Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Արին Բերդի-Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են Սիսիան քաղաքի բնակչի վարած Mercedes մակնիշի եւ Երեւանի բնակչի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով Subaru-ն գլխիվայր շրջվել է:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:
Կարինե Վիրաբյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Վիրաբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:
Գոհար Մանուկյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու: