Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է Հայաստանի արտաքին գործերին նախարարի հրաժարականի, փոխնախարարների հեռանալու, ինչպես նաեւ Փաշինյանի գաղտնի փաստաթղթի ստորագրման մասին:
-Պարո՛ն Գալստյան, հայտնի է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել, տեղեկություններ կան, որ արդեն փոխնախարարներն են հրաժարական ներկայացրել: Սա ի՞նչի հետեւանք է եւ ի՞նչի կարող է հանգեցնել:
-Անիշխանության հետեւանքով է այս ամեն ինչը, քանի որ այսօր Հայաստանում գործող իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը հասել է զերոյի: Հիշում ենք՝ նախարարն ինչից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին, որը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եւ՛ թե Սփյուռքում մտահոգիչ է: Եթե դեմարկացիա եւ դելիմիտացիա է արվում մի երկրի հետ, որտեղ ապրում է հայ ազգը, Արցախի բնակիչն ու այդ սահմանները սահմանազատման արդյունքում հնարավոր է ճանաչվի Ադրբեջանի սահմանը՝ Հայաստանի կողմից, ապա, իհարկե, դա մտահոգիչ, դավադիր, դավաճանական քայլ է: Հավասարեցվում է դավաճանական քայլի այն դեպքում, երբ այդ նույն մարդը, որն այսօր խոսում է սահմանազատման մասին, ամպագոռգոռ հայտարարում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», հիմա Արցախը քարտեզի վրայից ջնջում է: Դա շատ մտահոգիչ է ոչ միայն արցախցիների, հայաստանցիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների համար, այլ նաեւ մեր հարեւան երկրների համար: Նույն Պարսկաստանը այդ նույն փաստը կընդունի այնպես, որ դրանից հետո հերթական քայլը լինելու է (ինչպես արդեն խոսվում է) Մեղրիի միջանցքի մասին:
-Իշխանությունն ասում է, որ միջանցքի հարց չի քննարկվում, իրենք որեւէ հակահայ փաստաթուղթ չեն ստորագրում: Ի՞նչ կասեք:
-Ես ասացի, որ այսօր Հայաստանում անիշխանություն է, հիմա ՀՀ-ում չկա իշխանություն, ու դա տեղիք է տվել, որ հանրությունը մտածի, որ իշխանության ասածները հավասար է զերոյի: Դրա համար իշխանության ասածներին չեն հավատում, իսկ իշխանության մեջ գտնվողն ով է, օրինակ՝ արտաքին գործերի նախախարը իշխանության ներկայացուցիչ է, եթե նա ասում է մի բան, վարչապետն ասում է մեկ այլ բան, մեկն ասում է՝ այդ թուղթը ստորագրել են, բայց չեն ասում, թե ինչ թուղթ է: Արտաքին գործերի նախարարը այդ ֆոնի վրա դիմում է գրում ու դուրս գալիս աշխատանքից, որին հետեւում են նաեւ իր տեղակալներն ու որոշ դեսպաններ:
-Կարո՞ղ է, Փաշինյանի խոսքով, 100-տոկոսանոց փաստաթուղթ ստորագրվել, որը հայկական շահից է բխում: Կլինի՞ այդպիսի փաստաթուղթ, որը ադրբեջանական կողմը կստորագրի, ինչպես Փաշինյանն է ասում:
-Դատելով Նիկոլ Փաշինյանի 100-տոկոսանոց խոսքին, որն իրականության հետ աղերս չունի, իհաչկե ոչ: Չեմ կարծում, որ Ն. Փաշինյանը հայ ազգի շահերից բխող 100-տոկոսանոց փաստաթուղթ ստորագրի: Տեսանք՝ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը հանրությանը չներկայացրեց ՌԴ նախագահի քննարկված հարցը, որ հոկտեմբերի 19-ին առաջարկել էր պատերազմը դադարեցնել: Ի զարմանս բոլորի՝ տիրապետելով լրիվ ինֆորմացիայի թե՛ առաջնագծից, թե՛ թիկունքից եւ թե՛ քաղաքական գեոպոլիտիկային, նա այդ որոշումը անվտանգության խորհրդին չքննարկեց, եւ որոշում չկայացվեց, որովհետեւ հայ ազգի շահից չէր բխում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած 100 տոկոսը հավասար է զրո տոկոսի: Նրա ասած խոսքերի վրա 0 տոկոս վստահություն է: Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը երդվի, միեւնույնն է, ազգը չի հավատալու:
-Նաեւ հայաստանյան ընդդիմությունն արձագանքեց, որ այս պահին սխալ էր ԱԳ նախարարի կողմից նման որոշում կայացնելը: Բոլորը հեռանում են այն ժամանակահատվածում, երբ ՀՀ-ում պատերազմը չի դադարել, մեզ բանակցող էր պետք: Դուք այս իրավիճակում նման քայլի գնալը սխալ համարո՞ւմ եք:
-Ես հայաստանյան ընդդիմությանն այլ որակում կտամ, քանի որ ընդդիմությունը դիմում է իշխանությանը, ես որակեցի, որ ՀՀ-ում իշխանություն չկա, ապա Հայաստանի ընդդիմությունը չի տարածում, այլ Հայաստանում հայամետ մտածող ուժերն են դա ասում: Եվ այդ հայամետ մտածող ուժերին այսօր իշխանությունը ընդդիմություն է անվանում:
Այսօր հայամետ մտածող իշխանություն պետք է գա Հայաստանին, որպեսզի կարողանանք այս արհավիրքից դուրս գալ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ գյուղում երկու օր առաջ անասուն է անցել թշնամու կողմը: ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ գյուղացիներին հաջողվել է երեկ հետ բերել անասունը: Իսկ, ահա, Դավիթ-Բեկի գյուղապետ Բենիամին Պողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Մարդիկ արդեն հարմարվել են, անհանգստություն կա, դա միշտ կլինի, որովհետեւ սահմանին մոտ ենք: Եթե երազ չենք տեսնում, ուրեմն անհանգիստ ենք (ծիծաղում է-Ս.Հ.)»: Ի դեպ, Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ գյուղում այսօր «Վերջին զանգ» են նշում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շուռնուխի դպրոցն այսօր բաց է թողնելու 5 շրջանավարտ, որից երկուսն, ի դեպ, գյուղապետ Բենիամին Պողոսյանի դստրերն են:
ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆԵԼ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռուստացույց եւ համակարգիչ է վաճառում։ Ասել է թե՝ կոմիտեն սկսել է ազատվել հին, մաշված իրերից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոմիտեն աճուրդի է հանել համակարգիչներ, հեռուստացույց, մոնիտորներ, սեղաններ, աթոռներ։ Օրինակ՝ վաճառքի հանած հեռուստացույցներից մեկը 1984 թվականի արտադրության է, որի մեկնարկային գինը 2560 դրամ է եւ, ըստ կոմիտեի, նորմալ աշխատում է։ Բացի այս, կոմիտեի վաճաքի հանած հեռուսատցույցներից մի քանիսն էլ 1994 թվականի արտադրության են, որոնց գները սկսում են 2000 դրամից։ ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ կոմիտեն վաճառում է հնաոճ, մաշված սեղաններ, գրապահարաններ, բազկաթոռներ, որոնք գտնվում են վատ վիճակում եւ մաշված են։
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կապանի 36-ամյա մի բնակչի՝ 6 խմ փայտանյութով բեռնված «Ամիգո» մակնիշի բեռնատարով հանդերձ: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ 20 օր առաջ Սյունիքի մարզի Ծավ գյուղի անտառում ծառեր էր ապօրինի հատել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 24-ին եւս նույն անտառից ապօրինի հատել էր ծառեր եւ 3 խմ վառելափայտը վաճառել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Քննությունը շարունակվում է:
ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդմանը: «Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը:
Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում եւ հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը եւս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաեւ խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:
16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ մյուս հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ եւ լծակ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։ Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի եւ թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:
Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն առանց որեւէ նախապայմանի»: