«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխող խմբակցությունը այլեւս իրավիճակը չի կարող իր բուռը հավաքել։ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի թեկնածությունը։
Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդեւյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» եւ ԱԺ-ին է ուղարկել թեկնածությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հուսադրող բաներ չի ասել դատավորի թեկնածուին։
Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79 -80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։
Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է. ընդամենը 66 կողմ ձայն ստացավ։