Ընտրություններին ընդառաջ համայնքի նախկին ու ներկա ղեկավարները հայտնվում են մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Հովակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2002 թվականի նոյեմբերի 13-ից 2016 թվականի հոկտեմբերի 08-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի ղեկավարի, այնուհետև՝ 2016 թվականի դեկտեմբերի 09-ից նույն համայնքի վարչական ղեկավարի պաշտոնները, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2009թ-ի փետրվարի 25-ից մինչ 2016 թվականի հոկտեմբերի 08-ն ընկած ժամանակատվածում շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես․ Գևորիկ Հովակյանը, լինելով որպես Ջրաձոր համայնքի ղեկավար՝ 2009 թվականի փետրվարի 25-ին, Երևան քաղաքի բնակիչ Գևորգ Սերգեյի Մելիքյանի հետ կնքել է գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր, որով վերջինս Ջրաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.680 ՀՀ դրամ վարձավճարով։ Դրանից մեկ ամիս անց՝ 2009 թվականի մարտի 26-ին, 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով Գևորգ Մելիքյանը հիշյալ հողամասից 0,02 հա հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը։ Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել է ալեհավաք կայան։ Հիշյալ գործարքի արդյունքում Գևորգ Մելիքյանը 2009 թվականի մարտի 26-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 08-ն ընկած ժամանակահատվածում ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.583.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Աշոտ Կյուրեղյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի հոկտեմբերի 26-ից 2016 թվականի դեկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Շիրակի մարզի Հողմիկ համայնքի ղեկավարի պաշտոնը, « լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում հեռահաղորդակցության օպերատոր «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության (ներկայումս` «ՄՏՍ Հայաստան ՓԲԸ») կողմից ալեհավաք կայան տեղադրելու և շահագործելու մտադրության մասին, ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի աշխատակից, իրեն ծանոթ Համբարձում Հարութիկի Հալաջյանի քրոջ` Գոհարիկ Հարությունի Հալաջյանի օգտին գործելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես Հողմիկ համայնքի ղեկավար՝ 2009 թվականի ապրիլի 30-ին Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ Գոհարիկ Հալաջյանի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր, որով Գ. Հալաջյանը Հողմիկ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով։ Դրանից 7 օր անց՝ 2009 թվականի մայիսի 7-ին, 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով (ենթավարձակալության պայմանագրի կնքման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել նաև Ա. Կյուրեղյանի կողմից կազմված, բովանդակությամբ կեղծ 07.05.2009թ. թվագրմամբ և թիվ 6 հերթական համարի պաշտոնական փաստաթղթը` գրությունը) Գոհարիկ Հալաջյանը հիշյալ հողամասից 0,02 հա հողատարածքը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը` ալեհավաք կայան տեղադրելու համար և արդյունքում, հիշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել է ալեհավաք կայան, մինչդեռ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով :Նշված գործարքի արդյունքում Գոհարիկ Հալաջյանի ընտանիքը 2009 թվականի մայիսի 07-ից մինչև 2016 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ստացել է 3.646.451 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:
Քնար Մանուկյան