իսկ թատրոնում ունենք նոր ներկայացումներ: Իհարկե, առաջիկայում սպասվում են նաեւ նոր պրեմիերաներ: Հիմա խաղում ենք  «Կալիֆորնիա», «Կապրիզ մահճակալին» ներկայացումները: Կարող եմ ասել՝ հիմա բուռն ստեղծագործական ընթացքի մեջ ենք, տա Աստված, որ այսպես էլ շարունակենք: Կարծես թե ուզում ենք այսքան դժվարություններից, փորձություններից հետո անցնենք մեր բնականոն աշխատանքային ընթացքին, նոր շնչով նորից սկսենք ստեղծագործել»,- նշել է մեր զրուցակիցը:

Անդրանիկ Հարությունյանը (Անդոն) մեզ հետ զրույցում ընդգծել է, որ մոտ ապագայում հանդիսատեսն իրեն կտեսնի նաեւ  «սթենդ-ափ» հումորային ժանրում:

«Տեքստ դեռ գրվում է, պատրաստ չէ, բայց դա կսկսենք ոչ թե Հայաստանից, այլ  հյուրախաղերից, շրջագայությունից, նոր  վերջում կներկայացնեմ Հայաստանում, իսկ թե երբ են նախատեսվում շրջագայությունները, դրա մասին դեռ ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ դեռ հստակ չգիտեմ: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր ներկայացում է լինելու եւ բոլորի կողմից սիրելի»,- ասել է դերասանը:

Դերասանը մեզ հետ զրույցում անդրադաձել է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ մայիսի 12-ից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմաններից ներխուժած ադրբեջանցիների վերաբերյալ, որոնք մինչ այսօր  դեռ գտնվում են մեր երկրի ներսում:

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել, դրանց մասին խոսել, քանի որ դա շատ լուրջ եւ նուրբ թեմա է, եւ չէի ուզենա մեկնաբանել, բայց, այնուամենայնիվ, մի բան կարող եմ հստակ ասել, որ չէի  ցանկանա նորից պատերազմ վերսկսվեր, նորից անցնեինք այն ամենի միջով, ինչպես անցանք սեպտեմբերի 27-ից սկսած: Ամեն վայրկյան, ամեն րոպե մտածում եմ մեր երկրի, մեր տղաների, մեր զոհված հերոսների մասին: Շատ վատ է, որ մեր երկրի ներսում՝ սահմաններին, նման իրադարձություններ են տեղի ունենում, բայց նորից պատերազմ հրահրել պետք չէ»,-նկատել է նա:

Անդրանիկ Հարությունյանը, այնուամենայնիվ, լավատես է, հավատում է, որ մեր երկրում ամեն բանով շուտով կընկնի իր տեղը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին  ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 




Լրահոս