ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, եւ քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ եւ ներկայացնել իրենց ծրագրերը:

 

Ամփոփենք քարոզարշավի առաջին օրը.

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարորզչություն են իր նկատմամբ: Մեղրիի տարբերակի մասին իր հանդիպումներում վերջին օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է խոսում։  «Հայաստան» դաշինքում հավատացած են՝ երկրում կարող է իրավիճակ փոխվել, իսկ այդ գործում իրենց են տեսնում: Հավատացած են՝ գիտեն ինչպես անել, ու գիտակցում են՝ ծանր բեռ են իրենց ուսերին վերցնում, բայց ոչ աթոռի համար, վտահեցնում են, այլ հայրենիքի նկատմամբ ունեցած պարտավորության:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում՝ մեկը Երեւանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երեւանի կենտրոնում։

«Մեր հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն եւ վերջում ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելն է: Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո պետք է երկրում միասնականությունը վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է եւ այնքան է սրվելու այդ երկու բեւեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետեւորդներին իրենք տանելու են քաղաքացիական պատերազմի, բախումների», – նշեց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Իսկ հետընտրական բախումներից խուսափելու համար «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն ասում է՝ ակնկալում են ընտրողների քվեն, որպեսզի կողմերին համերաշխություն պարտադրեն։ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորում առաջարկող «Լուսավորը» համերաշխության մասին է խոսում:

«Անվտանգ եւ հզոր հայրենիք» կարգախոսով, 30 կետից կազմված նախընտրական ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Հայաստանի անվտանգությունը ապահովող բոլոր համակարգերը քայքայված են՝ ասում է կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ ներկայացնելով ծրագրում տեղ գտած անվտանգային դրույթները, որոնցից բխում է, թե անվտանգ երկրում ապրելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է. «Մաքսիմալ ընդլայնել հարաբերություններն ու կնքել ռազմաքաղաքական նոր պայմանագիր»։

Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավն երեկ սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ եւ մայրաքաղաք Երեւան:

Դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը եւ երկրորդ համար Լեւոն Շիրինյանը քարոզարշավի շրջանակներում այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ լռությամբ հարգելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձում Բաբաջանյանը նշում է՝ պայծառ ապագա ունենալու համար պետք է քվեարկել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկր՝ քարոզարշավի առաջին օրը, սկսել է Արմավիրի մարզ այցելությամբ:

Նրան ուղեկցում է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ցուցակի 5-րդ համարը ներկայացնող Խաչատուր Սուքիասյանը, պատգամավորներ եւ այլն: Առաջին կանգառը Փարաքար գյուղում էր: Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո Փաշինյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն հրապարակում հավաքված կանանցից մեկն ինքը սկսեց ելույթը. «Սիրելի՛ վարչապետ, բոլորս քո թիկունքին կանգնած ենք, կլինենք ու կանք, մենք ծախվող չենք, կանգնած ենք թիկունքիդ ազգով»:

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց նախընտրական ծրագիրը ներկայացնելով:  «Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաեւ հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, եւ վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալու, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ եւ շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության եւ գործելաոճի մասին: Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի եւ մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են», – ասված է ծրագրում:

Ն.Հ.

 

 

ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սերժ Սարգսյանի եղբայրը հաղթեց դատարանում. անվավեր ճանաչվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործը քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Գրիշա Հարությունյանի դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարութունյանը: Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:

 

 

ՈՒՌՃԱՑՐԵԼ ԵՆ ԹՎԵՐԸ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն կորոնավիրուսի բուժման գործընթացում ուշագրավ դեպք է բացահայտել եւ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի եւ 325 հոդ. 1-ին մասի հատկանիշներով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասով հարուցել է քրեական գործ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ Դավիթաշենի մասնաճյուղում պետական պատվերի շրջանակներում «Կորոնավիրուս»-ի դեմ բուժում ստացած հիվանդների, մասնավորապես՝ Համայակ եւ Ռոման Նավասարդյանների, Հասմիկ Այվազյանի, Մարուսյա Կուջոյանի, Նովլետ Հարությունյանի, Էմմա Բարսեղյանի, Նելլի Դանիելյանի, Սոնա Ալեքսանյանի, Ներսես Արծիլյանի, Սամվել Խոչոյանի, Սերգեյ Պարոնյանի, Հովհաննես Նահապետյանի, Վլադիմիր Մանությանի, Ժորա Մհերյանի եւ այլ հիվանդների վերաբերյալ իրականությունը թաքցնելու նպատակով «Արմ Մեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ ներկայացրել եւ շրջանառության մեջ է դրել բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, իրավունք վերապահող հաշվետվություններ, որոնցում ուռճացված տեղեկություններ է ներառել վերակենդանացման բաժանմունքում հիվանդների անցկացրած մահճակալ-օրերի ու ընդանուր բաժանմունքում իրականացված բուժման պրոցեսի վերաբերյալ:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ հունիսի 20-ին՝ նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաեւ դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ Աշխատանքային խմբի աշխատանքները կհամակարգեն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։ Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքներով Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը հանձնարարվել է ՔԿ մամլո խոսնակին։

 

 

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը եւ Վրաստանը վերսկսում  են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից կուղեւորվի Բաթումի: Այս  մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան:  «Ես ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից կուղեւորվի Բաթումի՝ անցնելով Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարեւան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան՝ մեր սեւծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է նա:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակրեպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ:

 




Լրահոս