ՀԱՊԿ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս օրերին լայն թափով ընթանում են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ: ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ: Սա, ըստ էության, ընկալվում է ՀԱՊԿ արձագանք, սակայն ոչ պատշաճ: Զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին անհրաժեշտ արձագանքը չէ։ Ըստ էության, նրանք այս զորավարժություններով ցանկանում են վերջ տալ այն մեծ հարցին, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը: Միեւնույն ժամանակ ակտիվանում է ԵՄ-ն. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում, իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները:  Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքն ավելի վաղ ասել էր, որ իրավիճակին ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այլ միայն ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն իր առաջարկներով հանդես եկել է, եւ դա ճիշտ առաջարկ է: Իսկ անդրադառնալով ԵՄ-ի ակտիվությանը՝ Սկակովը նշեց, որ ՀՀ-ում կայանալիք ընտրություններից առաջ Փաշինյանի այցերը Փարիզ ու Բրյուսել ուշադրության արժանի են, քանի որ դրանց նպատակը կարծես Արեւմուտքի մասնակցությամբ իրավիճակի կարգավորումն է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել: Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել: Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը: Նա տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Նիկոլ Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որեւէ հարցի հետ կապված որեւէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչի պետք է սպասի: Կարելի է ասել՝ իշխանական թեւի շատ ներկայացուցիչներ այս պահին ցայտնոտի մեջ են ու չգիտեն՝ ինչ սպասել. եթե անգամ իրենք վերընտրվեն, ով որտեղ է լինելու: Բանն այն է, որ Փաշինյանը իր թիմի անդամներից ոչ մեկի հետ անկեղծ չէ, ոչ ոք տեղյակ չէ անգամ, թե ընտրություններից հետո Փաշինյանը ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, ովքեր են իրենց դաշնակիցները, ու որ քաղաքական ուժի հետ է Փաշինյանը գաղտնի բանակցում:

 

 

 

Երեկ խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը, եւ այնտեղ  պարզ դարձավ, որ հանձնաժողովի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է՝ Տաթեւիկ Բարսեղյանը, որը, սակայն, չընտրվեց այդ պաշտոնում՝ ստանալով 66 ձայն: Երբ նրա թեկնածությունը ներկայացվեց, պատգամավոր Ավետիսյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե չի մասնակցի հարցի քննարկմանն ու քվեարկությանը՝ դա բացատրելով շահերի բախմամբ: Սակայն այս իրավիճակը, ամեն դեպքում, ուշագրավ է. նրանք հեղափոխությունից հետո՝ հենց առաջին օրվանից, հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բազմաչարչար հայտարարություններ անում, սակայն, որպես հանձնաժողովի թեկնածու, ներկայացվում է պատգամավորի կին, եւ այն էլ՝ մի հանձնաժողովում, որտեղ պետք է նա կոռուպցիա բացահայտի, հայտարարագրերն ուսումնասիրի եւ այլն: Ստացվում է՝ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են, քանի որ եթե իսկապես քո նպատակն այն է, պետք է բերես պաշտոնների անկախ մարդկանց, որոնք որեւէ մեկի հետ շահ չեն ունենա եւ իսկապես անկախ գործունեություն կիրականացնեն: Սակայն ստացվում է՝ սա էլ չի իրականացվում, եւ այժմ պատգամավորի կնոջն ասում են՝ կոռուպցիա բացահայտի: Բացի այդ, հանձնաժողով են գործուղվում նաեւ Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները:

 

 

 

Իշխող խմբակցությունը այլեւս իրավիճակը չի կարող իր բուռը հավաքել։ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի թեկնածությունը։ Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդեւյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» եւ ԱԺ-ին է ուղարկել թեկնածությունը։ «ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հուսադրող բաներ չի ասել դատավորի թեկնածուին։ Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79 -80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։ Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Բաղդասարյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է. ընդամենը 66 կողմ ձայն ստացավ։

 




Լրահոս