Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական ու այլ դատավարական գործողությունների եւ դրանց զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու եւ կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:
Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ եւ կանխավճարների տեսքով գումարներ: Անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ եւ ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել եւ տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ եւ կարեւորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել եւ տեսանկարահանել են նաեւ պետական եւ ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ եւ կարեւորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը եւ այդկերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:
Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով կազմակերպված խմբի անդամներից մեկը՝ որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան, եւ օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ մինչեւ նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման եւ դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել եւ տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի եւ Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց եւ պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների եւ այլնի վերաբերյալ: Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Քաջարանի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Քաղաքապետի հետ միասին դատվում են եւս երեք անձ: Վերոնշյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին:
Ըստ նախաքննական մարմնի՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առեւանգումը: Մարատ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել են Շավարշ Մարգարյանին:
Խորեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի եւ Մարատ Ստեփանյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել են Շավարշ Մարգարյանին: Բաբկեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հարազատ Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել են Շավարշ Մարգարյանին:
Լեւոն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Բաբկեն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել են Շավարշ Մարգարյանին:
Ք.Մ.
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Ընտրություններին ընդառաջ համայնքի նախկին ու ներկա ղեկավարները հայտնվում են մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Հովակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2002 թվականի նոյեմբերի 13-ից 2016 թվականի հոկտեմբերի 08-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի ղեկավարի, այնուհետեւ 2016 թվականի դեկտեմբերի 09-ից նույն համայնքի վարչական ղեկավարի պաշտոնները, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2009թ-ի փետրվարի 25-ից մինչ 2016 թվականի հոկտեմբերի 08-ն ընկած ժամանակատվածում շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ այդկերպ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Այսպես, Գեւորիկ Հովակյանը, լինելով որպես Ջրաձոր համայնքի ղեկավար, 2009 թվականի փետրվարի 25-ին Երեւան քաղաքի բնակիչ Գեւորգ Սերգեյի Մելիքյանի հետ կնքել է գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր, որով վերջինս Ջրաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածք 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.680 ՀՀ դրամ վարձավճարով։ Աշոտ Կյուրեղյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի հոկտեմբերի 26-ից 2016 թվականի դեկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Շիրակի մարզի Հողմիկ համայնքի ղեկավարի պաշտոնը, տեղյալ լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում հեռահաղորդակցության օպերատոր «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության (ներկայումս` «ՄՏՍ Հայաստան ՓԲԸ») կողմից ալեհավաք կայան տեղադրելու եւ շահագործելու մտադրության մասին, ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի աշխատակից, իրեն ծանոթ Համբարձում Հարութիկի Հալաջյանի քրոջ` Գոհարիկ Հարությունի Հալաջյանի օգտին գործելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության շահերին հակառակ, որպես Հողմիկ համայնքի ղեկավար, 2009 թվականի ապրիլի 30-ին Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ Գոհարիկ Հալաջյանի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր, որով Գ. Հալաջյանը Հողմիկ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածք 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով։ Նշված գործարքի արդյունքում Գոհարիկ Հալաջյանի ընտանիքը, 2009 թվականի մայիսի 07-ից մինչեւ 2016 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ, ստացել է 3.646.451 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:
Ք. Մ.