ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ԳԼԽԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արդեն չորրորդ օրն է՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը ետին պլան են մղվել, եւ դրանք հասարակությանը ներկայացնելու փոխարեն քաղաքական ուժերը զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է առանձնացնել հարցումների արդյունքում ընտրություններին ավելի ֆավորիտ համարվող «Քաղաքացիական պայմանագիր», կուսակցության, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերի հենց այն հատվածները, որոնք վերաբերում են անվտանգությանը եւ Արցախի հարցին: Այսպիսով, ՔՊ-ի նախընտրական ծրագրում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը: Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով»: Հետաքրքիր է, որ բանակի մասին հիշատակումներում կրկին անդրադարձ կա ճաշացանկին. «Ճաշացանկն առանձնանում է ուտեստների բազմազանությամբ՝ ներառելով տարբեր տեսակի տաք ուտեստներ եւ աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, թխվածք, միրգ»: «Հայաստան» դաշինքը ներկայացրել է է «365 օր+». ապագան սկսվում է հիմա» առաջնահերթ գործողությունների ծրագիրը: «Ընդունելու եւ գործադրելու ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, նոր հայեցակարգեր:  Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու 44-օրյա պատերազմում գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների եւ անհետ կորածների տվյալների հստակեցմանը»: Նկատենք՝ ՔՊ-ի ծրագրում գերիների մասին ոչ մի խոսք չկար: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն ունի «ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ» անվանումը: «Պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները եւ զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից: Զինված ուժերը շարունակում են մնալ հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում»: «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր շարքը՝ ներկայացնելով մյուս ուժերի նախընտրական ծրագրերը:

 

 

 

Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջեւ խնդիրներ չկան: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու:  Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը, եւ հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ: Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին չենք տեսնում նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, խորհրդական Արայիկ Հարությունյանին, Էդուարդ Աղաջանյանին. նրանք պարզապես մի քանի հանդիպման են մասնակցել Երեւանում: Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Նիկոլ Փաշինյանի հետ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը: Ըստ կոմիտեի՝ կասեցվել է քրեական գործը, հետմահու նշանակվել է դատագոհեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, մշտապես գրծով հետաքրքրվում էր եւ միջնորդություններ էր ներկայացրել Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

 

 

Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձեւական բնույթ, եւ տապալվում են նաեւ այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով եւ անգամ խորհրդարան չեն հաճախում։ Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, եւ ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում եւ այլն: Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում: Եվ ինչպես լինում է ընտրությունների նախաշեմին, այդ նիստերը կարող են չկայանալ: Այսինքն՝ պարազիլացված է ոչ միայն գործադիրի, այլ նաեւ օրենսդիրի աշխատանքը:

 




Լրահոս