ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ. SHOW MUST GO ON

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, եւ քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ եւ ներկայացնել իրենց ծրագրերը:

Փորձենք ամփոփել քարոզարշավի առաջին օրը. ինչպես եւ սպասելի էր, ուշադրության կենտրոնում ընդամենը մի քանի ուժերի քարոզարշավն էր, չնայած ընտրությանը մասնակցում է 26 ուժ։ Լրատվադաշտի կենտրոնում է իշխող թիմը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, ԲՀԿ-ն, նաեւ ինչ-որ չափով ՀԱԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», մյուս ուժերին անդրադարձ ավելի քիչ է լինում. դա պայմանավորված է  այն հանգամանքով, որ այդ ուժերն են պասիվ։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարոզչություն են իր նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում քարոզարշավ՝ մեկը Երեւանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երեւանի կենտրոնում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Աբովյան քաղաքից. բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավը երեկ սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ եւ մայրաքաղաք Երեւան:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Առաքելություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունների միջեւ թշնամանքն է՛լ ավելի է խորացել, եւ այն պատգամավորները, որոնք «Առաքելություն»  կուսակցությունից են եւ այժմ հանդիսանում են «Իմ քայլը»  խմբակցության անդամներ, առիթը բաց չեն թողնում ամենուր հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ վատ է վարվել, չի գնահատել նվիրվածությունը: Պարզվում է՝ նոյմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից հետո «Առաքելության»  պատգամավորները ցանկացել են լքել խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը «Առաքելության»  ղեկավար  Մեսրոպ Առաքելյանին համոզել է պահել իր թիմին «Իմ քայլը» խմբակցությունում, բայց 6  ամիս անց դրժել է նաեւ այդ խոստումը։ Երբ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոններ է ցանկացել՝ ասելով, թե պետք է կոալիցիա կազմել, մերժում է ստացել։ Հիշեցնենք, որ «Առաքելություն»  կուսակցության պատգամավորներն են՝շ Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը , Եղիշե Սողոմոնյանն ու Կորյուն Մկրտչյանը։

 

 

ՀՀ իշխանությունները նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար. նրանք հանրության շրջանում տարածում են լուրեր, թե ընդդիմադիրները (նախկին իշխանությունները) մեծ գումարներ են բաժանելու քաղաքացիներին ընտրություններից առաջ, հիմա ցուցակագրման գործընթացն է: Ու միաժամանակ բոլոր քարոզչամեքենաներով հիշեցումներ են ապահովում, թե ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հոդվածներ. 1.քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից – քր. պատիժ՝ 5 տարվա ազատազրկում: 2. Ընտրակաշառք տալ – 7 տարվա ազատազրկում: 3. Ընտրակաշառք վերցնել – 3 տարվա ազատազրկում: Այս ակցիան արվում է մեկ նպատակով. ընտրության նախօրեին ընտրակաշառքի սպասող քաղաքացիների հիասթափություն՝ չստացված ընտրակաշառքի համար: Իսկ իրականում բոլորն իրապես խոսում են, որ ընտրակաշառք են բաժանում, բայց որեւէ կոնկրետություն այդպես էլ չի ուրվագծվում՝ ով, որտեղ, որքան ընտրակաշառք է բաժանում կամ ում է բաժանում, ում միջոցով: Միայն խոսքեր՝ քաղաքացիների մոտ սպասում առաջացնելու եւ հիասթափեցնելու համար:

 

«Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով: Ինչպես հայտնի է, Արմավիրի, Արարատի մարզի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Այս մարզի հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է:

 




Լրահոս