Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
«Համաձայնագրի կատարման 18 ամիսների ընթացքում արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս»,-ասել է նախարարն ու հավելել, որ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է ապրել 13 տոկոսով:
Նա նշել է, որ Իրանի և միության միջև մանրամասն բանակցություններ են ընթանում՝ համաձայնագրի շարունակականության ապահովման շուրջ:
«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: