Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաեւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում: Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսեւորում անթույլատրելի է եւ պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները:
Քաղաքացիները, ողջ հասարակությունը հենց լրագրողի աշխատանքի շնորհիվ են տեղեկանում ընտրական գործընթացի մասնակիցների ծրագրերի, նպատակների մասին, այն մասին, թե ինչ են նրանք պատրաստվում անել մարդկանց իրավունքների, նրանց վիճակի բարելավման համար: Արդյունքում էլ կարողանում են իրազեկված ու վստահ որոշում կայացնել ընտրության հարցում: Մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ որեւէ ոտնձգություն կամ այլ խոչընդոտ վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլեւ բացասական է ազդում հասարակության տեղեկացված լինելու, կարծիքի արտահայտման եւ այլ իրավունքների վրա: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ կարծիքի արտահայտման եւ խոսքի ազատության ամուր պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի հիմնարար նշանակություն: Դա հատկապես կարեւոր է ընտրական գործընթացներում:
Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի եւ որոշումների կայացման գործընթացներում` իբրեւ հանրային վերահսկող դիտորդներ (watchdogs) հանդես գալու եւ տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով:
Ցավոք, դեռեւս առկա են լրագրողների աշխատանքի սխալ ընկալումներ ոչ միայն հասարակությունում, այլ նաեւ պետական համակարգում: Ցանկացած պաշտոնատար անձ կամ հանրային գործիչ պետք է հստակ գիտակցի, որ պատկերացումն այն մասին, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է ու ոչ ճիշտ պատկերացման արդյունք: Յուրաքանչյուր հանրային գործիչ պետք է նկատի ունենա, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ընտրողական մոտեցում կամ հրապարակային թիրախավորումը բացասական ազդեցություն է ունենում հասարակությունում, այդ թվում` սոցիալական ցանցերում, եւ հանգեցնում է լրագրողի համար բացասական իմաստով նոր թիրախավորման եւ խոչընդոտների աշխատանքում։
Չափազանց կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերն իրենց կողմնակիցների շրջանում լրագրողի դերի եւ աշխատանքի կարեւորության վերաբերյալ ուղերձներ հղեն: Դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր լարվածությունից։ Մյուս կողմից՝ լրագրողի մասին ճիշտ պատկերացումներ ձեւավորելու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները մասնագիտական գործունեություն ծավալեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ սկսած լրագրողական նյութի համար վերնագիր ընտրելուց մինչեւ այդ նյութի բազմակողմանիության ապահովումը: Այդպիսի մոտեցումները լրագրողին դարձնում է անխոցելի եւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել իր մասնագիտական աշխատանքի պաշտպանությունը:
Ուստի Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին խնդրում է իրենց աշխատանքի մասնագիտական ցանկացած խոչընդոտի դեպքով դիմել Պաշտպանի աշխատակազմ, այդ թվում` թեժ գծի 116 համարին: Յուրաքանչյուր դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ Պաշտպանի իրավասության սահմաններում: Լրագրողներին առնչվող հարցերը գտնվում են մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքայի խմբի առանձին մշտադիտարկման ներքո»,- ասված է հայտարարության մեջ:
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։
Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական եւ ստուգողական աշխատանքներ, այնուհետեւ ընկերության նկատմամբ մշակվել եւ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ընկերությունը, չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։
Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։
Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման եւ կանխման շրջանակում ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի եւ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ:
ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի թիվ 786-Ն որոշմամբ նախատեսված միջոցներից 41.1 միլիոն դրամը բաշխել մարզի համայնքներին՝ համաձայն որոշման հավելվածի: Մարզպետն իր որոշման կատարման հսկողությունը դրել է մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունների վրա։ Որոշման հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։ ՀՀ կառավարության որոշումների մեջ, որոնք հրապարակված են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, բացակայում է թիվ 786-Ն որոշումը, եւ հայտնի չէ, թե ինչ նպատակով են խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ համայնքներին պետական բյուջեից գումարներ հատկացվում։
ԾԱՂԿԻ ՓԱՌԱՏՈՆ
Տավուշի մարզում բազում զինծառայողներ անհետ կորած են, տասնյակ զինծառայողներ վիրավոր են, վիրահատվել են, դեռեւս վիրահատությունների եւ բժշկական օգնության կարիք ունեն, իսկ Տավուշի մարզպետարանը իր ինտերնետային պաշտոնական կայքում ծաղկի փառատոն է գովազդում։ Մարզպետարանը հայտնում է, որ հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի բույսերի եւ ծաղիկների 7-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Փառատոնի ծրագրի մաս են կազմում ուսումնական զարգացնող միջոցառումները, փայտից խաղալիքների եւ բույսերից մեծ գորգի պատրաստումը, համեմունքներ պատրաստելու վարպետության դաս, ուսումնական կարճ արշավներ երեխաների համար եւ այլն: Մասնակիցները պատրաստելու են նաեւ արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը՝ լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից: Փառատոնը նպատակ ունի նաեւ Տավուշի մարզի գյուղական եւ սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց եւ հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ՝ խթանելով տարածաշրջանի զարգացումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ