Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այս օրերին մատնված է անտերության, իսկ գործող իշխանությունն ինչ-որ քայլ անելու փոխարեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ։ Բանն այն է, որ երեկ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից ունեցել ենք մեկ նոր գերի, այսինքն՝ մայիսի 12-ից մինչեւ օրս Ադրբեջանի կողմից հենց ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողների թիվը 7-ն է։ Իսկ ի՞նչ ունենք արդյունքում. վարչապետի պաշտոնակատարը, բոլոր մարզպետները գտնվում են արձակուրդում եւ չեն զբաղվում որեւէ այլ հարցով, իսկ Արտաքին գործերի նախարարություն, փաստորեն, առհասարակ չունենք, նախարարն ու բոլոր տեղակալներն հրաժարվել են պաշտոննեից, նոր նախարար այդպես էլ չի նշանակվում, այսինքն՝ այդ կառույցը եւս անտերության է մատնված։ ՀՀ տարածք մտած թշնամու գոյության մասին բոլորը լրիվ մոռացել են, եւ եթե չլիներ, օրինակ, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ոչ ոք չի հիշում թշնամու մասին։ Եվ այս իրավիճակում պարզապես սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ է սպասվում մինչեւ հունիսի քսանը կամ դրանից հետո, եթե առաջին փուլով հանկարծ ընտրությունները չկավարտվեն, եւ կրկին մեկ ամիս այսպիսի վիճակ լինի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված դեռեւս թեժ քննարկումներ են ընթանում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների միջեւ: Բանն այն է, որ կան պատգամավորներ, որոնք այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն աշխատել են իշխանությունների համար, ամեն հարցում պայքարել են նրանց համար, բայց նախընտրական ցուցակի, կարելի է ասել, ոչ անցողիկ տեղերում են հայտնվել: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Քրիստինե Պողոսյանի ցուցակի ոչ անցողիկ համարներում լինելու հարցը: Պատգամավոր Պողոսյանը ընտրական ցուցակի 60-րդ համարն է, իսկ Զեյնալյանը՝ 67-րդ համարը: Իմքայլականներից շատերի համար անհասկանալի է, հատկապես Զեյնալյանին ոչ անցողիկ տեղում ներառելու փաստը այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լարված էր ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, Զեյնալյանին էր միայն վստահում առողջապահության ոլորտը, իսկ կորոնավիրուսի ժամանակ նրան հատուկ Փաշինյանն էր հրավիրել կորոնավիրուսի թեմայով հանձնաժողովի բոլոր նիստերին: Իսկ ինչ վերաբերում է Քրիստինե Պողոսյանին, ապա վերջինս 44-օրյա պատերազմից հետո դարձել է լռակյաց, մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ այս նախընտրական թեժ օրերին անգամ չի շրջում իր թիմի հետ, երբ մինչեւ այս Պողոսյանը համարվում էր Փաշինյանին «պաշտպանողներից գլխավորը: Ի դեպ, Նարեկ Զեյնալյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմակիցն է համարվում:
Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», – ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու: «Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած՝ դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տրվել, որ իրավապահներն ավարտեն իրենց վարույթում գտնվող գործերը, բեռնաթափվեն, որպեսզի պատրաստ լինեն զբաղվել վենդետաներով ընտրություններից հետո: Սակայն այստեղ էլ ուշագրավն այն է, որ չնայած այս հրահանգին՝ դատավորներից շատերը գտնվում են արձակուրդում:
Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ: Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը: Բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի եւ պատճառների վրա: Մասնագետների կարծիքով՝ մենք ծերացող հասարակություն ենք, եւ ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք: