ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի վարչական շրջանների մի մասում բնակարանների մեկ քմ-ի գինը վերջին ամիսներին բարձրացել է: Գնային բարձրացումը հիմնականում արձանագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրը, օրինակ, մարտ ամսին կազմել է 606 հազար դրամ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն փետրվարի համեմատ՝ մարտին բնակարանները թանկացել են 800 դրամով: Իսկ, ահա, նախորդ տարվա մարտի համեմատ՝ այն, հակառակը, նվազել է 64 հազար դրամի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացրել են. մի քանիսում այն էժանացել է: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փետրվարին բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 313 հազար 500 դրամով, որը մարտին էժանացել է 500 դրամով: Բնակարանների գները բարձրացել են Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ այն թանկացել է 1000 դրամով, իսկ, ահա, Էրեբունիում բնակարանի գինը մարտին պահպանել է փետրվար ամսվա մակարդակը. այստեղ մեկ քմ ե՛ւ փետրվարին, ե՛ւ մարտին արժեցել է 280 հազար 500 դրամ: Բնակարանների գների բարձրացում գրանցվել է նաեւ Նոր Նորքում՝ 1100 դրամի չափով. այս վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 292 հազար 100 դրամով, իսկ մարտին՝ 293 հազար 200 դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների մեկ քմ-ի շուկայական գինը ավելի բարձր է, քան Էրեբունի վարչական շրջանում: Ըստ պաշտոնական վիճակագրության` զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ վաճառվել է 282 հազար 600 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով: Ինչպես հայտնի է, Արմավիրի, Արարատի մարզի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Այս մարզի հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ԱՐԵԼ

Երեկ առավոտյան ադրբեջանական զինուժը դարձյալ փորձել է շինարարական աշխատանքներ կատարել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում։

 

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ հայկական ստորաբաժանումները աշխատանքներն անհապաղ դադարեցնելու ու տեխնիկան հեռացնելու պահանջ են ներկայացրել ադրբեջանական կողմին, հակազդման գործողություններ են իրականացրել, որից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացել է սահմանի ադրբեջանական հատված։

Պաշտպանական գերատեսչությունը նաեւ տեսանյութ է տարածել, որում երեւում է ակտիվ աշխատող, ապա հեռացող շինտեխնիկան։ Կադրերից դատելով՝ ամենայն հավանականությամբ, հայկական կողմը նաեւ զենք է կիրառել։

Վերջին օրերին Գեղարքունիքի սահմանային գյուղերից ահազանգեր են ստացվում, որ ադրբեջանական կողմը ոչ միայն ներխուժել է հայկական տարածքներ, այլեւ ճանապարհ ու խրամատ է կառուցում։ Վերին Շորժայի համայնքնապետն ասում է՝ այժմ աշխատանքները դադարեցրել են. «Երեկ էլ էն էստեղ աշխատել, էսօր էլ: Հիմա այս պահին ոչ մի բան չկա, չի նկատվում, թե մի ժամ հետո կաշխատեն, թե չեն աշխատի, բայց էս պահին չկա նման բան»:

Գեղարքրունիքի Կութում էլ շարունակվում են բանակցությունները շաբաթ օրը ադրբեջանցիների կողմից առեւանգված շուրջ 80 կովերին վերադարձնելու ուղղությամբ: Կութեցի հովիվը գյուղի արոտավայր էր տարել իր հոտը, մոտեցրել գետակին ջուր խմելու, ադրբեջանցիները բարձունքից կրակ են բացել, անասունները ցաքուցրիվ են եղել:

Կութեցի Գայանե Վերդյանի 29 կովերն այդ օրը արոտ են գնացել, վերադարձել են ընդամենը 10 -ը. «Դե առավոտ տվել ենք մեր հովիվին, տարել է, միշտ ոնց որ ինքը տանելուց, պահելուց է եղել: Այդ օրն էլ տարել է, ասում է` մոտիկացել են, որ ջուր խմեն, այդտեղ ջուր են խմել, մեկը-երկուսը անցել են էս յան, էն յան, վերեւից սրանք սկսել են կրակել: Ինքը ձիով մոտիկացել է, որ, ասենք, դեմը հետ տա, որ իրենք հետ դառնան, նորից գան մեր սահման` մեր յանը, էտտեղ իր ձիուն էլ են կրակել, ինքը ձիուց ընկել է, արդեն պախկվել քարերի արանքում»:

80 կովերը կութում ապրող 5 ընտանիքներինն էին. այժմ նրանք համայնքապետարանում սպասում են` բանակցություններն ինչ արդյունք կտան. «Դե հույսը միշտ վերջում է մեռնում, տենանք»:

 

 

ՊԱՍՏԱՌԸ ՆԵՐԿԵԼ, ՀԱՅՀՈՅԱՆՔ ԵՆ ԳՐԵԼ

Օրերս Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքից եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքից  ոչ հեռու,  կարմիր ներկով ներկել  են  Ռոբերտ Քոչարյանի քարոզչական  պաստառը։ Պաստառը ներկողը կամ ներկողները  նաեւ գ տառով սկսվող, 4-տառանոց  ադրբեջանական  հայհոյանք են գրել։ Ռոբերտ Քոչարյանի  կողմնակիցները  դրանից 2-3 օր անց   մաքրել են տվել պաստառը, սակայն  ներկի հետքերը երեւում են։  Պաստառի ներկումը  կատարվել է գիշերով,  երկար փայտին  փաթաթված ներկված փալասով, որովհետեւ պաստառը փակցված է քաղաքի կենտրոնում՝ միջպետական ավտոճանապարհին, ուր աշխույժ երթեւեկ  է կատարվում։

 

ՎԱՐՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Իջեւանի նստավայրում 2012թ. օգոստոսի 5-ից  ընթանում է  Հրանտ Էդիլյանի դատավարությունը: Նրան մեղադրանք  է  առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով  «ՍՕՍ մանկական գյուղեր»  հայկական  բարեգործական հիմնադրամի «Իջեւան»  մասնաճյուղում որպես վարպետ, լինելով 18 տարին լրացած անձ, 2017 թվականի  դեկտեմբեր ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը, վերոնշյալ մասնաճյուղի արհեստանացում նույն մասնաճյուղի սան, 14 տարին չլրացած աղջկա միայնակ գտնվելու հանգամանքից  օգտվելով, մոտեցել  է նրան, բարձրացրել նրա վերնազգեստը, ձեռքերով հպվել  նրա մարմնի բաց մասերին, ապա իջեցրել նրա տաբատն ու վարտիքը  եւ  հպվել սեռական օրգանին՝ աղջկա նկատմամբ կատարելով անառակաբարո  գործողություններ։  Հրանտ Էդիլյանինն մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ նույն հոդվածի 3-րդ կետերով։  Հ. Էդիլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Սույն քրեական  գործով  դատավարության հաջորդ նիստը նշանակված է հունիսի 23-ին։

 

ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ՝ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

Արդեն մի քանի ամիս է, ինչ  Դիլիջանի կինոթատրոններից մեկում  գործում է «Ծիրան» սուպերմարկետը։ Շենքի վերեւի հատվածում պահպանված են  հին ու մաշված գրություններ՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որոնք հիշեցնում են, որ խորհրդային տարիներին այդտեղ կինոթատրոն է գործել։  Դիլիջանցիները հայտնում են, որ  ներկայումս Դիլիջան քաղաքում կինոցուցադրումները եկամտնաբեր  չեն եւ այդ պատճառով շենքի սեփականատերը որոշել է այդ կառույցում սուպերմարկետ  գործարկել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս