ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` օրերս Ֆրանսիա եւ Բելգիա կատարած այցերին` հրապարակելով «Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդվածը:

 

Տարասովը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը միանգամից երկու եվրոպական մայրաքաղաք` Փարիրզ եւ Բրյուսել, ոչ միանշանակ արձագանք են առաջացրել Հայաստանի, Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների վերլուծական հանրության շրջանում, որտեղ ուշադիր հետեւում են Անդրկովկասում իրադարձությունների զարգացմանը:

Ընդ որում, ըստ Տարասովի՝ արվող եզրակացությունները բավականին տարբեր են, սակայն ունեն մեկ ընդհանրական գիծ՝ առ այն, որ Եվրոպայում Փաշինյանի հայտնվելը  կապված է Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներով, որոնք վերաբերում են հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Երկիրը ծանր օրեր է ապրում. հանրությունն ու քաղաքական ուժերը փորձում են իմաստավորել այն, ինչ երկրում կատարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-ՌԴ եռակողմ հայտարարության ստորագումից ի վեր: Ոչ վաղ անցյալում Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ էին՝ ԼՂ-ի շուրջ տարածքային կորուստների հանգեցրած համաձայնագրի պատճառով Փաշինյանի հրաժարականի պահանջով: Բարդ գործընթացներ էին ընթանում նաեւ ընդդիմադիր ճամբարում»,- գրում է Տարասովը` հիշեցնելով 17 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան: Հեղինակը նշում է, որ այժմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ստեղծել են նախընտրական դաշինք, որը կայանալիք ընտրություններում կլինի գործող իշխանության գլխավոր մրցակիցը:

«Ընդ որում, մինչեւ վերջերս որեւէ քաղաքական ուժ Հայաստանում հանդես չէր գալիս նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ եւ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը կողմ: Սակայն Սյունիքում սահմանային ճգնաժամից հետո նոր կարեւոր նրբություններ են ի հայտ եկել:

Հայաստանը կրիտիկական է ընդունել Մոսկվայի արձագանքը, որն ուղղված էր Հայաստանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն, մինչդեռ այս ուղղությամբ զգալի ակտիվացել է Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Ֆրանսիան կարող է աջակցություն ցուցաբերել Երեւանին հարցը ՀԱՊԿ տիրույթից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար: Իր հերթին Փաշինյանն առաջարկել է ՌԴ-ից եւ այլ երկրներից դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ, նրա խոսքով, պահպանվում է «լարված մթնոլորտ»: Սկսեցին խոսել այն մասին, որ, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության կարգադրությամբ, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները մտադիր են այցելել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան` նպատակ ունենալով հստակեցնել հետպատերազմյան ժամանակահատվածում գործողությունների ծրագրերը: Դեպքերի նման զարգացումն օբյեկտիվորեն Հայաստանում դիմակայող կուսակցությունները բաժանել են երկու ճակատի` ռուսամետ եւ արեւմտամետ: Հենց այս համատեքստում են Փաշինյանի այցերը Փարիզ եւ Բրյուսել տրամաբանական թվում:

Եվ այստեղ նորից շատ կարեւոր նրբություն է: Թուրքական HabertՖrk պարբերականի գնահատմամբ` «չնայած Փաշինյանը եւ այլ պաշտոնատար անձինք որոշ կտրուկ հայտարարություներ են անում, նրանք իրականում ցանկանում են պահպանել Բաքվի հետ երկխոսության հիմքը` դրան տալով «սահմանային տարածաչափություն», ինչը ներառված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում` չնայած որ Ռուսաստանը Բաքվին եւ Երեւանին առաջարկել է հանձնաժողով ստեղծել»:

Իսկ եթե վերադառնանք Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններին, որոնց մանրամասներն անհայտ են մնացել, ապա հանրային տիրույթում ամեն ինչ անցավ առանց սենսացիաների: Բայց ինչպես էլ որ լինի, ըստ նախանշանների, Հայաստանում կայանալիք ընտրական քարոզարշավը կունենա Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ աշխարհաքաղաքական դիմակայության նկատելի նրբերանգներ: Առաջինը տարբերակներ է փնտրում ինչ-որ մեկի միջոցով Հայաստանում ՌԴ-ի դիրքերը հավասարակշռելու համար: Կստացվի՞ նրա մոտ»,- եզրափակել է Տարասովը:

 

 

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՅԻՆ ԲՈՒԺՎՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 

Երիկամային անբավարարության պատճառով հեմոդիալիզային բուժում ստացող հիվանդների քանակը Տավուշի մարզում ավելացել է։ Մարզի բժշկական կենտրոններից  հեմոդիալիզային բուժում իրականացվում է  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,  նկատի ունենալով այդ հիվանդների թվաքանակի աճը,  նրանց անհետաձգելի բուժումը Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնում կազմակերպելու համար նշված բժշկական կենտրոնի տնօրինությանը թույլատրել է  իրականացնել հեմոդիալիզի լրացուցիչ երկու սարքավորման եւ ջրի մաքրման սարքի (օսմոսի) մեմբրանի էլեմենտի գնում։

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ

Հունիսի 3-ին՝ Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների  հետ  հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան»  դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քննադատել է  Հայաստանի գործող իշխանությանը: Ի  թիվս այլ հարցերի՝ անդադարձել է նաեւ  համայնքների  խոշորացման գործընթացին՝ նշելով, որ իրենց՝ իշխանության գալուց  հետո այդ գործընթացը դադարեցվելու է։ Տավուշի  մարզի  չորս տարածաշրջաններից համայնքների  խոշորացում  կատարվել է Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում, ձեւավորվել է Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի  վեց գյուղերը միավորող Դիլիջան խոշոր համայնքը։ Բերդ քաղաքը եւ այդ տարածաշրջանի տասնվեց  գյուղերը միավորվելով ձեւավորվել է  Բերդ խոշոր համայնքը, Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ ութ  գյուղերը միավորվելով ձեւավորվել է Նոյեմբերյան խոշոր համայնքը, Կողբ եւ Զորական գյուղերը միասին կազմել են  Կողբ խոշոր համայնքը, Այրում քաղաքը եւ Դեբեդի հովտի վեց գյուղերը ընդգրկվել են  Այրում խոշոր համայնքում։ Իջեւանի տարածաշրջանում, որն ընդգրկում է Իջեւան քաղաքը եւ այդ տարածշրջանի տասնութ գյուղերը, համայնքների խոշորացում չի եղել: Այդ գործընթացը հետաձգվեց  կորոնավիրուսի համավարակի, ապա Արցախում տեղի ունեցած պատերազմի պատճառով։ Վարդան Ղալումյանի՝ Իջեւանի քաղաքապետի պաշտոնից  հրաժարականից  հետո՝ 2019թ. սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ՝  Իջեւան  համայնքի ղեկավարի պաշտոնակատար  նշանակվեց  Ն. Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա դասընկեր Հայկ Ղալումյանը, որը 2021թ. ապրիլի  8-ին Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Տավուշի մարզպետ։  Ն. Փաշինյանի ապրիլի 8-ի որոշմամբ՝  Իջեւան  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արթուր Ճաղարյանը, որը 2015-2021թվականներին  եղել  է Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով:

 

Այս մասին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն է ասել: Ըստ  նրա՝ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: «Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաեւ ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի՝ եւ՛ էլեկտրոնային, եւ՛ թղթային: Փոփոխությունները եւ՛ 12-րդ դասարանին են վերաբերում, ե՛ւ 9-րդ: Երեխան կունենա կոդ եւ դրանով կկարողանա մուտք գործել e-verify պետական հավաստված կայք: Եթե անհրաժեշտություն կա, ապա կտպի իր փաստաթուղթը: Եթե դրսում ինչ-որ մեկը կուզենա հավաստիանալ փաստաթղթի իսկության հարցում, ապա համակարգից հնարավորություն կունենա այն ճշտել»,-ասել է Արտակ Պողոսյանը:

Պիլոտայինից հետո, Արտակ Պողոսյանի կարծիքով, այլեւս թղթային տարբերակով ավարատական փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ: Համակարգը կամաց-կամաց ընդլայնվում է: Արտակ Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կադաստրի սեփականության վկայականն է, քաղաքացիական ակտերի գրանցման փաստաթղթերն են, հաջորդ տարվանից դպրոցների ավարտական ամբողջ փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային: Նախատեսվում է աշխատել նաեւ միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական դիպլոմները թվայնացնելու ուղղությամբ: Մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:

«Դա հնարավորություն կտա խուսափել մի շարք խոչընդոտներից՝ սկսած փաստաթուղթը կորցնելուց ու նորը ձեռք բերելուց, կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ չեն կարողանա գրանցել ավարտական փաստաթուղթ թղթային տարբերակով: Սրանով կեղծ դիպլոմների շրջանառության խնդիրն ենք լուծում: Դրանից բացի, դիպլոմը կորելու դեպքում անձը ստիպված չի լինի երկար վարչական ճանապարհով անցնել, որպեսզի վերականգնի իր ավարտական փաստաթուղթը: Ծախսերի տեսանկյունից նույնպես շատ արդյունավետ է: Տարեկան առնվազն 20 մլն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է չանել եւ տրամադրել այլ ծախսերի համար»,-հավելեց Արտակ Պողոսյանը:

 

 




Լրահոս