Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարեւանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման համար:
Կարեն Մարկոսյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տեղեկանքի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում, եթե՝
– կան էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում,
– հասարակ լիազորագիրը եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,
– խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,
– համայնքի ղեկավարի հայտարարությունը՝ առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը հանդիսանում է տվյալ համայնքի մշտական բնակիչը սույն կարգով սահմանված դեպքում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 5.000 ՀՀ դրամ։
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Ուզում եմ իմանալ, թե վճարումները չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կարող են լինել:
Նաիրա Մելքոնյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:
Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255 հոդվածի 7-րդ կետ):