ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած հունիսի 7-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, իսկ մինչ այդ էլ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում, սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը որոշել է որեւէ ձեւ մաս չկազմել ընտրություններին, չսատարել որեւէ մեկի:

 

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեռ 2020 թվականի նոյեմբերի 25-ին:

«Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ առավել, քան երբեւէ, Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա։

Կարապետյանը խոստացել է րառաջիկայում գործարարներին ներկայացնել իրենց համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Ծնունդով սեւանցի Կարապետյանը դիմել էր նաեւ Գեղարքունիքի բնակիչներին։

«Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- նշել է նա։

Արդեն այս տարվա մարտին նա ազատվեց Չինաստանում Հայաստանի առեւտրական կցորդի պաշտոնից։ Ավելի վաղ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար։

«Հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին», – գրել էր նա

-Պարո՛ն Կարապետյան, Դուք որեւէ մասնակցություն ունենալո՞ւ եք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների քարոզարշավին եւ արդյոք սատարելո՞ւ եք Ձեր նախկին թիմին:

-Որեւէ կերպ չեմ մասնակցելու, ոչ մեկի կողմից չեմ լինելու:

-Ինչո՞վ եք զբաղված այդ դեպքում:

-Տարբեր գործերով, սահմաններով:

-Հիմա Գեղարքունիքի մարզը համարվում է վտանգավոր հատված: Այդ առումով հարցի լուծման ձեւաչափ ունե՞ք:

-Ես իմ ընկերների հետ փորձում ենք ինչ-որ բաներ՝ կառուցելու հետ կապված, տեխնիկայի հետ կապված: Մենք ինչ-որ գործեր որ անում ենք, ցանկություն չենք ունենում այդ մասին բարձրաձայնել: Ընտրություններից հետո ավելի հանրային գործունեություն կծավալենք, հիմա պարզապես հանրային միջավայրն այնքան աղտոտված է, որ չենք ցանկանում որեւէ բարձրաձայնումներ անել: Եվ ես ընտրություններին որեւէ կերպ չեմ  մասնակցելու, որեւէ մեկին չեմ սատարելու, որովհետեւ այս ամենի հետ կապված ժամանակ չունեմ:

-Այսինքն՝ քաղաքականությունից լիովին դու՞րս եք եկել:

-Այո, ամբողջովին: Սուտ տեղեկություններ են տարածվել իմ մասին, թե ես ցանկանում եմ նոր կուսակցություն հիմնել եւ կրկին մուտք գործել քաղաքականություն:  Ինձ որեւէ թիմում չեմ պատկերացնում եւ ոչ էլ խորհրդարանում եմ ցանկանում կրկին լինել:

-Իսկ, ամեն դեպքում, ըստ Ձեզ՝ մարզում ովքե՞ր են առաջատարները: Ասում են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն արդեն բարձրացել է:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ, բայց մի երկու շաբաթից պարզ կերեւա, որ այդպիսի կանխատեսումներ անենք: Ես քաղաքականության մեջ ուզում եմ որեւէ հարցի չպատասխանել, հարցազրույցներ չտամ, եւ կապ չունի, որ եղել եմ այդ թիմի անդամ: Այստեղ ավելի կարեւոր գործեր կան,  զբաղված եմ այդ գործերով եւ նաեւ դրա համար էլ մերժել եմ Չինաստան գործուղվելու առաջարկը:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ Է

ArmLur.am-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ պատգամավորի թեկնածուին: ՔՊ ցուցակի 32-րդ համարը ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է:

 

Վլադիմիր Վարդանյանը ծնվել է Երեւանում, մինչեւ 2000 թվականը սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2016-2018 թվականներին աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։ 2018 թվականի ապրիլից մինչեւ 2019 թվականի հունվար ղեկավարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Վարդանյանին ՍԴ-ում հիշում են՝ որպես ՀՀ Սահմանդրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից գրեթե բոլոր հարցերը ճշտող, նրա հետ մշտապես կախման մեջ գտնվող: Բայց երբ Վարդանյանը իշխանության ներկայացուցիչ դարձավ, վերջինս կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, ավելին՝ երբ իշխանությունն ամեն գնով փորձում էր Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից գահընկեց անել, Վարդանյանը լծվել էր այդ աշխատանքին:

Խորհրդարանում գրեթե բոլոր նախագծերը Վարդանյանը տապալել է, մշտապես խոսել են Հայաստանում դատաիրավական համակարգը ուշքի բերելու մասին, բայց վերջինս, լինելով հանձնաժողովի նախագահ, չի կարողացել մի բան անել: Դրա վառ ապացույցն այն է, որ վերջինս մշտապես խոսում էր դատարաններին վեթթինգի ենթարկելու մասին, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Անգամ իշխանությունները այնքան հիասթափվեցին Վարդանյանից, որ նախագծերը որոշեցին վստահեցնել նույն հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանին:

Վլադիմիր Վարդանյանին չհաջողվեց նաեւ ՍԴ դատավորներին հեռացնելու եւ իրենց ուզած անձանց դատավորներ կարգելու պրոցեսը օրինական ձեւով իրականացնել, ինչի համար անգամ այդ հարցը հասավ Եվրոպական դատարան:

Վարդանյանից դժգոհ են նաեւ իշխանության ներսում, նրան ցուցակում են գրել տարբեր միջնորդներ խառնելու ու նաեւ այն բանի համար, որ վերջինս Արարատ Միրզոյանի կուրսընկերն է, ու 2018 թվականին հենց դրա համար էլ Վարդանյանը դարձավ պատգամավոր ու հանձնաժողովի նախագահ:

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Վլադիմիր Վարդանյանի ծնողները դատական պրոցեսի մեջ են, որտեղ Վարդանյանը սատարում է իր մորը, որպեսզի հաղթի հարազատ հորը: Բանն այն է, որ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող երկու չինական ռեստորանները Վարդանյանի ծնողներին են պատկանում, ու վերջիններս հիմա փորձում են բաժանել միմյանց միջեւ, որը հանգեցրել է նրան, որ խնդիրը հասնի դատարան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

ԱՆՊԱՐԿԵՇՏ ՊԱՀՎԱԾՔ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բադեյանի անվան պետական քոլեջում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Բանն այն է, որ Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ բոլորից գաղտնի որոշում է կայացրել քոլեջին նոր ժամանակավոր պաշտոնակատար «կարգել»: Մելքոնյանն ու Սանոսյանը իրենց «սիրելի թեկնածուն առաջարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանին ու նրան հրավիրել են քոլեջ: Ու «Վերջին զանգի» օրը քոլեջի անձնակազմի համար անակնկալ Անդրեասյանը ներկայացրել է իրենց նոր տնօրենի Ժ/Պ-ին: Ու քանի որ այն բոլորի համար շոկային է եղել, դասախոսները փորձել են Անդրեասյանին հարցեր ուղղել:

Արամ Մելքոնյանն էլ ամեն գնով փորձել է փակել անձնակազմի բերանները՝ թույլ չտալով Անդրեասյանին հարցեր ուղղել: Արամ Մելքոնյանը բրթել է դասախոսներից մեկին, որն էլ նկատել է նրա ամուսինը ու վրդովվելով քաղաքապետի պահվածքից՝ ապտակել է Արամ Մելքոնյանին: Այս երեւույթը նախ ամոթալի է քաղաքապետի համար, որը, չգիտես ինչու, որոշել է քոլեջին տնօրեն նշանակել տալ, երբ ինքը որեւէ իրավունք չունի խառնվելու մրցութային կարգով անձանց նշանակման, թեկնածու առաջադրելու համար: Հարց է առաջանում. ո՞վ է քաղաքապետը, որը քոլեջի անձնակազմի հետ խոսում է ուժի դիրքից, «մուննաթով», սպառնալիքով կամ արգելում է փոխնախարարին հարցեր ուղղել: Ինչո՞ւ է քաղաքապետը չարաշահում իր դիրքերը, ինչո՞ւ է իր շփման մակարդակը շրիշակից ներքեւ իջեցրել, որ նրան արդեն հարվածում են իր ոչ քաղաքակիրթ պահվածքի համար:

 

 

ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Երեւանի քաղաքապետարանին, կարծես թե, չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մի մասն արդեն, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Արդեն մի քանի տարի է (Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո), ինչ ArmLur.am-ը բարձրաձայնում է Փոքր կենտրոնում գտնվող կոտրված նստարանների մասին. նստարանների «Երեւան»՚ թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է: Ի դեպ, նստարաններ կան, որոնց ոտքերը կոտրված են, իսկ հնարամիտ քաղաքացիներն էլ որոշել են քարով փոխարինել ոտքը: Նույն անմխիթար վիճակում են գտնվում նաեւ մայրաքաղաքի աղբամանները: Ահա թե ինչպես են վարվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը քաղաքի գույքի հետ: Մինչդեռ յուրաքանչյուր տարի քաղաքային իշխանությունը միլիոնավոր դրամներ է հատկացնում աղբաման եւ նստարան ձեռք բերելու համար: Ասել է թե՝ մոռացել են Երեւանի խնդիրների մասին եւ ամբողջությամբ զբաղված են քարոզարշավով:

 




Լրահոս