Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ` արոտավայրերում, ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ինչ ուղղությամբ են շարժվում, ինչ նպատակով եւ ինչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն՝ լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ.
Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով:
Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար, մի քանիսից մինչեւ մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով, իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը, եւ որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսեւորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում եւ դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը:
Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ինչ ուղղությամբ են շարժվում, ինչ նպատակով եւ ինչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։
Բացի այդ, Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարեւանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են եւ բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով՝ սպառնում են, իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո:
Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, եւ բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաեւ գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլեւս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել: ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝
1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ,
2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:
Այս ամենը հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրություններով:
Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել եւս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, եւ գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենը է՛լ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձեւավորվում են ոռոգման եւ խմելու ջրերը:
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով: Չի կարող պետության սահմաններին վերաբերող որեւէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:
Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»:
ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին եւս կդիահերձեն: ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը:
72 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223050 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1096581, վերջին մեկ օրում` 3569 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ. մեկ օրում նվազել է 180-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 214059 անձ, վերջին մեկ օրում՝ 246 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4452 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1088 է: