ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, չնայած քաղաքական ուժերն այս ընթացքում եւս քարոզչությամբ զբաղվում էին:

 

Նշենք, որ ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ չորս դաշինք:

Օրինակ՝ ընտրությունների մեկնարկին քաղաքական ուժերը սկսում են իրենց քարոզարշավը  մարզային հանդիպումներով:

«Հայաստան» դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքից, նաեւ մեկնարկել է ժամը 11:00-ին՝ Երեւանում՝ Թամանյանի արձանի մոտից։ Իսկ ԲՀԿ-ն էլ երեկ՝ 18:00-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կլինի Աբովյան համայնքում, մինչ այդ էլ կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» եղել է Արմավիրի մարզում:

Ինչեւէ, ընտրական ակտիվ թոհուբոհից զերծ չեն մնում նաեւ մշակությային գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է նրանցից մի քանիսին, ովքեր տեղ են գտել  տարբեր կուսակցությունների եւ դաշինքների ընտրականցուցակներում եւ առաջիկայում էլ մտադրություն ունեն զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ:

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ընդգրկվել է  «5165 ազգային» շարժման ընտրական ցուցակում:

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն ընդգրկվել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում:

Հայ բանասեր, լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանն այս ընտրություններին մասնակցում  է իր հիմնադրած  5165 ազգային շարժման ցուցակով:

ՀԱԿ ընտրացուցակում է հայտնվել նաեւ հայտնի «Չին սպասում» հաղորդման վարող, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: «Հայաստանի եվրոպական կուսակցության» ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ազգային-Ժողովրդավարական բեւեռ» կուսակցության ընտրացուցակով հանդես է գալիս Եղիշե Պետրոսյանը, ով նաեւ  կուսակցության համահիմնադիրներից մեկն է:

Ի դեպ, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Մգեր Արմենիան, որը նույնպես մեծ ցանկություն ուներ մասնակցելու առաջիկա ընտրություններին, եւ որի համար ստեղծել էր  «Ազգի ձայն» կուսակցությունը, չի կարող մասնակցել, քանի որ նշված ժամկետներում կուսակցությունը չէր ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ դուրս էր մնացել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Այնուամենայնիվ, հուսանք, որ առաջիկա ընտրությունները կանցկացվեն թափանցիկ, եւ իշխանության կգան այնպիսի ուժեր, որոնք կկարողանան երկիրը դուրս բերել ներկայիս ճգնաժամային իրավիճակից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԳՈՄԵՇԸ»՝ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ 

Ռեժիսոր, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի  Նարինե Գրիգորյանը «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հունիսի 5-ին «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում հանդիսատեսին ներկայացրել է Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

 

Գրիգորյանը դեռ նախորդ տարի ներկայացումը խաղացել էր բացօթյա հարթակում: Դերասանուհին նշում է, որ այն դահլիճում ներկայացնելով՝ շատ տարբեր ու հետաքրքիր զգացողություններ է ունեցել: Կատակում է՝ հավանաբար մի օր այդ մասին աշխատություն կգրի:

«Բաց տարածքում շատ էներգիա ես ծախսում. օդը, աղմուկը: Մարդիկ շատ բաներ են տեսնում, ինչը նրանց ուշադրությունը շեղում է, իսկ փակ հարթակում շահել է երաժշտությունը: Մյուս կողմից՝ բացօթյա հարթակում շատ համարձակ էի, ջուր էր պետք շաղ տալ, առանց վարանելու առատ շաղ էի տալիս եւ այլն, ասես բնությունն էր մեջս խոսում: Բնության հետ արթնանում էր ամեն բան: Բոլոր սանձերդ արձակ են»,- ասում է Գրիգորյանը:

Ներկայացման ձեւավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, ձայնային եւ երաժշտական ձեւավորումը` Հայկ Իսրայելյանի, նկարիչ-դիմահարդարը Թամարա Բարոյանն է:

«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած շան մտածումն է վրձնել, ձիու է վրձնել, գայլի է վրձնել եւ տախի (ամորձատված խոզի), եւ Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց կամ նրանց մասին, այլ հենց վրձնել է նրանց»,- ընդգծել է ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովը:

Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթեւոսյանը պատմում «Գոմեշը» պատմությունը էգի, մայրացուի մասին, որ ճանապարհ է ընկնում ամբողջանալու։

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է մինչեւ հունիսի 15-ը Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:

 

 

 

«ՌԵԱԼ»-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հավանաբար կհեռանա Արքայական ակումբից: ABC-ն գրում է, որ «Ռեալը» պատրաստվում է իսպանացի պաշտպանին հրաժեշտ տալու արարողությանը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտ տա ակումբակիցներին եւ լուսանկարվի բոլոր տիտղոսներով, որոնք նվաճել է մադրիդցիների հետ: Ռամոսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը, եւ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ այն երկարաձգելու հարցում: Իսպանացին 2005 թվականից է խաղում «Ռեալում», որի կազմում այս մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

ՄԱՐԶԻԿԸ՝ ԿԱՍԿԱԴՈՒՄ

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին մարզվում է Երեւանում: 24-ամյա մարզիկն Ինստագրամում մարզումային տեսանյութ է հրապարակել Կասկադից: Վերջերս Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի թեթեւ քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում: Հայ մարզիկը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրեւոլային:

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վերադարձել է Հռոմի «Ռոմա». հայտնում է Gazzetta dello Sport-ը: Ավարտված մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որը չի գնել նրա տրանսֆերային իրավունքը: Դրանից առաջ նա վարձավճարով խաղում էր իսպանական «Վալենսիայում»: Նշվում է, որ «Ռոման» հույսեր չի կապում Ֆլորենցիի հետ եւ կփորձի վաճառել նրան: Այս մրցաշրջանում իտալացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա 2011թ. է «Ռոմայի» համակարգում:

 

ԿՎՃԱՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ազգային հավաքականի եւ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»: Clarin-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 2 միլիոն եվրո: «Ուրականը» կպահպանի նրա տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը: Բալեկյանը «Ուրականի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ պայմանագիր է կնքել «Բոկա Խունիորսի» հետ: Transfermarkt-ը Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.5 միլիոն եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ.: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս