«ԾԱՂԻԿՆԵՐ՝ ՁՅԱՆ ՏԱԿ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծաղիկներ՝ ձյան տակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանն այսօր՝ հունիսի 5-ին, ավարտվում է։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախագծի ժամանակավոր ավարտի, Եգիպտոսում անցկացրած դժվար նկարահանումների եւ այլ հետաքրքիր դրվագների մասին:

 

«Առաջին եթերաշրջանի ավարտն այն պատճառով է, որ հունիսին «Արմենիա TV»-ն սկսում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրությունը։ Մենք կվերադառնանք եթեր ֆուտբոլի ավարտից անմիջապես հետո`  հուլիսի 13-ից: Հատուկ կազմակերպել ենք այնպես, որ ֆուտբոլասեր հասարակությունը կարողանա հանգիստ վայելել խաղերը, եւ նրանց ընտանիքներում էլ կռիվ չգցենք»,- կատակով հայտնել է նա։

Ելենան խոստանում է, որ «Ծաղիկներ` ձյան տակ»  հեռուստասերիալն ավարտվելու է շատ հետաքրքիր տեղում, որպեսզի հեռուստադիտողն էլ ավելի անհամբերությամբ սպասի երկրորդ եթերաշրջանին. «Ամեն դեպքում դադարից հետո պետք է նոր թափով վերադառնալ. պրոդյուսերը սա շատ լավ է հասկանում եւ խոստանում է հետաքրքիր փոփոխություններ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողի օրն է՛լ ավելի հետաքրքիր դարձնենք, ինտրիգային եւ, ամենակարեւորը, հիշվող»։

«Շատ հաճախ մեր հեռուստադիտողներին  թվում է, թե նկարահանումները իրականացվում են շատ հեշտ՝ առանց դժվարությունների, բայց երբ առիթ են ունենում անձամբ ծանոթանալու նկարահանումներին, հասկանում են, որ  բավականին դժվարին եւ շատ ժամանակ պահանջող պրոցես է: Ամեն նկարահանման օր անցնում է շատ հետաքրքիր, որոնց մասին չէի ցանկանա հրապարակային խոսել, քանի  որ մեր նկարահանող խումբը փոքրիկ ընտանիքի պես է, եւ ինչպես ընտանիքում, այնպես էլ մեզ մոտ ե՛ւ կոնֆլիկտներ են տեղի ունենում, ե՛ւ ջերմ պահեր»,-նշել է նա:

Ելենա Արշակյանի խոսքով՝  հեռուստասերիալի նկարահանումները կատարվել են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ Եգիպտոսում եւ Մոսկվայում, որը հեռուստադիտողը կտեսնի երկրորդ եթերաշրջանում. «Ով կասի, որ Եգիպտոսում նկարահանումներ իրականացնելը հեշտ է, ես, իմ փորձից ելնելով, կհակադարձեմ, քանի որ շատ բարդ է այնտեղ նկարահանումներ կազմակերպելը, հատկապես՝ Շառմ էլ-Շեյխում: Բավականին դժվարին եւ եկարատեւ ստուգումներից հետո ի վերջո մեզ հաջողվեց անել նկարահանումները: Անվտանգության աշխատակիցները հաճախակի մեր հետեւից շրջում էին, մանրազնին ստուգումների էին ենթարկում, բայց քանի որ մեկ անգամ արդեն փորձ ունեինք, կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները»:

Եգիպտոսում նկարահանումներին Ելենայի հետ մեկնել էին գլխավոր հերոսների դերակատարները` Նորայր Եղյանն ու Ռոմելա Սարգսյանը։

Ի դեպ, Նորայրը երկրորդ անգամ է ճանապարհ գնում Ելենայի հետ։ Նա նաեւ սերիալի` Մոսկվա մեկնած կազմում էր։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԳՅՈՒՐՋԻԵՎ» ԱՆՍԱՄԲԼԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

«Գյուրջիեւ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Լուոն Էսկենյանն է, եւ Դիզիվի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը եւ խմբավարը Մարինե Ալավերդյանն է, Երեւանում կներկայանան համերգային ծրագրով:

 

«Գյուրջիեւի երաժշտությունը» խորագրով երեկոն տեղի կունենա հունիսի 10-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Գյուրջիեւի մեղեդիները, որոնք հիմնված են Արեւելքի տարբեր ազգերի ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել նրա աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Այդ գրառումներից մի քանիսը ժողովրդական նվագարանների համար մշակվել եւ վերագործիքավորվել են Լեւոն Էսկենյանի կողմից: Համերգի ժամանակ առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորված ստեղծագործություններ։

Միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիեւ» անսամբլը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից: 2008 թվականին  այն հիմնադրել է Լեւոն Էսկենյանը` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց եւ երաժիշտ Գ. Ի. Գյուրջիեւի երաժշտությունը, այնուհետեւ ծրագիրը ընդլայնել Կոմիտասի, հայ հոգեւոր եւ աշխարհիկ, աշուղական, ինչպես նաեւ ժամանակակից երաժշտությամբ։

Հեղինակավոր ECM Records-ի հրատարակած Music of Georges.I. Gurdjieff դեբյուտային ալբոմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին ECM Records-ի թողարկած Komitas ալբոմն ընդգրկվել է 10 լավագույն ալբոմների շարքում աշխարհի մի շարք առաջատար ռադիոկայանների կողմից:

Անսամբլը ելույթ է ունեցել 26 երկրի (Եվրոպա, Ավստրալիա, Միջին Արեւելք, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա) հայտնի փառատոններում եւ ամենահեղինակավոր դահլիճներում։

 

 

 

ԹԱՐՄԱՑՐԵԼ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի A Սերիայում հանդես եկող ակումբների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Հռոմի «Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է 5 միլիոն եվրոյով եւ կազմում է 15 միլիոն: Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Transfermarkt-ում հայ կիսապաշտպանի ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 37 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջեւնախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը: 32-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) եւ նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող: Հայ կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի եւ դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:

 

 

ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

11 քաղաքներում հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրո-2020-ի ամենատարեց ֆուտբոլիստը Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգն է: Եվրոպայի առաջնության մեկնարկի օրն Ամստերդամի «Այաքսի» ներկայացուցիչը կլինի 38 տարեկան: Երկրորդ տեղում է Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Կրեյգ Գորդոնը (38 տարեկան, 173 օրական), իսկ Պորտուգալիայի հավաքականի եւ «Պորտուի» պաշտպան Պեպեն երրորդն է (38 տարեկան, 116 օրական): Հնգյակում են նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Գորան Պանդեւը (37 տարեկան, 330 օրական) եւ Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուրի Ժիրկովը (37 տարեկան, 306 օրական):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով եւ կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սեւիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

 




Լրահոս