Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են. քարոզարշավ, օր 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ը քարոզարշավի երկրորդ օրն էր եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից շատերը կրկին ակտիվ քարոզչությամբ էին զբաղված: Սակայն ինչպես քարոզչության առաջին օրվա ժամանակ, այնպես էլ այժմ ավելի ակտիվ են մի քանի քաղաքական ուժեր:

Այս ընտրությունն անձերի կամ քաղաքական ուժերի մասին չէ, այլ այն մասին՝ ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել, Գորիսում նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարեց ՀՅ Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քարոզարշավը սահմանամերձ Սյունիքից սկսած նախկին նախագահը խոստանում է, թե իրենց իշխանության գալու դեպքում լուծվելու են երկրում առկա բոլոր խնդիրները․ -«Մենք ուզում ենք ունենալ ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը»։

Խոստումներից բացի «Հայաստան» դաշինքը ընտրողներին նաև ժամկետներ է ներկայացնում, թե երբ են ավարտվելու այս կամ այն ծրագրերը։

Սիսիանում Քոչարյանը կրկնեց նախորդ հանդիպումներում հնչեցծրած միտքը, թե իրենք ունեն բավարար գիտելիք ու փորձ․  «Ո՞ր քաղաքական ուժը ունի բավարար փորձ, բավարար գիտելիքներ, բավարար վճռականություն և կամք։ Եվ իմ դիմումս հետևյալն է՝ մենք այդ որակները ունենք․ երբեք չենք ստել, ինչ խոստացել ենք, արել ենք»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 9-րդ համարի քվեաթերթիկով մասնակցող «Լուսավոր Հայաստանը» նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Երևանի Մալաթիա-Սեբաստիան վարչական շրջանում՝ շրջելով փողոցներով ու բակերով։

Մինչ այդ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում, գնահատելով քարոզարշավի մեկնարկն, ասաց՝ իրենց թեզերը ճիշտ էին՝ միմյանց ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու մասին քաղաքական ուժերի հայտարարությունները մտահոգիչ են:

«Ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ մեկին ոչնչացնել, էն մյուսն ուզում է օգնել ոչնչացնողին, որ ավելի լավ ոչնչացնեն: Ասուլիսի ժամանակ բաժանեցի մոտավորապես այս մասնակից դերակատար ուժերին, այսինքն՝ նախկին իշխանություններ, գործող իշխանություններ և երկու կողմերին օգնող բևեռներ, մասնակիցներ: Այսինքն՝ որ ասում են՝ Քոչարյան ջան, եթե թոկ չունես, թոկ տանք կախելու համար, կամ՝ Փաշինյան ջան, ոտնատակ տալուց պետք է մենք էլ գանք ոտնատակ տանք: Երկու մասի են բաժանվում և այս կենտրոնում միայն տարբերվող, միասնականության ուղերձ տվող ուժը էլի մնում է «Լուսավոր Հայաստան»-ը», – նշեց Էդմոն Մարուքյանը:

Ընտրություններից հետո լինելու են քաղաքական և քաղաքացիական վենդետաներ։ Քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով՝ տեղեկություն ունի, թե որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։

Փաշինյանը խոստացավ՝ այդպիսի ղեկավարները կենթարկվեն ամենադաժան վենդետաների՝ ոչ ֆիզիկական. «Այդ համայնքների ղեկավարները, կարճ ասած, ռադ են ըլնելու, և այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ: Եվ դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ով, ժողովրդի ներողամտությունից օգտվելով, երեք տարի գործել են ժողովրդի դեմ։ Բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկել է ժամը 15:00-ին՝ Սևան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք եղել են Գավառում: Ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետև շրջելու են տարբեր գյուղերով:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք անցկացրեց, որտեղ ներկայացրեց իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:

«Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Երևանում, այս անգամ մեկնարկել են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջել են Երևանի տարբեր փողոցներով:

Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձևաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով ներկայացրեց իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ հանդիպեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Ն.Հ.




Լրահոս