Ապրիլի 21-ին Սյունիքում զանգվածային անկարգությունների մասով միակ կալանավորված անձը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ազատ է արձակվել
ArmLur.am – ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանին մեկ ամսով կալանավորեց, որին էլ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ է արձակել:
Դատական համակարգում փորձել էին հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Երեւան քաղաքի դատարանի դատավորների զգալի մասը մերժեցին կալանավորել սյունեցիներին, իսկ ահա դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց:
Արդյունքում, սկսվել է ուսումնասիրություն եւ պարզել են, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։
Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։
Արդյունքում 50-ից ավել անձ է հարցաքննվել, 30-ից ավել անձ էլ ներգրավվել են մեղադրյալ:
Քնար Մանուկյան