Երեկ եւս շարունակվել են Այրում քաղաքի մոտ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած մարդկանց որոնողական աշխատանքները, չնայած արդեն տեղեկություններ են տարածվել, որ այնտեղ փրկարարները լայն թափով աշխատանքներ չեն կատարում:Հիշեցնենք, որ Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա, իսկ 5 մարդ դեռ համարվում են անհետ կորած:Երեկ սողանքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին, աշխատանքներին մասնակցում էին Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի փրկարարներ, ինչպես նաեւ Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի 62 զինվորներ: Վերջիններս սողանքի հետեւանքով առաջացած դարավանդում բահերով փոսեր էին փորում` փորձելով գտնել հողի մեջ թաղված մարդկանց եւ մեքենաների: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին զինվորական ուղղաթիռի եւ «կռունկի» միջոցով սողանքի վայրից տարհանվել է 9 մարդատար մեքենա եւ 1 «ֆուռ», իսկ հոկտեմբերի 5-ին` 2 «ֆուռ» եւ 1 «կռունկ»: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ անհետ կորած 72-ամյա Նորիկ Միրզոյանի որդու եւ թոռան հետ: Նորիկ Միրզոյանի թոռը` 15-ամյա լճկաձորցի Նորիկը (պապի անունն է կրում), «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այդ օրը պապիկի հետ խաղողի այգիներից մեքենայով վերադառնում էին տուն: «Էդ տարածքում ճանապարհը փակել էին, որպեսզի ձորից հանեին մի քանի օր առաջ վթարի ենթարկված մեքենան, պապս մոտեցավ` որպես էդ գործերից հասկացող, որ օգնի: Հանկարծ գետինը սկսեց շարժվել, մենք սկսեցինք փախչել: Պապիկի հետ 10 մ միասին վազեցինք: Այդ ընթացքում ես նրան կորցրեցի, այլեւս չտեսա»,-«Ժողովուրդ»-ին պատմեց 15-ամյա Նորիկը: Անհետ կորած Նորիկ Միրզոյանի որդին` Վիգենը, Ռուսաստանի Դաշնությունում լսելով դեպքի մասին, շտապ վերադարձել է եւ դեպքի վայրում ամեն ինչ անում է փրկարարներին օգնելու համար, որպեսզի հարազատ հորը գտնեն: Նա դժգոհեց որոնողական աշխատանքների դանդաղ ընթացքից` նշելով, որ փրկարարները հիմնականում մեքենաների տարհանմամբ են զբաղված. «Եթե այս փրկարարների ղեկավարին մի 20 հազար դոլար փող տանք, կորածներին գտնելու գործը թափով կընթանա»,-սրտնեղած ասաց Վիգենը: Նշենք, որ փրկարարների կատարած աշխատանքներից միայն Վիգենը չէ, որ դժգոհ է: Մի քանի օր նրանց գործողություններին հետեւած մյուս անհետ կորածների հարազատները եւս պնդում են, որ փրկարարները շատ դանդաղ են աշխատում, իսկ երբեմն էլ աննպատակ եւ անկազմակերպ:Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանի հետ: Վերջինս ասաց, որ ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ հաստատվեց Տավուշի մարզում գտնվող ԱԻ օպերատիվ շտաբի հետ, եւ տեղեկացավ, որ վաղ առավոտից այնտեղ գտնվող եւ շտաբի աշխատանքները ղեկավարող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վստահեցրել է, որ որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու մինչեւ վերջին անհայտ կորածի մասին տեղեկությունների ճշտումը:Տեղեկացանք նաեւ, որ օպերատիվ շտաբում էր գտնվում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա տեղեկացրել է, որ այդ պահին աղետի գոտում են գտնվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի եւ նախագծային ինստիտուտների մասնագետներից կազմված խմբեր, որոնք շարունակում են ուսումնասիրել սողանքի վայրը:Պարոն Գրիգորյանը նշեց, որ ժամը 16:00-ի դրությամբ Տավուշի եւ Լոռու մարզերում սողանքի գոտուց դուրս է բերվել ընդհանուր հաշվով 14 ավտոմեքենա:«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, թե անհետ կորած մարդկանց հարազատները բողոքում են, որ փրկարարները նորմալ չեն աշխատում, վերջինս ասաց. «Դա ահազանգ չէ, դա պանիկյոր լրագրողների… որոնք երբեք արտակարգ իրավիճակների բան չեն լուսաբանել… ինչպես նաեւ այն մարդը, որը կորուստ ունի, վայրկյանը դար ա թվում, եւ ով որ չի հասկանում, թե այնտեղ ինչ գործողություն է կատարվում կամ չի ուզում հասկանա, նա ասում ա, որ փրկարարը լավ չի աշխատում, տեխնիկա չկա, էս ա, էն ա եւ այլն, ու որոշ լրագրողներ էլ, կայֆ բռնելով, խորանում են այդ ուղղությամբ»: Մեր այն հարցին, թե ինչու ի սկզբանե աշխատանքների մեջ չներգրավվեց ուղղաթիռը` ավելի արդյունավետ աշխատելու համար, նա նշեց. «Սկզբնական շրջանում գնահատելու խնդիր կար, հետո նոր ձեռնարկել այդ քայլը, ուղղաթիռը մեկ անգամ աշխատեց վերջացավ, հիմա շարունակվում են մյուս ձեւերով»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ