Հունիսի 8-ը քարոզարշավի երկրորդ օրն էր, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից շատերը կրկին ակտիվ քարոզչությամբ էին զբաղված: Սակայն ինչպես քարոզչության առաջին օրը, այնպես էլ այժմ ավելի ակտիվ են մի քանի քաղաքական ուժեր:
«Այս ընտրությունն անձերի կամ քաղաքական ուժերի մասին չէ. ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել»,- Գորիսում նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարեց ՀՅ Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քարոզարշավը սահմանամերձ Սյունիքից սկսած նախկին նախագահը խոստանում է, թե իրենց՝ իշխանության գալու դեպքում լուծվելու են երկրում առկա բոլոր խնդիրները. «Մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձեւ աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը եւ արտագաղթը»։
Խոստումներից բացի, «Հայաստան» դաշինքը ընտրողներին նաեւ ժամկետներ է ներկայացնում, թե երբ են ավարտվելու այս կամ այն ծրագրերը։
Սիսիանում Քոչարյանը կրկնեց նախորդ հանդիպումներում հնչեցրած միտքը, թե իրենք ունեն բավարար գիտելիք ու փորձ. «Ո՞ր քաղաքական ուժը ունի բավարար փորձ, բավարար գիտելիքներ, բավարար վճռականություն եւ կամք։ Եվ իմ դիմումս հետեւյալն է՝ մենք այդ որակները ունենք, երբեք չենք ստել. ինչ խոստացել ենք, արել ենք»։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 9-րդ համարի քվեաթերթիկով մասնակցող «Լուսավոր Հայաստանը» նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ շրջելով փողոցներով ու բակերով։
Մինչ այդ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով քարոզարշավի մեկնարկը, ասաց՝ իրենց թեզերը ճիշտ էին՝ միմյանց ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու մասին քաղաքական ուժերի հայտարարությունները մտահոգիչ են:
«Ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ մեկին ոչնչացնել, էն մյուսն ուզում է օգնել ոչնչացնողին, որ ավելի լավ ոչնչացնեն: Ասուլիսի ժամանակ բաժանեցի մոտավորապես այս մասնակից դերակատար ուժերին, այսինքն՝ նախկին իշխանություններ, գործող իշխանություններ եւ երկու կողմերին օգնող բեւեռներ, մասնակիցներ: Այսինքն՝ որ ասում են՝ Քոչարյա՛ն ջան, եթե թոկ չունես, թոկ տանք կախելու համար, կամ՝ Փաշինյա՛ն ջան, ոտնատակ տալուց պետք է մենք էլ գանք ոտնատակ տանք: Երկու մասի են բաժանվում, եւ այս կենտրոնում միայն տարբերվող, միասնականության ուղերձ տվող ուժը էլի մնում է «Լուսավոր Հայաստանը», – նշեց Էդմոն Մարուքյանը:
Ընտրություններից հետո լինելու են քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ։ Քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով՝ տեղեկություն ունի, թե որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։
Փաշինյանը խոստացավ՝ այդպիսի ղեկավարները կենթարկվեն ամենադաժան վենդետաների՝ ոչ ֆիզիկական. «Այդ համայնքների ղեկավարները, կարճ ասած, ռադ են ըլնելու, եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ: Եվ դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, եւ դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, եւ դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից: Ով, ժողովրդի ներողամտությունից օգտվելով, երեք տարի գործել են ժողովրդի դեմ, բոլորին, հատ-հատ վզներից բռնած, անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկել է ժամը 15:00-ին Սեւան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք եղել են Գավառում: Ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետեւ շրջելու են տարբեր գյուղերով:
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք անցկացրեց, որտեղ ներկայացրեց իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Երեւանում, այս անգամ մեկնարկել են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջել են Երեւանի տարբեր փողոցներով:
Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձեւաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով ներկայացրեց իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ հանդիպեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը:
Քարոզարշավը կտեւի մինչեւ հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:
Ն.Հ.
ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արտաշես Խալաթյանին վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
ԽՈՍԵԼ ԵՆ
Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը եւ Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը: Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարեւորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը: Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երեւանի ու Բաքվի համաձայնությամբ:
ԲԱՆԱԿՑՈՒՄ Է
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ եւ կատեգորիկ պահանջում, որ մինչեւ օրվա վերջ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին: Այս մասին ասել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը: Ըստ նրա՝ եթե բանակցություններն արդյունք տան, ապա ռուս խաղաղապահները զինծառայողին ադրբեջանական տարածքից կվերցնեն եւ կփոխանցեն ՀՀ ԶՈՒ-ին: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ հունիսի 8-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։
3 ԱՃՅՈՒՆ
Երեկ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 3 աճյուն. հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Համաձայն հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:
ԳԵԼԼԱՓԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀԵԼ
Չնայած Gallup International Association-ը պարբերաբար հարցումներ է իրականացնում Հայաստանում, սակայն հայ հանրության շրջանում մշտապես ոչ միանշանակ են ընդունվել հանրային կարծիքի մասին հարցումների արդյունքները, հատկապես՝ նախընտրական շրջանում։ Հայաստանում Gallup International Association-ը գործակցում է MPG LLC (Marketing Professional Group) «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետ 2011 թ.-ից։ MPG-ն իր հերթին պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, ե՛ւ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։ Վերջինս այս տարիներին աչքի է ընկել միայն նրանով, որ հարցումների արդյունքները հարմարեցնում է իշխանությունների քմահաճույքների հետ, այլ ոչ թե ըստ իրականության: Այսինքն՝ լիովին վստահել այս հարցումներին թերեւս չենք կարող: Օրինակ՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, 2015թ.-ին խիստ քննադատում էր նրանց հարցումը սահմանադրական փոփոխությունների շուրջ եւ անվանում այդ կազմակերպությունը «ֆեյք»՝ պնդելով, որ նրանք կեղծ հարցումներ են կազմակերպում աշխարհի տարբեր մասերում։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ժամանակին այս կազմակերպությունն անվանել էր նախկին իշխանությունների «դուստր ձեռնարկություն»։ Ընդդիմադիր մամուլը եւս Հայաստանում իրականացրած նրանց հարցումները բազմիցս կասկածի տակ է դրել։ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա» կազմակերպությունը հաճախ մարդկանց թյուրիմացության մեջ է գցում իր անվան պատճառով: Աշխարհում հայտի են երկու ընկերություն նմանատիպ անվանումով, ավելի հայտնի է ԱՄՆ-ում գրանցված Gallup Inc-ը, որը համարվում է սոցիոլոգիական հարցումներ անող ամենավստահելի ընկերություններից մեկն աշխարհում։ Ինչ վերաբերում է Gallup International Association-ին, ապա այն գրանցված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Սա փաստացի ոչ թե ընկերություն է, այլ ասոցիացիա (ցանց), որի անդամ են տարբեր երկրներում գործող եւ մարքեթինգային հետազոտություններ իրականացնող ընկերություններ։ Որոշ երկրներում «Gallup International Association»-ի գործընկեր կազմակերպությունները պարտավորված են նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup Inc.-ի հետ, օրինակ՝ Պակիստանում։ Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ, եւ MPG-ն շարունակում է մարդկանց թյուրիմացության մեջ գցել «Gallup» անունով: Եվ չնայած Արմեն Գրիգորյանը նախկինում մեղադրում էր այս կազմակերպությանը, սակայն հիմա ՔՊ-ի թիմը կիսվում է «Գելափ» -ի հարցումներով, այսպես ասած, հպարտանում, որ հարցումներով առաջատար է: Իսկ Արամ Նավասարդյանն էլ, որ նախկինում հարցումներ էր նկարում նախկին իշխանությունների համար, հիմա նույնը անում է ներկայիս իշխանությունների համար:
ԳԵՐՈՒՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
2020-ի նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում։ Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այսպիսի մեղադրանքի համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը: Նշենք, որ ոչ միայն Էուլջեքյանը, այլ նաեւ հայկական Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ պատերազմի օրերին կամավորագրվել էին եւ մեկնել ռազմաճակատ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար։