Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է. այսօր երրորդ օրն է, որի ժամանակ քաղաքական ուժերն իրականացրել են քայլերթեր, հանդիպումներ, նաեւ հեծանվաերթ: ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե որ ուժը ինչ քարոզարշավ է անում:
Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն արդեն երրորդ օրն է, ինչ քարոզարշավ է իրականացնում: Այսօր Սանասարյանն իր թիմով եղավ Աբովյանում, շրջեց քաղաքի կենտրոնական հատվածներում, ասաց, որ խոսափողով չի խոսելու, որովհետև մարդիկ հոգնել են աղմուկից: Նրանց քվեաթերթիկը 26-րդն է, կարգախոսը` «Նվիրյալների ժամանակն է»: Նախընտրական ծրագիրը բաղկացած է չորս գլխից` անվտանգություն և բանակ, արտաքին քաղաքականություն, կրթություն և գիտություն, արդարադատություն և ժողովրդավարություն:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել այս կամ այն թեկնածուի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերին, խոստումներին ու հայտարարություններին: Kուսակցության միասնական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում ակտիվորեն կեղծ օրակարգ է գեներացվում, իբր պայքարը մղվում է միայն նախկին ու ներկա իշխանությունների միջև:
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: «ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը: Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը:
Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին: Այս մասին այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ երեկ հայտարարություն էր արել, թե պատրաստ է իր որդուն տալ, որպեսզի Ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին: «Ուզում եմ ճիշտ հասկանաք, և չկարծեք, որ սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»: Հիշեցնենք, որ Փաշինյանի որդին երեկ նույնպես ասել էր, որ պատրաստ է պատանդի կամ ցանկացած կարգավիճակով մեկնել Ադրբեջան։
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ այսօր Երևանում էին: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք անցկացվեց:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատել: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ եղել են Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը մեկնարկել եմ Հրազդան քաղաքից, այնուհետև այցելել Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Երկրորդ խումբը շրջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին հանդիպում եղավ լրագրողների հետ, ապա 12:30 եղան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպել է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարել են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի ունեցավ դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին եղել է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք եղան Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում:
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ իրականացրեց Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացրել:
Ն.Հ.