Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։ Նախապես հյուրանոցը դատարկել են, աշխատակիցներին ուղարկել տուն, որ նրանք հանգիստ հանդիպեն եւ զրուցեն հյուրանոցի հարկաբաժիններից մեկում։ Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։

Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել եւ իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։ Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջեւան միջանցքին։ Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը՝ Սեւ լճի հատվածից։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջեւան հատվածում։

Սրանով է պայմանավորված, որ հենց Իշխանասարի հատվածում են 3.5 կմ առաջխաղացում ունեցել մեր տարածքում եւ այնպիսի դիրք զբաղեցրել, որտեղից ամենաէֆեկտիվը կլինի ճանապարհի կառուցումը, որը հետագայում փաստացի կկտրի Սյունիքը Հայաստանից։

Մեզ ասացին նաեւ, որ էլիտար հյուրերի հեռանալուց հետո Փաշինյանի աշխատակազմը հյուրանոցի տեսախցիկների դիվիարներն ու սերվերներն է իր հետ վերցրել-տարել, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի։ Այս հանդիպման մասին տեղյակ է նաեւ ռուսական կողմը, եւ ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղեր է տալիս ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս