Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների մասին։ Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։
Զեկուցվել է, որ մարմինները Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում։ Այժմ մարմինները գտնվում են Մարտունու դիահերձարանում և պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու համակարգի արագ բարեփոխման, անհրաժեշտ մասնագիտական ու աշխատանքային կարողությունների ձևավորման գործում և հանձնարարել պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը։