Քարոզարշավ օր 1. որ քաղաքական ուժն ինչ խոստումներ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ եւ ներկայացնել իրենց ծրագրերը:

Ամփոփենք քարոզարշավի առաջին օրը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարորզչություն են իր նկատմամբ: Մեղրիի տարբերակի մասին իր հանդիպումներում վերջին օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է խոսում։ «Հայաստան» դաշինքում հավատացած են՝ երկրում կարող է իրավիճակ փոխվել, իսկ այդ գործում իրենց են տեսնում: Հավատացած են՝ գիտեն ինչպես անել ու գիտակցում են՝ ծանր բեռ են իրենց ուսերին վերցնում, բայց ոչ աթոռի համար, վտահեցնում են, այլ հայրենիքի նկատմամբ ունեցած պարտավորության:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում. մեկը Երևանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երևանի կենտրոնում։

«Մեր հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է: Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո պետք է երկրում միասնականությունը վերականգնվի, ավելին, լարվածությունը այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին, իրենք տանելու են քաղաքացիական պատերազմի, բախումների», – նշեց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Իսկ հետընտրական բախումներից խուսափելու համար «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն ասում է՝ ակնկալում են ընտրողների քվեն, որպեսզի կողմերին համերաշխություն պարտադրեն։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորում առաջարկող «Լուսավորը» համերաշխության մասին է խոսում:

«Անվտանգ և հզոր հայրենիք» կարգախոսով, 30 կետից կազմված նախընտրական ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը ամեն օր կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Հայաստանի անվտանգությունը ապահովող բոլոր համակարգերը քայքայված են, ասում է կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ ներկայացնելով ծրագրում տեղ գտած անվտանգային դրույթները, որոնցից բխում է, թե անվտանգ երկրում ապրելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է․ – «Մաքսիմալ ընդլայնել հարաբերություններն ու կնքել ռազմաքաղաքական նոր պայմանագիր»։

Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավն այսօր սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ և մայրաքաղաք Երևան: Դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը և երկրորդ համար Լևոն Շիրինյանը քարոզարշավի շրջանակներում այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ լռությամբ հարգելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձում Բաբաջանյանը նշում է՝ պայծառ ապագա ունենալու համար պետք է քվեարկել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ քարոզարշավի առաջին օրը սկսել է Արմավիրի մարզ այցելությամբ: Նրան ուղեկցում է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ցուցակի 5-րդ համարը ներկայացնող Խաչատուր Սուքիասյանը, պատգամավորներ եւ այլն: Առաջին կանգառը Փարաքար գյուղում էր: Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո Փաշինյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն հրապարակում հավաքված կանանցից մեկն ինքը սկսեց ելույթը. «Սիրելի վարչապետ, բոլորս քո թիկունքին կանգնած ենք, կլինենք ու կանք, մենք ծախվող չենք, կանգնած ենք թիկունքիդ ազգով»:

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց նախընտրական ծրագիրը ներկայացնելոբվ: « Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալու, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին: Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: Առկա իրողություններում մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին: Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են», – ասված է ծրագրում:

Ն. Հ.




Լրահոս