Գելլափի հարցումներին երբեք չեն վստահել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Չնայած Gallup International Аssociation-ը պարբերաբար հարցումներ է իրականացնում Հայաստանում, սակայն հայ հանրության շրջանում մշտապես ոչ միանշանակ են ընդունվել հանրային կարծիքի մասին հարցումների արդյունքները, հատկապես՝ նախընտրական շրջանում։

Հայաստանում Gallup International Аssociation-ը գործակցում է MPG LLC (Marketing Professional Group) «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետ 2011 թ.-ից։ MPG-ն իր հերթին պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, ե՛ւ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։ Վերջինս այս տարիներին աչքի է ընկել միայն նրանով, որ հարցումների արդյունքները հարմարեցնում է իշխանությունների քմահաճույքների հետ, այլ ոչ թե ըստ իրականության: Այսինքն՝ լիովին վստահել այս հարցումներին թերեւս չենք կարող:

Օրինակ՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, 2015թ․-ին խիստ քննադատում էր նրանց հարցումը սահմանադրական փոփոխությունների շուրջ եւ անվանում այդ կազմակերպությունը «ֆեյք»՝ պնդելով, որ նրանք կեղծ հարցումներ են կազմակերպում աշխարհի տարբեր մասերում։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ժամանակին այս կազմակերպությունն անվանել էր նախկին իշխանությունների «դուստր ձեռնարկություն»։ Ընդդիմադիր մամուլը եւս Հայաստանում իրականացրած նրանց հարցումները բազմիցս կասկածի տակ է դրել։

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա» կազմակերպությունը հաճախ մարդկանց թյուրիմացության մեջ է գցում իր անվան պատճառով: Աշխարհում հայտի են երկու ընկերություն նմանատիպ անվանումով, ավելի հայտնի է ԱՄՆ-ում գրանցված Gallup Inc-ը, որը համարվում է սոցիոլոգիական հարցումներ անող ամենավստահելի ընկերություններից մեկն աշխարհում։ Ինչ վերաբերում է Gallup International Аssociation-ին, ապա այն գրանցված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։

Սա փաստացի ոչ թե ընկերություն է, այլ ասոցիացիա (ցանց), որի անդամ են տարբեր երկրներում գործող եւ մարքեթինգային հետազոտություններ իրականացնող ընկերություններ։
Որոշ երկրներում «Gallup International Аssociation»-ի գործընկեր կազմակերպությունները պարտավորված են նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup Inc․-ի հետ, օրինակ՝ Պակիստանում։ Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ, եւ MPG-ն շարունակում է մարդկանց թյուրիմացության մեջ գցել «Gallup» անունով:

Եվ չնայած Արմեն Գրիգորյանը նախկինում մեղադրում էր այս կազմակերպությանը, սակայն հիմա ՔՊ-ի թիմը կիսվում է «Գելափ» -ի հարցումներով, այսպես ասած, հպարտանում, որ հարցումներով առաջատար է: Իսկ Արամ Նավասարդյանն էլ, որ նախկինում հարցումներ էր նկարում նախկին իշխանությունների համար, հիմա նույնը անում է ներկայիս իշխանությունների համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս