ՀԱՄԱՅՆՔԸ ԶՐԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետեւ դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009թ. փետրվարի 25-ին Երեւան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրամ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր:

 

Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: 2009-2016թթ.-ին նշված անձը ստացել է շուրջ 3.6 մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից:

Նշված առերեւույթ հանցավոր արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը: 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Ա.Կ.-ն, տեղեկացել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մեկի կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու եւ շահագործելու մտադրության մասին:

Դրանից հետո ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009թ. ապրիլի 30-ին Ա.Կ.-ն կնքել է համայնքին պատկանող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վերջինիս վարձակալության հանձնելու մասին պայմանագիր:

Ապա՝ գործարքից ընդամենը 7 օր անց, 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա վարձակալ անձը նշված հողամասի մի փոքր հատվածը՝ 0,02 հա չափով, ավելի քան 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը: Դա՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ այդ պահանջի չկատարումը հանդիսացել է պայմանագիրը համայնքապետարանի կողմից միակողմանի եւ վաղաժամկետ դադարեցնելու հիմք, ինչը, սակայն, ակնհայտ խախտման պայմաններում չի արվել: Ենթավարձակալության հանձնած անձի ընտանիքը 2009-2016թթ. ընթացքում ստացել է 3.6,լն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ նույն ժամանակահատվածում համայնքը, որպես վարձակալության վճար, ստացել է ընդամենը 36.800 ՀՀ դրամ գումար:

Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը:

Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊՏԱԿԸ

Ապրիլի 21-ին Սյունիքում զանգվածային անկարգությունների մասով միակ կալանավորված անձը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ազատ է արձակվել:

 

ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին՝ հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել, դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Ագարակի բնակիչ Գեւորգ Խաչատրյանին մեկ ամսով կալանավորեց, որին էլ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ է արձակել:

Դատական համակարգում փորձել էին հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Երեւան քաղաքի դատարանի դատավորների զգալի մասը մերժեցին կալանավորել սյունեցիներին, իսկ, ահա, դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց:

Սկսվել է ուսումնասիրություն, եւ պարզել են, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

50-ից ավել անձ է հարցաքննվել, 30-ից ավել անձ էլ ներգրավվել են մեղադրյալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ Է ԱՎԱՐՏՎԵԼ

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Սեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել եւս մի քաղաքացի։

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել եւս 2 քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնինչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սեւան քաղաքի բնակիչ 20-ամյա Տիգրան Դ-ն եւ Սեւան քաղաքի բնակիչ 21-ամյա Արսեն Ա-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սեւան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սեւանի բնակիչ 18-ամյա Ռոբերտ Ք-ն, Սեւան քաղաքի բնակիչ 20-ամյա Գոռ Ս-ն, Սեւան քաղաքի բնակիչ 17-ամյա Նարեկ Կ-ն, Սեւան քաղաքի բնակիչ 18-ամյա Էդգար Խ-ն, Սեւան քաղաքի բնակիչ 20-ամյա Արթուր Խ-ն վիճաբանել են Նարեկ Մ-ի, Տիգրան Շ-ի, Տիգրան Դ-ի, Արսեն Ա-ի, Սեւան քաղաքի բնակիչներ 21-ամյա Կամո Ս-ի, 23-ամյա Միքայել Վ-ի եւ ոմն Աբուլի հետ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան  Շ-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։ Այդ ընթացքում Ռոբերտ Ք-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել եւ մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։




Լրահոս