ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից են ամենից շատ զբոսաշրջիկներ այցելել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 86 հազար 524 զբոսաշրջիկ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է՝ 307 հազար 590:

Covid-19-ը ու 44-օրյա պատերազմն իրենց բացասական հետեւանքները թողեցին զբոսաշրջության ոլորտի վրա: Կարելի է ասել ամենաշատը տուժեց հենց այս ոլորտը, որովհետեւ նախորդ տարի զբոսաշրջային շատ գործակալություններ վնասներ կրեցին, փակվեցին: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները տխուր են՝ հունվար, փետրվար, մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 86 հազար է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 65 հազար 567 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է՝ ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 20 հազար 957 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել:

Ի դեպ, 2021-ի առաջին երեք ամիսների տվյալներով՝ Հայաստան այցելել են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից: Մասնագետները կանխատեսում են, որ զբոսաշրջիկների այցերի աճ կնկատվի երկրորդ եռամսյակի ընթացքում։ Բայց մինչ այդ, վերջին օրերին Երեւանի փողոցներում հնարավոր է հանդիպել ռուս, իրանցի զբոսաշրջիկների:

ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 3600-ով պակասել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 500 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ 37 հազար 900:
Բացի այս, 800-ով պակասել են Ֆրանսիայից, 3300՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 1600-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 1200-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա երեք ամիսներին 200-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:

Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 12 հազար 100: Եթե 2020-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելել է 6600 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 18 հազար 700: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Բայց այս տարի կարծես թե իրանցի զբոսաշրջիկների մոտ փոփոխություն է տեղի ունեցել. նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ըստ էության, իրանցիների մեծ մասն այս տարի իրենց Նովրուզը տոնել է Հայաստանում:

Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս նվազել է 83.8 տոկոսով: Անցյալ տարի հունվար-մարտին մեր երկրից մեկնել է 274 հազար 435 հազար զբոսաշրջիկ` 2021-ի 44 հազար 574-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 43 հազար 551 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 1023 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս