ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐԸ ՆԱԽԿԻՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 8-րդ համարի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ: Մենք փորձել ենք Գրիգորյանից պարզել, թե ինչու է կրկին վերադարձել քաղաքականություն, ու որոնք են լինելու նրա անելիքները խորհրդարանում:

 

-Պարո՛ն Գրիգորյան, նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, ամեն ուժ խոստանում է, թե ինչ է անելու, ինչի համար պետք է ժողովուրդն իրենց ձայն տա: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի ձեզ  եւ ինչո՞ւ ընտրի հենց «Պատիվ ունեմ»-ին:

-Դուք տեսնում եք, թե երկիրն ինչ վիճակի մեջ է: Այսօրվա ամենակարեւոր խնդիրն այս ընտրություններով երկիրը փորձենք այս վիճակից հանել, ազատվել այս ամենից եւ ամեն մեկս մեր ծրագրերի հիման վրա գործել հնարավորություն սահմանում: Այս վիճակը, ինչ ստեղծվել է երկրում, փորձենք երկիրը մեջքն ուղղել ու դնել  իր հունի վրա:

-Քաղաքականությունից հեռացել էիք. ի՞նչը ստիպեց Ձեզ նորից վերադառալ քաղաքականություն:

-Ես քաղաքականությունից չեմ հեռացել, ես ընդամենը նախորդ ընտրությունների ժամանակ հայտարարեցի, որ ժամանակավորապես դադարեցնում եմ, եւ այսօր ժամանակն է: Ես նորից հայտ եմ ներկայացրել մտնել քաղաքականություն եւ մասնակցել քաղաքական պրոցեսներին:

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ դիրքորոշում ունի Շիրակի մարզը: Տեղյակ ենք, որ շփվում եք շիրակցիների հետ: Ի՞նչ են կարծում, հակվա՞ծ են իշխանության վերադարձին, թե՞ պնդում են, որ չպետք է վերադառնան:

-Բնականաբար, կա հատված, որոնք ուզում են, որ ներկայիս իշխանությունը մնա եւ շարունակի աշխատել, կա նաեւ բավականին մեծ հատված, որոնք դեմ են, որ այս իշխանությունը շարունակի իր գործունեությունը:  Տարբեր կարծիքներ կան, բայց էս մի քանի օրվա ընթացքում՝ քարոզարշավի ժամանակ, պետք է ամեն մեկս կարողանանք մեր  հնարավորության սահմաններում բացատրել ժողովրդին, որ մենք հենց այնպես չենք անում, սա կապրիզ անել չէ: Այսօր մենք պետք է հասկանանք, որ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է  գտնվում եւ գլորվում է դեպի անդունդը: Պետք է որեւէ ձեւ այս թափը կանգնեցնել եւ դուրս գալ այս իրավիճակից:

-Ի՞նչ ելք խոստանալ քաղաքացուն, որպեսզի ձայն տա «Պատիվ ունեմ»-ին:

-Դուք գիտեք՝ ժողովրդի ցանկությունը, առաջնահերթ խնդիրը գերիների վերադարձի հարցն է: Նաեւ այս պատերազմի հետեւանքներ, բանակի խնդիր ունենք,  մենք ունենք 4,5 տարի եւ այդ ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք բանակ ստեղծել եւ մեր դաշնակից պետության հետ կարողանանք այնպիսի հարաբերություններ ձեւավորել, որպեսզի 4,5 տարի անց նորից նույն խնդրի առաջ չկանգնենք: Իսկ ես՝ որպես շիրակցի, մեր ժողովուրդը լավ գիտի, ճանաչում է ինձ, որ ես գործի մարդ եմ: Եվ հունիսի 21-ին երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պարզ կլինեն, եւ կպարզվի, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Ազգային Ժողով է մտել, այդ օրվանից սկսելու եմ իմ գործունեությունը: Ես լավ գիտեմ պատգամավորի աշխատանքը: 11 տարվա աշխատանքային փորձ ունեմ եւ հստակ գիտեմ, թե ինչ եմ անելու:

-Այսպիսի տեսակետ կա, որ որեւէ ձեւ չպետք է թույլ տալ նախկինների վերադարձը, ինչի համար մի հատվածը գնալու ու ընտրելու է Նիկոլ Փաշինյանին: Ինչպե՞ս համոզել ժողովրդին, որ հանուն  դրա չգնան ընտրության:

-Այսօր արդեն բոլորը նախկիններ են: Եթե այդպես լինի, ուրեմն ոչ մեկ պետք է չընտրվի: Ի՞նչ է նշանակում՝ նախկինների վերադարձ չպիտի լինի: Այսօր բոլոր քաղաքական ուժերը հայտ են ներկայացրել մասնակցելու, ժողովուրդն  է որոշելու ու ընտրելու: Դա ինչ-որ մեկի ցանկությունը չէ:

   Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

Ո՞Վ Է ԱԺ-ՈՒՄ ԾՎԱՐԱԾ ՄԵՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ

ArmLur.am-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 45-րդ համարին, որը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն է: 2018 թվականից խորհրդարանում գտնվող Գալստյանին, հնարավոր է, հանրությունն անգամ դեմքով չճանաչի, քանի որ վերջինս շատ պասիվ է եղել: Կարելի է ասել՝ այս երեք տարիների ընթացքում նա ընդամենը մի քանի անգամ է խորհրդարանի ամբիոնի մոտ երեւացել կամ հարց հնչեցրել:

 

Գալստյանը 32 տարեկան է, ծնվել է Երեւանում: Սովորել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Խորհրդարանում Մերի Գալստյանը շփվում է բացառապես մի քանի հոգու հետ, նրան իր թիմում անգամ չեն ճանաչում, գիտեն, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մտերիմ ընկերուհին է ու հենց Նազարյանի միջնորդությամբ էլ մուտք է գործել իշխանական թիմ: Պարզվում է՝ ժամանակին Նազարյանն ու Գալստյանը միասին մասնակցել են բնապահպանական բողոքի ակցիաներին, դեմ են եղել Հայաստանում հանքերի շահագործմանը: Իսկ երբ 2019 թվականին պարզվեց, որ Ամուլսարը հնարավոր է շահագործվի, Գալստյանը նույն ջանասիրությամբ չգնաց հանքավայրի ճանապարհին բողոքի ակցիա իրականացնողների կողքին կանգնելու, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե մտահոգված է ու վերջ:

Մերի Գալստյանը կտրականապես հրաժարվում է նաեւ լրագրողների հետ շփվելուց, մշտապես հայտարարում է, որ զբաղված է, խորհրդարանի աշխատանքնային ընդմիջումների ժամանակն էլ անցկացնում է Լենա Նազարյանի աշխատասենյակում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ջոկատ էր կազմել սահման մեկնելու համար, պարզվեց՝ Մերի Գալստյանը եւս «Էրատո» ջոկատում է, որոնց այդպես էլ չհաջողվեց մարտի դաշտ հասնել:

Մենք փորձել ենք ջոկատում ընդգրկվելու, նրա կատարած աշխատանքների մասին բազմիցս խոսել Մերի Գալստյանի հետ, սակայն ապարդյուն. պատգամավորը լուռ է, որեւէ կերպ չի ցանկանում խոսել, բայց, արի ու տես, կրկին մեծ ցանկություն ունի վերադառնալու խորհրդարան:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՔՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ

ArmLur.am-ը շարունակում է հայտարարագրերի շարքը եւ այս անգամ կանդրադառնանք «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության առաջին 20-ում ընդգրկված կանանց եւ նրանց ունեցվածքին: Այսպիսով, երրորդ համար Լիլիթ Մակունցը հայտարարագրել է 661 հազար դրամ եւ 7 մլն դրամ՝ որպես պատգամավորի աշխատավարձ: Վեցերորդ համար, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն եւ հողատարածք: Բացի այդ, նա ունի 2 մլն դրամ, իսկ միակ եկամուտն էլ եղել է 9 մլն դրամ աշխատավարձը:

9-րդ համար Արփի Դավոյանն  Արաբկիր վարչական շրջանում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունի, 436 հազար դրամ եկամտային հարկի վերադարձ, 7 մլն 267 հազար դրամ որպես պատգամավորի աշխատավարձ: 12-րդ համար Նազելի Բաղդասարյանն ունի բնակարան Գյումրիում, Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք  է բերել 2007 թվականին, 7 մլն 905 հազար դրամ եկամուտ որպես աշխատավարձ,  ունի 1200 դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ հանդիսանում է «Սթայլ Մեդիա»-ի սեփականատեր, 100 տոկոս բաժնեմասը նրան է պատկանում:

15-րդ համար Ավանեսյան Անահիտն ունի բնակարան Բաղրամյան պողոտայում, ամառանոց Արագածոտնում եւ տարածք Արաբկիր վարչական շրջանում, Ford Fiesta ավտոմեքենա, Առողջապահության նախարարությունից որպես աշխատավարձ 17 մլն դրամ եւ «Աբովյան 39» ՍՊԸ-ից շահաբաժին՝ 12 մլն դրամ,  դրամական միջոցներն էլ՝ 5 մլն դրամ: «Աբովյան 39» ՍՊԸ-ում ունի 50 տոկոս բաժնեմաս: 18-րդ համար Հերիքնազ Տիգրանյանն ունի բնակելի տուն, ավտոկայանատեղի, 1994 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա,  աշխատավարձ՝ 8 մլն 558 հազար դրամ, 1 մլն 200 հազար դրամական միջոց:

21-րդ համար Արուսյակ Ջուլհակյանը ստացել է 7 մլն 260 հազար դրամ աշխատավարձ, 423 հազար դրամ տրված փոխառություն, 209 հազար դրամ որպես պարտատոմսերի դիմաց ստացված գումար, 14 մլն դրամ գումար եւ 4560 դոլար, 8060 դոլար պարտատոմս «Ինեկոբանկ»-ից:

 

 

ԴԻՄԵԼ Է ԲԴԽ-ԻՆ

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը դիմել է ԲԴԽ-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Չի բացառվում, որ Կարինե Բաղդասարյանին որոշել են պատժել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս որդին՝  Հրաչյան, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Հայաստան» դաշինքի շտաբի անդամ է: ArmLur.am-ը զրուցել է դատավորի հետ՝ հասկանալու համար, թե որդու քաղաքական հայացքների համար են իրեն հետապնդում, թե իրոք դատավարական սխալ է թույլ տվել:

 




Լրահոս