Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 86 հազար 524 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 307 հազար 590:
Covid-19-ը ու 44-օրյա պատերազմն իրենց բացասական հետեւանքները թողեցին զբոսաշրջության ոլորտի վրա: Կարելի է ասել՝ ամենաշատը տուժեց հենց այս ոլորտը, որովհետեւ նախորդ տարի զբոսաշրջային շատ գործակալություններ վնասներ կրեցին, փակվեցին: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները տխուր են. հունվար, փետրվար, մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 86 հազար է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 65 հազար 567 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 20 հազար 957 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել:
Ի դեպ, 2021-ի առաջին երեք ամիսների տվյալներով՝ Հայաստան այցելել են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից: Մասնագետները կանխատեսում են, որ զբոսաշրջիկների այցերի աճ կնկատվի երկրորդ եռամսյակի ընթացքում։ Վերջին օրերին Երեւանի փողոցներում հնարավոր է հանդիպել ռուս, իրանցի զբոսաշրջիկների:
ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 3600-ով պակասել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 500 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ 37 հազար 900:
Բացի այս, 800-ով պակասել են Ֆրանսիայից, 3300՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 1600-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 1200-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա երեք ամիսներին 200-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 12 հազար 100: Եթե 2020-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելել է 6600 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 18 հազար 700: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Բայց այս տարի, կարծես թե, իրանցի զբոսաշրջիկների մոտ փոփոխություն է տեղի ունեցել. նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ըստ էության, իրանցիների մեծ մասն այս տարի իրենց Նովրուզը տոնել է Հայաստանում:
Նկատենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս նվազել է 83.8 տոկոսով: Անցյալ տարի՝ հունվար-մարտին, մեր երկրից մեկնել է 274 հազար 435 հազար զբոսաշրջիկ` 2021-ի 44 հազար 574-ի դիմաց, սակայն նրանց մեծ մասը` 43 հազար 551 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն, առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 1023 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում. այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանրային քննարկման է ներկայացվել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Առաջարկվող նախագծով` ուսումնական հաստատությանը վերապահվում է սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթ: Փորձարկվող ուսումնական պլանը կունենա երկու բաղադրիչ` պետական եւ դպրոցական։ Ուսումնական պլանի պետական եւ դպրոցական բաղադրիչները պարտադիր են եւ պետական դպրոցներում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:
Պետական բաղադրիչով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կսահմանվեն պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները եւ երաշխավորված առարկայացանկը:
Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կհատկացվի դպրոցի կողմից սահմանված նախընտրելի առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը կսահմանի դպրոցը:
Փորձարկող դասարաններում ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ըստ առաջարկվող ուսպլանի` 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ կա՛մ անգլերենը, կա՛մ ֆրանսերենը, կա՛մ գերմաներենը, կա՛մ էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող որեւէ այլ լեզու:
Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հիմնական եւ նպատակային առարկայական ծրագրերով։ Այդ նպատակով դպրոցում ձեւավորվում են համապատասխան ուսումնական խմբեր։
Դպրոցի՝ առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան: Ուսումնական պլանով տրված են պարզաբանումներ փորձարկման ծրագրում ներառված բոլոր դասարանների համար նախատեսված ուսումնական բնագավառների եւ դասավանդվող առարկաների վերաբերյալ:
Առաջարկվում է փորձարկվող դասարանների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով նոր չափորոշչի հիման վրա մշակված ուսումնական պլանը:
Շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ 2021 թվականի հունիսի 21-ը:
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը 2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։ Վ.Ղալումյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վերջինս մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։ Հայկ Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Մինչեւ կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները հետաձգվեցին, որի պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելը։ 2020թ. մարտի 14-ին նշանակված ընտրությունները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ընտրությունների օր նշանակվեց 2020թ.նոյեմբերի 5-ը։ Կառավարությունը, պայմանավորված Հայաստանում տիրող ռազմական դրությամբ, հերթական անգամ հետաձգել է Իջեւան խոշարացվող համայնքում ընտրությունների անցկացումը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։ Իջեւան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնելու Իջեւան քաղաքային համայնքը եւ 17 գյուղական համայնք՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն։ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Տավուշի մարզպետ, նրա տեղակալ Արթուր Ճաղարյանը՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ