ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բադեյանի» անվան պետական քոլեջում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Բանն այն է, որ Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, բոլորից գաղտնի որոշում են կայացրել քոլեջին նոր ժամանակավոր պաշտոնակատար «կարգել»:
Մելքոնյանն ու Սանոսյանը իրենց «սիրելի» թեկնածուն առաջարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանին ու նրան հրավիրել են քոլեջ: Ու «Վերջին զանգի» օրը քոլեջի անձնակազմի համար անակնկալ Անդրեասյանը ներկայացրել է իրենց նոր տնօրենի Ժ/Պ-ին: Ու քանի որ այն բոլորի համար շոկային է եղել, դասախոսները փորձել են Անդրեասյանին հարցեր ուղղել:
Արամ Մելքոնյանն էլ ամեն գնով փորձել է «փակել» անձնակազմի «բերանները»՝ թույլ չտալով Անդրեասյանին հարցեր ուղղել:
Արամ Մելքոնյանը «բրդել» է դասախոսներից մեկին, որն էլ նկատել է նրա ամուսինը ու վրդովվելով քաղաքապետի պահվածքից ապտակել է Արամ Մելքոնյանին: Այս երեւույթը նախ ամոթալի է քաղաքապետի համար, որը, չգիտես ինչու, որոշել է քոլեջին տնօրեն նշանակել «տալ», երբ ինքը որեւէ իրավունք չունի խառնվելու մրցութային կարգով անձանց նշանակման, թեկնածու առաջադրելու համար: Հարց է առաջանում.
Ո՞վ է քաղաքապետը, որը քոլեջի անձնակազմի հետ խոսում է ուժի դիրքից, «մուննաթով», սպառնալիքով կամ արգելում է փոխնախարարին հարցեր ուղղել:
Ինչո՞ւ է քաղաքապետը չարաշահում իր դիրքերը, ինչու է իր շփման մակարդակը շրիշակից ներքև իջեցրել, որ նրան արդեն հարվածում են իր ոչ քաղաքակիրթ պահվածքի համար:
Սոնա Գրիգորյան