ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղում արյունահեղությունը կանգ է առել Կրեմլի վճռորոշ դերակատարության շնորհիվ: Մոսկվան, ի տարբերություն որոշ գործընկերների, պատասխանատու կերպով է մոտենում այս հարցին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում:

 

Սակայն վերջնական կարգավորման մասին Զախարովան նախընտրել է չխոսել, փոխարենն ընդգծել է, որ գործ ունենք տեւական ժամանակ շարունակվող հակամարտության հետ, որը պարբերաբար վերածվում էր ռազմական բախումների, իսկ անցած աշնանը հասել էր թեժ հակամարտության: «Բուն արյունահեղությունը, անշուշտ, հաջողվեց կանգնեցնել` շնորհիվ այն համաձայնությունների, որոնք մշակվել էին անցած նոյեմբերին», – ասել է նա՝  ընդգծելով` դրանց ձեռքբերման գործում Ռուսաստանը ոչ թե պարզ մասնակցություն է ունեցել, այլ վճռորոշ դերակատարություն, նախեւառաջ` ի դեմս նախագահ Պուտինի:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը  պնդել է` Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց դեմ հանելով՝ կան երկրներ, որոնք պարզապես սեփական շահն են հետապնդում. «Նրանք իրենց օգուտն են քաղում, գժտեցնում են այլոց, հետո իբր թե ինչ-որ հաշտարարի դեր ստանձնում, մինչդեռ Ռուսաստանն իր քայլերն անում է՝ ի շահ կարգավորման. հենց սա է պատասխանատու մոտեցումը»:

Զախարովան հայտնել է, թե ռուսական կողմը բանակցություններ ու խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի ու Հայաստանի հետ շուրջօրյա ռեժիմով: «Արտգործնախարարների, դիվանագիտական գերատեսչությունների ու դեսպանատների խողովակներով մենք փոխգործակցության մեջ ենք բառացիորեն ամեն օր: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ Ռուսաստանի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի հանգուցալուծման համար թե՛ հակամարտության թեժ փուլում, երբ իսկապես կանգնեցվեց արյդւոնահեղությունը, թե՛ դրանից հետո», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ի դեպ, խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին` Զախարովան ընդգծել է, որ խոսքը ոչ միայն Մոսկվայի կողմից գործադրվող քաղաքական ու դիվանագիտական ջանքերի մասին է կամ Ռուսաստանի իշխանությունների անձնական ներդրման, այլեւ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների: «Նրանք ամեն օր իսկապես ջանքեր են գործադրում, իրենց հոգին, ունակությունները, պրոֆեսիոնալիզմն ու հմտությունները ներդնում, որպեսզի իրավիճակն այնտեղ չվատթարանա, այլ,  հակառակը, շտկվի», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը՝ շեշտելով, որ դա նախադրյալներ կստեղծի, որպեսզի քաղաքական գործիչներն ու դիվանագետները կարողանան իրականացնել իրենց գործառույթները: «Այդ իսկ պատճառով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում անհնար է գերագնահատել», – նշել է նա:

Անցած տարվա նոյեմբերին, երբ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջնորդությամբ հրադադար կնքեցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ողջունեցին եռակողմ հայտարարությունը, որի մեջ որեւէ խոսք չկար կարգավիճակի կամ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի ու Հադրութի մասին:  Վաշինգտոնն ու Փարիզը միաժամանակ հորդորում են կողմերին օր առաջ վերսկսել բանակցությունները հակամարտության վերջնական կարգավորումը գտնելու համար` Մինսկի խմբի հովանու ներքո: Ավելի քան վեց ամիս է, սակայն այս հորդորները չեն ազդում Ադրբեջանի կոշտ դիրքորոշման վրա, որը պնդում է, թե ղարաբաղյան հակամարտություն որպես այդպիսին այլեւս չկա:

Փաստացի, վերջին պատերազմից հետո բանակցությունները շարունակվում են միայն եռակողմ` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձեւաչափով:

Ն.Հ.

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲՈՂՈՔ

Ադրբեջանը 2-րդ միջպետական բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Արցախում ականապատ դաշտերի եւ չպայթած զինամթերքի քարտեզների տրամադրման հետ կապված, որը Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանին: Այս մասին գրում է minval.az կայքը: Կայքը նշում է, որ համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի կողմից տեղադրված հակահրետանային ականներից ու այլ պայթուցիկ սարքերից ավելի քան 120 մարդ է մահացել եւ վիրավորվել, այս թիվը շարունակում է աճել:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

 

 

ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՎԱՏԱԼ

Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ իրականացվող սոցհարցումներն ու հասարակության տրամադրությունների չափումները մեկ բան հստակորեն ցույց են տալիս. 1991թ.-ից հետո առաջին անգամն է, որ մարդկանց մոտ վստահություն կա առ այն, որ ընտրության ելքը կախված է հենց իրենցից, չկա ընտրությունները կեղծելու ռիսկ ու վտանգ, համենայնդեպս իրականացված ուսումնասիրությունները նման մտավախություն կամ կասկած չեն արձանագրել ո՛չ մարզերում, ո՛չ էլ Երեւանում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոններից մեկի մեր աղբյուրը պնդեց, որ նման իրավիճակ, ըստ էության, արձանագրվել է առաջին անգամ, քանզի թե՛ 91-ին, թե՛ 2018թթ.-ին քվեարկության արդյուքնները կասկածի տակ դնող չի եղել, սակայն գործել է ուժեղ էյֆորիկ ֆոն: Առաջին դեպքում անկախություն ձեռքբերումն էր, երկրորդ դեպքում` 2018թ.-ի հեղափոխությանը հետեւած հասարակական էյֆորիան էր: Հիմա մարդիկ սթափ են ու ամենակարեւորը` հավատում են, որ ամեն բան կախված է հենց իրենցից:  Այսօր հասարակական լայն շերտերի մոտ արդեն արթնացել է այն բարձր քաղաքացիական գիտակցությունը, որ հենց իրենք են որոշողը, թե ով կղեկավարի երկիրը, ու ինչպիսի ապագա կունենա այն։

Շատ է խոսվել, որ, 1996թ.-ից ու 2000 ականներից սկսված համակարգային բնույթ ստացած ընտրակեղծարարությունները,  զեղծարարություններն ու գումար բաժանելու արատավոր պրակտիկան մարդկանց մոտ ստեղծել էին համոզմունք, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն բան որոշված է եւ այլն:

Այսպիսով, մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել՝ հասկանալու համար, թե իրականում ում ձայն կտա հասարակությունը:

 

 

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ

Վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նորիկ Ամիրխանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վարդուհի Եսայանն ազատվել է փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից:

 

 

45 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ

Հայաստանում պետական կառավարման համակարգում նախորդ տարի բաժանվել է 22 մլրդ դրամի պարգեւավճար՝ ներառյալ հարկերը: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա հիշեցրեց, որ բյուջեի կատարողականի մասին քննարկումներում Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին խնդրել է հստակ տեղեկատվություն տրամադրել, թե 2020-ին ինչ ծավալի պարգեւավճարներ են բաժանվել պետական կառավարման համակարգում: Բ. Թունյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության տրամարդած թվերը։ «2020թ. պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, եւ բաժանվել է դրա մոտ 30 տոկոսի չափով՝ 22 մլրդ դրամի պարգեւավաճար, այսինքն՝ 45 մլն դոլար: Ընդ որում՝ այս գումարում ներառված են նաեւ հարկերը, դրանք հանելու դեպքում ստացվում է մոտ 35 մլն դոլար: Ընդ որում, այս գումարը բաժանվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողներին»,- ասել է նա:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։ Նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները՝ Մաժիլիսի նախագահը կարեւորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները Վարդենիսի Վերին Շորժա համայնքի սարերում ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ Համայնքապետը հայտնել է, որ ադրբեջանական կողմում արդեն նկատվում են աշխատող տեխնիկաներ. հիմա ադրբեջանցիներն արդեն մեքենաներով են սարի լանջով շարժվում։ Այն հարցին՝ արդյոք գյուղացիները կարողանում են կենդանիներին տանել արոտավայրեր, միջադեպեր չեն գրանցվում, համայնքապետն ասել է, որ արտովայրերի մեծ մասը հակառակորդի վերահսկողության տակ է, բայց կան որոշ արոտավայրեր, որտեղ կարողանում են իրենց կենդանիներին տանել։

 




Լրահոս