«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ պաշտոնյաներ են հայտնվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտում, եւ ինչ է մտածում հանձնաժողովը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասով ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեծվել իրավապահ համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավորի մասով քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով.
«Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարուցելու որոշումը: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»:
-Տիկի՛ն Հարությունյան, ի՞նչ բացթողումներ կան ԲԴԽ անդամների մասով, որոնք Դուք հայտնաբերել եք:
-2020 թվականի մարտի 25-ի օրենքում կատարված փոփոխություններով՝ արդեն հանձնաժողովը երեք կարեւորագույն խումբ պաշտոնատար անձանց հայտարարագրերը, անկախ մյուսների վերլուծությունից, պետք է իրականացնի կոնկրետ ժամկետներում, եւ որը իրականացվել է: Դրանից հետո սահմանվում են գործառույթները, եւ հայտարարագրերը վերլուծվել են: Հայտարարագրերի վերլուծման գործընթացի մեջ ներառվել են նաեւ նրանց ընտանիքի անդամները: Եվ վարույթ հարուցելուն զուգընթաց դրանք ուղարկվում են համապատասխան կառույցներին, որը այս դեպքում ԲԴԽ-ն է, եւ այս անգամ երեք կարգապահական վարույթների վերաբերյալ ուղարկվել են, իսկ ՍԴ-ի վերաբերյալ այդպիսի խախտումներ չենք հայտնաբերել եւ չեն արձանագրվել:
-Մենք տեսանք Հայկ Սարգսյանի օրինակը, երբ Գլխավոր դատախազը ցուցում էր տվել, իսկ ՀՔԾ-ն կարճել էր:
-Չեմ կարծում, թե այստեղ հատուկ միտում կա, ուղղակի աշխատել է նաեւ այդ մեխանիզմը: Քննչական մարմինների համար նաեւ այդպիսի գործերը նախադեպ չեն, եւ հանձնաժողովների արած վերլուծությունները խորքային են: Հանձնաժողովների կողմից բացահայտումներ կան տարբեր մարմիններից, սակայն այս պահին չէի ցանկանա բացահայտումներ անել, գրեթե բոլոր ոլորտները՝ օրենսդիր, դատական համակարգերում եւս խնդիրներ են եղել: Դուք արդեն Հայկ Սարգսյանի դեպքը նշեցիք, սակայն այս պահին այլ դեպքեր չեմ ցանկանում բարձրաձայնել, երբ մեր կասկածները չեն փարատվել, կամ երբ ցանկացել ենք հավելյալ տեղեկատվություն ստանալ, բայց չենք ստացել: Եղել է դեպք, երբ այն կապված է եղել կանխիկ գումար ստանալու դեպքերի հետ, այսինքն՝ ստացել է ավելի շատ, քան թույլատրված է օրենքով. դատական, օրենսդիր եւ գործադիր համակարգերից դուրս օրենքով ստեղծված այլ մարմնի ղեկավարի մասին է խոսքը: Կարծում եմ՝ առաջիկայում այս տեսակի դեպքերը կշարունակվեն: Հանձնաժողովը իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում շարունակելու է անաչառ վերլուծությունները առկա խնդիրները վեր հանելու նպատակով, եւ որեւէ տարբերակում չունենք՝ որ մարմնի ներկայացուցիչներն են: Ձեզ համար դա կլինի բացահատում, մեզ համար՝ պարզապես ամենօրյա աշխատանքի արդյունք:
ԶՐՈՒՑԵՑ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵԿԱՄՈՒՏԸ
Պաշտոնատար անձանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրերի ներկայացման ժամկետն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթը շարքի միջոցով կներկայացնի, թե որ պաշտոնյան ինչպիսի հայտարարագիր է ներկայացրել: Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրին:
Նա 2020 թվականի տարեսկզբին 4,5 մլն դրամ ավանդ է ունեցել, որը տարեվերջին կազմել է մոտ 2,5 մլն դրամ։ Փաշինյանը նշել է, որ տարեսկզբին ունեցել է 790 հազար դրամ եւ 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է 12,433,990 դրամ։
Նրա բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 3,33 մլն դրամ, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով մոտ 1 մլն դրամ։ Տարեվերջի համար որպես բանկային հաշվին առկա գումար հայտարարագրել է նաեւ 3.84 դոլար եւ առանձին՝ 53,53 դոլար։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, որը գնել է 2009-ին։ Որպես բանկային դրամական միջոց՝ Հակոբյանը տարեսկզբին հայտարարագրել է 904,863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Որպես առկա կանխիկ դրամական միջոց՝ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար։
«Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն Աննա Հակոբյանը ստացել է 1,974,923 դրամ, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ մոտ 4 մլն դրամ, եւ եւս 540 հազար դրամ՝ նույն ՍՊԸ-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 499 հազար դրամ վարկ Աննա Հակոբյանն ստացել է «Յունիբանկ»-ից։ Նշենք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի մեջ են մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com լրատվական կայքը։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած «VAZ» եւ «RENAULT» մակնիշի ավտոմեքենաներ եւ 2010-ին ձեռք բերած «NISSAN»-ը։ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի աշխատանքի վարձատրություն, ստացել է 408,320 դրամ։ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020-ին «Դիջիթեյն ՍՊԸ»-ում աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել, փոխարենը 5,134,548 դրամով վարձատրվել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից, որի մեջ, ինչպես նշեցինք, մտնում են «Հայկական ժամանակն» ու Armtimes.com կայքը։ Նա, որպես տարեսկզբին առկա բանկային հաշիվ, հայտարարագրել է 324,267 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազելով 438,482 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր այս շարքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԵՆՔ
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հրապարակման համաձայն (https://www.sipri.org/commentary/topical-backgrounder/2021/arms-transfers-conflict-zones-case-nagorno-karabakh)՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։
Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երեւանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։
Իհարկե, այս տվյալները ստանալուն պես իշխանական քարոզչամեքենան լցվեց այն թեզի շրջանառության գործին, համաձայն որի՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունն արել Է առավելագույնը բանակի սպառազինությունն ավելացնելու համար, սակայն գործադրած ջանքերը բավարար չէին նախորդող տասնամյակների բացթողումները եւ վատնումները փոխհատուցելու համար։ Իսկ, ահա, նախկին իշխանությունների ժամանակ բանակին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ պնդում էին, որ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում:
Ընդդիմադիր ու իշխանական թեւերը կարող են շարունակել վիճել, թե ով է ավելի շատ բան արել բանակի ու երկրի անվտանգության համար։ Եթե նույնիսկ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի հայտնած տվյալներն իրական են, ապա միեւնույնն է, փաստ է, որ ադրբեջանական բանակն ավելի լավ էր զինված, իսկ մեր տղեքի համար խնդիր էր նույնիսկ հասարակ կապի կայանն ու զրահաբաճկոնը:
ՑԱՄԱՔԵԼ Է ԼԻՃԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ Երեւանի «Պոպլավոկի» լիճն արդեն մի քանի ամիս է՝ ցամաքած է: Ի դեպ, այս մասին առաջինը օրեր առաջ ահանզանգել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը: ArmLur.am-ը Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է ահազանգին, թե ոչ: Պարզվեց՝ քաղաքային պլանավորողի բարձրաձայնած խնդրին քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքել: Իր հերթին ArmLur.am-ը երեկ եղավ «Պոպլավոկի» այգում: Այգու աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց, որ ջրի պոմպն է վնասվել, ինչի պատճառով լիճը ցամաքել է: Թե երբ այգու լիճը ջրով կլցվի, դեռեւս հայտնի չէ: Բայց այն, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեւանցիներին ընտրվելուց առաջ եւ հետո խոստանում էր պահել եւ ավելացնել քաղաքի կանաչապատ տարածքները, իր խոստմանը տեր չի կանգնում: