ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՓԱՌԱՏՈՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր իր ընթերցողին «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի մասին: Շտապե՛ք ներկա գտնվել արտերկրից հրավիրված թատերախմբերի օրիգինալ ներկայացումներին, նրանք Երեւանում կլինեն մինչեւ հոկտեմբերի 8-ը:  Այս ամենի մասին մանրամասն զրուցեցինք փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի հետ: -Այս տարի «Հայ ֆեստ»-ը կարծես թե այնքան մեծ շուքով չի նշվում` նախորդ տարիների համեմատ: Չեղավ հանդիսավոր շքերթ: -Մենք մի քիչ վախեցանք անցած տարվա անձրեւներից, հետո էլ 1 ամիս առաջ գիտեինք, որ հոկտեմբերի 1-ին անձրեւ է լինելու: Անցած տարի եղանակը տապալեց մեր բացօթյա ներկայացումների մեծ մասը, այս տարի մենք մի քիչ խուսափեցինք:-Եթե չեմ սխալվում, «Միհր» թատրոնն ուներ բացօթյա ներկայացում, բայց կրկին չխաղաց:-Ո՞նց խաղային, ցույց է: -Քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները խանգարո՞ւմ են մշակութային կյանքին:-Ինձ համար միեւնույն է, թե ինչ իրադարձություն է, փաստն այն է, որ հրապարակում գտնվող մարդիկ խանգարում են, որ դերասանները ներկայացում խաղան: Մենք էլ նամակ գրեցինք քաղաքապետարանին. «Շնորհակալություն, որ թույլ եք տվել խաղալ, ներողություն, չենք կարող խաղալ»: Բայց մեծ բացօթյա ծրագիր մենք պատրաստում ենք 2012 թվականի համար, երբ կլինի «Հայ ֆեստ»-ի 10-ամյակը: Հուսով ենք, որ քաղաքապետարանը մեզ կաջակցի նաեւ ֆինանսապես: -Իսկ հիմա քաղաքապետարանի կողմից ոչ մի աջակցություն չկա՞:-Դե այս պահին նրանք մեզ թույլ են տալիս ինչ-որ պաստառ անվճար կախել, բաներ փակցնել…    -9 տարի շարունակ տարբեր թատերախմբեր են գալիս Հայաստան: Ի՞նչ օգուտ են դրանք տալիս մեր թատերական աշխարհին: -Եթե չտային, չէին լինի տարբեր «Միհր» խմբեր, չէր լինի Վահանը Բադալյան, ով ամիսը մեկ գնում է տարբեր փառատոնների, հյուրախաղերի: Մենք հնարավորություն ենք տալիս շփվելու ժամանակակից կատարողական արվեստի հետ: Եկե՛ք անկեղծ լինենք, Երեւանը Պրահան չէ, որտեղ դու կարող ես նստել գնացք, մի քանի ժամից լինել Բեռլինում, դիտել ներկայացում եւ առավոտյան գնացքով վերադառնալ աշխատանքի: Այնտեղ այդ ամեն ինչի վրա դու կծախսես 150 եվրո, որի մեջ կմտնի քո ուղեվարձը, սնունդը, կացարանը: Իսկ այստեղ դու նախ պետք է վիզա ստանաս, որ կարող է նաեւ չտան, տոմս առնես, ինչ-որ հարցեր լուծես: Եւ այդ ամեն ինչը քեզ վրա կնստի 1000  եվրո: -Ի՞նչ սկզբունքով են ընտրվում թատերախմբերը:-Ժամանակակից, նորարարական, հետաքրքիր, կրթական:-Չե՞ք կարծում, որ մի հոգու կարծիքը կարող է շատ սուբյեկտիվ լինել:-Ճիշտ է, թատրոնն առհասարակ հակասական է, արվեստը շատ սուբյեկտիվ է: -Այն, ինչ Ձեզ դուր կգա, կարող է ինձ դուր չգալ:-Բնականաբար, Դուք Ձեր փառատոնը կանեք, թող Ձեզ դուր գա: Տարվա մեջ ես նայում եմ 300 ներկայացում, տեսնում եմ հազար ու մի բան: Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի հրավիրված պրոֆեսոր եմ, ինչ-որ ձեւ կիմանամ` ինչն ինչոց է: Կան մարդիկ, ում կարծիքին ես վստահում եմ, շփվում եմ, լսում եմ նրանց, խոսքս ե՛ւ Հայաստանի, ե՛ւ դրսի մասնագետների մասին է: -Տարվա մեջ այդքան ներկայացումներ եք դիտում, եթե համեմատական անցկացնեք հայաստանյան թատերական աշխարհի հետ, իսկապե՞ս այստեղ թատրոն չկա:-Ի՞նչ եք ասում: Ես բարկանում եմ, երբ այդպես են ասում: Իհարկե, Գերմանիայի եւ Ռուսաստանի պես չենք, բայց շատ երկրներից էլ առաջ ենք: Թատրոնը չի մեռել, սխալ կարծիք են հայտնում:-Նշեցիք, որ նորարարական թատերախմբեր եք հրավիրում: Կոնկրետ օրինակ բերեմ. «Կապույտ մարդիկ» ներկայացումը շատերը չէին հավանել, ասացին` մեր մենթալիտետին մի քիչ խորթ էր, տարատեսակ կարծիքներ հնչեցին:-Շատ լավ է, ամենավատն այն է, երբ կարծիք չկա: Իսկ ինչո՞ւ չեն հասկացել: Դա ժամանակակից պար էր, մենք չգիտենք, թե դա ինչ է, մենք չունենք դա, մեզ մոտ նոր է: Եթե մենք հնարավորություն ունենայինք բերել, օրինակ, Մեթյու Բորնի ներկայացումներից մեկը, ես կբերեի: Նրա ներկայացումը` «Դորիան Գրեյի դիմանկարը», Հայաստան բերելու համար կպահանջվի 200 հազար եվրո: Դա «Հայ ֆեստ»-ի բյուջեից ավելի շատ է: -Լավ, եթե «թանկանոց» ներկայացումներ չեք բերում, ապա…-Բերում ենք այն, ինչ կարող ենք: Մենք ունենք այսքան բյուջե, պետք է տեղավորվենք դրա մեջ: Ես գիտեմ, որ այդ գումարով մենք պետք է ընտրենք այս քանակի, այս որակի, ֆինանսական այս կարգավիճակի ինչ-որ խմբեր:-Ֆինանսի սղությունը չի՞ ազդո՞ւմ որակի վրա:-Ասեմ, կա «Լուի Վիտոն», «Էռմես», հետո կա «Բոս», «Մեքս», հետո մի քիչ ավելի ներքեւ «Նեքստ», «Զեինա», հետո լրիվ այլ որակ, դրանից հետո թուրքական կամ պարսկական ինչ-որ բաներ… Մենք ոչ մի լուիվիտոնների հնարավորություն Հայաստանում չունենք: Մենք բերում ենք որակով եւ մեզ հարմար թատերախմբեր: Իսկ առաջին թոփերում տեղ զբաղեցնող ռեժիսորներն ու ներկայացումները լինում են առավելագույնը աշխարհի 15-20 երկրներում, որոնք ունեն նրանց հրավիրելու միջոցներ:  ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս