Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է. երեկ երրորդ օրն էր, որի ժամանակ քաղաքական ուժերն իրականացրել են քայլերթեր, հանդիպումներ, նաեւ հեծանվաերթ: ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե որ ուժը ինչ քարոզարշավ է անում:
Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն երրորդ օրն է, ինչ քարոզարշավ է իրականացնում: Եչեկ Սանասարյանն իր թիմով եղավ Աբովյանում, շրջեց քաղաքի կենտրոնական հատվածներում, ասաց, որ խոսափողով չի խոսելու, որովհետեւ մարդիկ հոգնել են աղմուկից: Նրանց քվեաթերթիկը 26-րդն է, կարգախոսը` «Նվիրյալների ժամանակն է»: Նախընտրական ծրագիրը բաղկացած է չորս գլխից` անվտանգություն եւ բանակ, արտաքին քաղաքականություն, կրթություն եւ գիտություն, արդարադատություն եւ ժողովրդավարություն:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել այս կամ այն թեկնածուի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերին, խոստումներին ու հայտարարություններին: Կուսակցության միասնական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում ակտիվորեն կեղծ օրակարգ է գեներացվում, իբր պայքարը մղվում է միայն նախկին ու ներկա իշխանությունների միջեւ:
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: «ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը: Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը:
«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին»,- երեկ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նախօրեին հայտարարություն էր արել, թե պատրաստ է իր որդուն տալ, որպեսզի Ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին: «Ուզում եմ ճիշտ հասկանաք եւ չկարծեք, որ սա միակ ուղղությունն է եւ հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»: Հիշեցնենք, որ Փաշինյանի որդին երեկ նույնպես ասել էր, որ պատրաստ է պատանդի կամ ցանկացած կարգավիճակով մեկնել Ադրբեջան։
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մյուս առաջնորդների մասնակցությամբ, երեկ Երեւանում էր: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ, հանրահավաք անցկացվեց:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատել: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եղել է Կոտայքի եւ Լոռու մարզերում: Արշավը մեկնարկել են Հրազդան քաղաքից, այնուհետեւ այցելել Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Երկրորդ խումբը շրջել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին հանդիպում եղավ լրագրողների հետ, ապա 12:30 եղան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, շարունակելով քարոզարշավը, հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպել է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարել են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի ունեցավ դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի եւ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին եղել է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք եղան Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-ին՝ Հրազդանի Սահմանադրության հրապարակում:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ իրականացրեց Երեւանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացրել:
Ն.Հ.
ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԻ
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարեւոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում երեւի թե պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության եւ տնտեսական բարօրության մեջ»,- հայտարարել է Լավրովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:
99 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, առողջացել է 81 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 դեպք: Մեկ օրում կատարվել է 3530 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1111596-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ը՝ առողջացման, 4474-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: Արձանագրվել է նաեւ մահվան 1091 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՎԵՆԴԵՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ընտրություններին ընդառաջ համայնք ղեկավարների դեմ վենդետան շարունակվում է: Այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Առաքել Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1991 թվականից աշխատելով որպես Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավար եւ այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշակել է իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը, այնուհետեւ նշված հափշտակությունը քողարկելու համար, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ հաստատելով կազմված կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող համայնքի հիմնական միջոցների խոտանման ակտը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսասատանը վերականգնում է մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ այդմ, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այդ երկրների ցանկը, եւ Հայաստանն այդ երկրների ցանկում է։
ՌՈՒՍՆԵ՞ՐՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Տպավորություն է ստեղծվում, համաձայն որի՝ Հայաստանում ներքաղաքական բուռն կյանքն իրականում ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանային ինչ-ինչ ծրագրերի իրականացումը քողարկող միջոց: Գնալով ամրապնդվում է այն թեզը, որ ռուսական կողմը Հայաստանում ամեն գնով ստեղծում է ընտրությունների բուռն ու մրցակցային լինելու իմիտացիա, տարբեր քաղաքական ուժեր ու ուղղություններ դիրքավորվում են պրոռուսական, հակառուսական բեւեռների, միմյանց դեմ ավել կամ պակաս թշնամանքի աստիճան ցույց տալով եւ այլն: Հնարավոր է` նման կարծիքի տարածման սկզբնաղբյուրն օրեր առաջ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի` համացանցով հեռարձակվող «Բաց» ԹՎ-ի եթերում արած հայտարարություններն են՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո չէր կարողանա մնալ իշխանության, եթե նրան չպաշտպանեին, չպահեին ռուսները: Իր վերլուծական ու իրականություն դարձող կանխատեսումներով հայտի
Հարությունյանը մասնավորապես հարցնում է. «Ինչպե՞ս է Նիկոլը թույլ, երբ նախկին 3 նախագահներն ըստ էության միացել ու ցանկանում են հեռացնել նրան, բայց չեն կարողանում, ստացվում է՝ ամենաուժեղ տղեն հենց Նիկոլ Փաշինյանն է»։
Ապա Հարությունն ավելացնում է, որ, ըստ նրա, Հայաստանում իշխանության մնալ կամ ուժեղ լինել հնարավոր է այնքանով, որքան դա թույլ են տալիս գերտերությունները: Մարդը կարող է լինել բնավորությամբ ուժեղ, ձգտող, հայենասեր, բայց դրանք բավարար չեն, ու պետք է ունենալ որեւէ գերտերության հովանավորչությունը, որպեսզի կարողանաս անել ինչ-որ բան, հակառակ պարագայում ամեն բան անհիմն է դառնում:
ՈՒՇԱԳՐԱՎ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիրիթ Քարհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 17:25-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 1/1 հասցեում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքի բակում դիտավորությամբ, բարձրաձայն, հրապարակային արտահայտել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, ապա քարով դիտավորությամբ ջարդել ոստիկանության Լոռու մարզային վարչության 1-ին հարկում գտնվող ոստիկանության փորձաքրեագիտական բաժանմունքի աշխատասենյակի երեք պատուհանների շերտապակիները, նույն հարկում գտնվող շտաբի տեսուչի աշխատասենյակի պատուհանի շերտապակիները, 2-րդ հարկում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի աշխատասենյակի երկու պատուհանների երեք շերտապակիները, պոկել եւ վնասել շենքի մուտքի դռան մոտ գտնվող տեսախցիկը: Վնասել է ոստիկանության փոբձաքրեագիտական բաժանմունքի աշխատասենյակի համակարգչի պրոցեսորը՝ պատճառելով 46.800 դրամի վնաս, ապա բարձրացել շենքի 2-րդ հարկ, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շարունակել արտահայտել անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ՝ իր գործողություններով շուրջ 10 րոպե խաթարել նրանց բնականոն աշխատանքն ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: