«Մինչ օրս 3500-ից ավել դիակի եւ դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից»,- մամուլի ասուլիսին հայտարարել է Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գեւորգյանը։
«Իմ կարծիքով՝ մեր մասնագիտական բարձր որակավորման եւ պատասխանատվության արդյունքում մենք կարողացանք իրականացնել բարդագույն փորձաքննություններ, որովհետեւ զինվորների փորձաքննությունները սովորական չէին. դրանք ամբողջովին մասնատված, նեխային կազմափոխման ենթարկված դիակներ էին, որոնց փորձաքննությունը պահանջում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերագույն լարում»,- ասել է նա։ «Մենք պատերազմի առաջին իսկ օրվանից ձեռնարկեցինք սառնարանային համակարգերի առկայության խնդրի լուծում։ Գորիսում, Արմավիրի մարզում, Ստեփանակերտում, Մարտունիում մեր հիմնարկի պահանջով ՊՆ-ի կողմից տրվեցին շարժական սառնարանային համակարգեր։ Հպարտությամբ եմ ասում՝ իմ նախաձեռնությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերցրել ենք եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, որը միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար։ Ի փառս այդ համակարգի տիրոջ՝ կարող եմ ասել, որ առանց որեւէ շահախնդրության նա տրամադրեց իր սառնարանային համակարգը՝ մեր զինվորների դիակները պահելու համար։ Նման ծավալ որեւէ առանձին դիահերձարանի սառնարան հնարավոր չէր իրականացնել: Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ: Մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արեւի, կենդանիների կողմից քայքայված դիակների հետ, հուղարկավորված եւ արտաշիրիմված դիակների հետ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ թարմ դիակներ միայն պատերազմի առաջին 1-2 օրերին են եղել: «Մենք ոչ մի հատ թարմ դիակի հետ չենք առնչվել։ Բոլոր դիակները բերել են մեզ մոտ ծայրահեղ ծանր աստիճանի աուտորիտիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի եւ ներքին օրգանների բացակայության, ամբողջովին որդերի թրթուրներով պատված»,-ասել է նա:
Փորձագետի խոսքով՝ դիակների նորմալ պահպանման ջերմաստիճանը 2-6 աստիճանն է:
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանի պնդմամբ՝ սառնարանային պայմանները կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում, երբ դրանք քայքայված են։ «Սառնարաններում պահելն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է, որ մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։ Սառնարանում այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի գործընթաց տեղի չի ունենում։ Սառնարանն ուղղակի դանդաղեցնում է այդ պրոցեսը։ Մենք պահպանում ենք մեր հերոսների դիերը, մասունքները, որոնցում չկան հյուսվածքներ։ Ոսկորներ ենք պահում, առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի եւ 58 անձի մասունքներ։
Դատաբժիշկ Մարինա Բաղդասարյանն էլ նշել է, որ ԱԹՍ-ների հարվածներից այրված ոսկորներ կան, որոնցից ԴՆԹ չի կարող անջատվել։ «Համոզված ենք, որ եթե անգամ դրանք ուղարկենք արտասահմանի մեր կոլեգաներին, որոնք մասնագիտացված են հենց ոսկորների հետ աշխատելու մեջ, չունենք երաշխիք, որ բոլոր ոսկորներից կանջատվի ԴՆԹ։ Գուցե 20-30 տոկոսից անջատվի ԴՆԹ։ Կան ու կլինեն ոսկորներ, որոնցից հնարավոր չէ ԴՆԹ անջատել»,- ասել է նա:
ԴԱՏԱԽԱԶԻՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Արցախի քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը (երկու առանձին հանցադրվագով): Արցախի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի 1996թ. ծնված բնակիչը մեղադրվում է ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են 20-ամյա երիտասարդի եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի եւ «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության եւ գույքի դիտավորյալ վնասման դեպքեր: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (գողություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախության) 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է:
ՄԱՆՐԱՁՈՒԿ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Նախօրեին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել եւ առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ: Ձկները հանձնվել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնից հայտնել են, որ միջոցառումն իրականացվել է Սեւանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։
ՍՊԱՆՈՂԸ ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով ենթադրյալ մարդասպանը, ենթադրվում է, հենց սպանությունը կատարելուց հետո Գյումրու օդանավակայանից լքել է Հայաստանը: Ասել է թե՝ սպանելով Ռաֆայել Մարդոյանի՝ քյավառցի Ռաֆոյի թիկնապահին՝ «թռել է» Հայաստանից, ուստի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հատարարելու:
Նշենք՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երեւանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Ալեքսանդր Բ-ն։ Իսկ դարձյալ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել են նաեւ 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։
Կան հիմնավոր կասկածներ, որ նշված ատրճանակով է Ալեքսանդր Բ.-ն մահացու հրազենային վնասվածք պատճառել Հ. Վարդանյանին։
Ատրճանակը, քննիչի որոշմամբ, առգրավվել է, եւ նշանակվել են դատաձգաբանական, կենսաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերել կարեւոր փաստեր՝ հունիսի 2-ին Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։ Պարզվել էր նաեւ, որ սպանությունը կատարվել էր «Մակարով» տեսակի ատրճանակից։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել էին տեղեկությունները, թե այդ սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ