ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանի» գործով վճիռը հրապարակվեց. ցուցմունքում հնչել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանի անունը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Մկրտչյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի գործողություների համար նրան ազատազրկման դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով: Իսկ, ահա, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մասով նրան մեղադրյալ ներգրավելու գործով դատարանը արդարացրել է Սերգեյ Մկրտչյանին՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նկատենք, որ մեղադրող դատախազը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել նաեւ Սերգեյ Մկրտչյանի պաշտպանը՝ պահանջելով, որ նրան արդարացնեն:
Իսկ ի՞նչ էր կատարվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ, իբր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաեւ ադրբեջանական եւ իրանական լրատվամիջոցներում։ «Հրապարակայնորեն ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին»,- ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել եւ պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ. նշված է հաղորդագրությունում:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:
Իսկ ո՞վ է նա. ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-Ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության, ապօրինի տիրացել է համակարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին եւ դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջեւ ազգային թշնամանք հարուցելուն եւ ատելություն սերմանելուն:
Իսկ ի՞նչ է ասել Սերգեյ Մկրտչյանը դատարանում, ինչո՞ւ է նման գրառում կատարել: Ըստ նրա՝ գրառմամբ նպատակ չի ունեցել ազգային կամ ռասայական թշնամություն հարուցել։ Ազգային անվտանգությունում երբ դիտել է, իր գրառումով կիսված են եղել 200-ից ավել մարդիկ։ «կՈՔՌվÿվ տՏջՊՐՈՉՌս ՁՐՈՎտՈ ր ցոՌռրՑՉՏՎ ՌՐՈվրՍՏչՏ չպվպՐՈսՈ» վերտառությամբ գրառումը կատարել է քաղաքական երգիծանքի նպատակով։ Իր կարծիքով՝ գրառումը չէր կարող մեծ արձագանք ստանալ այլ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում։ Քննարկվող գրառումը հավանել են 2000-ից ավելի մարդ, տարածել է այն 1000-ից ավելի մարդ, սակայն ինքը չի գիտակցել, որ այն կարող էր տարածում ստանալ լայն շրջանակներում։ Կատարված գրառմանը տարբեր պետական մարմինների կայքէջերին հղում տալը կատարել է՝ լրագրողական ոճից ելնելով։ Իր վերջին գրառումն է միայն լայն տարածում ստացել թուրքերի մոտ, իսկ նախորդ գրառումները թուրքերի շրջանում լայն տարածում չեն ստացել։
Վարկաբեկելու նպատակը եղել է այն, որ ինքը վերջին ամիսների ընթացքում դեմ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ինչպես նաեւ դեմ է եղել ՀՀ կառավարության որոշ անդամներին, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն Ա. Հարությունյանին դեմ լինելու պատճառների մասին չի ցանկանում մանրամասնել։ Բացի այդ, անարդար է համարում գործող իշխանությունների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու եւ կալանքի տակ պահելու գործընթացը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանից կամ նրա աշխատակիցներից չունի եւ չի ակընկալում որեւէ շահ։ Նշված հոդվածով ներկայացնելով ԻԻՀ կեղծ դիրքորոշումը՝ փորձել է է՛լ ավելի վարկաբեկել ՀՀ ներկայիս վարչապետին եւ ՀՀ իշխանություններին։
Այն հրապարակելով՝ կանխատեսել է, որ կարող է արձագանք ստանալ նաեւ ՀՀ-ից դուրս այլ երկրների շրջանում։ Նշված արարքը կատարելիս չի գիտակցել դրա լրջությունը, սակայն այժմ հասկանալով, թե ինչպիսի սխալ արարք է կատարել, զղջում է կատարածի համար, ներողություն է խնդրում եւ խնդրում է օրենքի սահմաններում հնարավորինս մեղմ վերաբերվել։ Բացի «Դիանա Հարությունյան» կայքում հրապարակելուց, նշված հոդվածը որեւէ այլ կայքում չի հրապարակել, որեւէ անձի չի ուղարկել, ոչ մի լրատվական կայքի չի տրամադրել։ Ինքը որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի չի անդամակցում կամ համակրում։ Մինչեւ քննարկվող հոդվածը հրապարակելը եւ այն հրապարակելուց հետո նաեւ շփվել է ազգությամբ ադրբեջանցի եւ թուրք շուրջ 100 անձանց հետ։ Այդ շփումը սկսել է իր կողմից նշված կայքէջն օգտագործելու ժամանակահատվածում։ Վերջինների անունները չի հիշում, նրանց հետ կապը կրել է մակերեսային բնույթ, մասնավորապես՝ նրանք դրական են գնահատել իր կողմից հրապարակված որոշ հոդվածներ եւ կիսվել դրանց հղումներով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021թ. մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված եւ Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության եւ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով քննչական խմբի, ինչպես նաեւ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների արհեստավարժ գործողությունների, առկա վարկածների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Կ-ին պատկանող, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարաններից մեկում 2021 թվականի հունիսի 2-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են եւս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցները քողարկված ձեւով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, 2021 թվականի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով ՀՀ են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ, որոնք պատրաստվել են մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից:
ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական եւ դատավարական համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերված մեթամֆետամին տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 7 կգ:
Նշված հանցագործությունների կատարման կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել են ԻԻՀ 4 քաղաքացիներ, հայտնաբերված սրբապատկերներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Իրավապահները դեռեւս փնտրում են հունիսի 2-ին Երեւանում՝ Աբովյան փողոցում սպանություն կատարողին, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս սպանության օրը Գյումրի օդանավակայանից լքել է Հայաստանը:
Սակայն բուն գործի քննության ընթացքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Իրավապահները տեղեկություններ են միմյանց փոխանցում Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում հունիսի 2-ին սպանված Հովհաննես Վարդանյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Աստրյանի եղբոր՝ Արմեն Ասատրյանի սպանության գործերով:
Ասել է թե՝ իրավապահները մեկը մյուսին օգնում են հասկանալու, թե սպանությունները ինչքանով կապ ունեն միմյանց հետ, որը կարող է օգնել բացահայտել սպանության պատճառը: Նկատենք, որ եթե Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում սպանություն կատարողի ինքնությունը բացահայտվել է, ապա Դոն Պիպոյի եղբոր սպանությունը դեռեւս մնում է առեղծված:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:
Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ