Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:
Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած:
Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել:
Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին:
Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց: