Մերօրյա անմահ հերոսների շարքում է նաեւ ժամկետային զինծառայող Սիփան Սողոմոնյանը, որը զոհվել է պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Թալիշում, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից: Սիփանը ծառայում էր Մատաղիսում՝ հակաօդային պաշտպանության գնդում:
ArmLur.am-ը այցելել է Սիփանի բնակարան, զրուցել է նրա մայրիկի եւ քույրիկների հետ: Ինչպես բնութագրում են մտերիմները, Սիփանը համեստ, ծանրակշիռ, լուրջ եւ չխոսկան տեսակ էր, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ ընկերասեր եւ պատվախնդիր, եւ այդ պատվախնդրությամբ էլ իր պարտքը կատարեց՝ նվիրելով իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը:
«Սիփանս մանուկ հասակից շատ ակտիվ, շատ ճարպիկ երեխա էր, որոշեցինք դեռ մանկուց նրան տանել սպորտ դպրոց, որ գոնե այսպես սպառի իր էներգիան, բայց այդպես էլ չսպառվեց: Սպորտ դպրոց հաճախում էր մեծ սիրով, ըմբշամարտիկ էր, մասնակցել է բազմաթիվ մրցումների, արժանացել է մրցանակների, բայց երբեք չի սիրել դրանց մասին բարձրաձայնել, խոսել, չէր սիրում անգամ, որ մենք ենք իր հաջողությունների, ստացած մեդալների մասին խոսում, պատմում հարազատներին: Դպրոցն ավարտելուց հետո Սիփանս ընդունվեց Օլիմպիական պետական քոլեջ, մեծանալով նա դարձավ շատ քչախոս, բայց երբ խոսում էր, յուրաքանչյուրը բառը մեծ արժեք ուներ, անիմաստ կամ անտեղի երբեք չէր խոսում, երբեք իրեն չէինք տեսնի անլուրջ վիճակում, եւ իր ամբողջ շրջապատն իրեն ճանաչում են հենց այդպիսին՝ համեստության եւ խոհեմության տիպար: Ծիծաղում էր շատ հազվադեպ… Քոլեջն ավարտելուց հետո՝ 2019 թվականին, զորակոչվեց ծառայության: Շատ էր ուզում Արցախում ծառայել եւ երկու անգամն էլ քաշեց Արցախ՝ Մատաղիս: Միշտ կրկնում էր. «Մա՛մ ջան, տղեն պետք է Արցախում ծառայի, որ իմանա՝ ծառայությունն ինչ է»»,-պատմում է մայրը՝ խորը հոգոց հանելով:
Սիփանի մոր խոսքով՝ որդուն վերջին անգամ տեսել է զինվորական երդման արարողության ժամանակ, վերջին անգամ այդ օրն է գրել որդուն եւ զգացել նրա ջերմությունը:
«Միշտ գոհ է եղել ծառայությունից, երբեք չեմ լսել, որ գանգատվի ինչ-որ հարցի շուրջ կամ ասի՝ ինձ սա ուղարկեք, նա ուղարկեք. երբեք նման բան չի եղել: Հակառակը՝ միշտ ես էի ասում. «Սի՛փ ջան, բալե՛ս, ի՞նչ ուղարկեմ, ի՞նչ կուզես…»: Շատ լուրջ էր, սերժանտ էր, մեծ պատասխանատվությամբ էր վերբերվում իրեն վստահված գործին, իր զինվորներին, բայց… Սիփիս համար ամեն ինչից առավել պատիվն էր, եւ ինքն իր պատիվը բարձր պահեց, մեզ տվեց իր կյանքը՝ հանուն ինձ, իր քրոջը, հանուն բոլորիս, որ ապրենք»,- հուզմունքը կոկորդում խեղդելով՝ ասում է հերոսի մայրը:
Իսկ հերոսի փոքր քույրը՝ Միլենան, հիշում է եղբոր հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, կռիվները, որոնք այսօր նրա համար դարձել են երազանք:
Լուսավոր եւ լույս ճառագող երիտասարդը դեռ շատ նպատակներ եւ երազանքներ ուներ՝ ապագայի հետ կապված, որոնք այդպես էլ մնացին անկատար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ «ՄՈՆՈՖՈԲԻԱ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Միայնակ մարդ, որին կպչուն մտքերը թույլ չեն տալիս ակտիվ կյանքով ապրել: Մարդ, որն ամբողջ կյանքում սպասում է կնոջ, որը երբեք չի գալու. այս մասին է պատմում Սերգեյ Դանիելյանի «Մոնոֆոբիա» ներկայացումը, որը թատերասերները դիտեցին հունիսի 7-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:
Բեմադրությունը ներկայացվեց «Արմմոնո» փառատոնի շրջանակում:
Սերգեյ Դանիելյանի խոսքով՝ մտահղացումը նոր չէ: Երբ «Մոնոֆոբիան» ամբողջությամբ կայացել է, որոշել են այն ներկայացնել փառատոնին: «Առաջին անգամ չէ, որ մնջախաղի ժանրում եմ խաղում: Սա ուղղակի մենակ մարդու պատմություն է, եւ, կարծում եմ, հանդիսատեսին հասցրել եմ այն, ինչ ցանկացել եմ»,- նշում է դերասանը: Ներկայացման բեմադրության գործում ռեժիսորին եւ դերասանին աջակցած Անի Ահարոնյանն ասում է, որ տասը կամ քսան տարի Դանիելյանը պլաստիկ լուծումներով ներկայացում չի խաղացել: «Վերջին շրջանում սթենդ-ափ ժանրում էր հաճախ հանդես գալիս: Կարծում եմ՝ պատերազմից հետո ինչ-որ կերպ ապրելու եւ ապրեցնելու կարիք է ունեցել ու որոշել է ներկայացմամբ խոսել»,- ընդգծում է նա:
Ըստ Ահարոնյանի՝ ներկայացումը հյուրախաղային է, ուստի իրենք բաց են բոլոր առաջարկների համար:
«Մոնոֆոբիա»-ի բեմադրիչն Աննա Կիրակոսյանն է, պլաստիկ լուծումները՝ Տոմա Այդինյանի, նկարիչ-լուսանկարիչն Արվին Քոչարյանն է, հնչյունային ձեւավորումը՝ Վահե Գրիգորյանի:
«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի մինչեւ հունիսի 15-ը Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին: Փառատոնը ուշադրությունը կբեւեռի հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ ինքնարտահայտվելու հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԸ
Հունիսի 25-ին կարիերայիս ամենակարեւոր մենամարտը կլինի ադրբեջանցի մրցակցի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խառը մենամարտերի (MMA) մարտիկ Վարշամ Գեւորգյանը: Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունիսի 25-ին տեղի կունենա MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշար, որտեղ Վարշամ Գեւորգյանը կմենամարտի ադրբեջանցի մարտիկի հետ։ Վարշամ Գեւորգյանը, խառը մենամարտերի մարտիկ Նարեկ Ավագյանը, UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը եւ մարզիչ, մարտավկա Արմեն Սողոյանը ներկայացրել են առաջիկա մենամարտի նախապատրաստական փուլը։ «Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք մրցաշարին մասնակցելու հրավեր-հայտ ենք ստացել ադրբեջանական կողմից։ Ադրբեջանցի մարտիկը ցանկություն է հայտնել անպայման մենամարտել որեւէ հայ մրցակցի հետ։ Հայտը ներկայացվել է հենց Վարշամ Գեւորգյանին, եւ ընդունել ենք։ Այդ օրն ակնկալում ենք Ալմաթիի հայ համայնքի աջակցությունը մեր մարզիկին եւ սպասում ենք Վարշամի հաղթանակին»,- ասաց մարզիչ Արմեն Սողոյանը։
Վարշամ Գեւորգյանի խոսքով՝ ադրբեջանցի մրցակիցը մարտահրավեր է ուղարկել «Ղարաբաղը մերն է» գրառումներով։
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
Ռուսական Championat.com կայքը կազմել է Եվրո-2020-ին չմասնակցող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Թիմում տեղ է գտել նաեւ իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Դարպասապահ՝ Յան Օբլակ (Սլովենիա, «Աթլետիկո»)։
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»), Ալեքսանդր Կոլարով (Սերբիա, «Ինտեր»)։
Կիսապաշտպաններ՝ Գիլֆի Սիգուրդսոն (Իսլանդիա, «Էվերտոն»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա, «Լացիո»), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան, «Ռոմա»), Մարկո Ռոյս (Գերմանիա, «Բորուսիա Դ.»)։
Հարձակվողներ՝ Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Բորուսիա Դ.»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, «Միլան»)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ: Իտալիայի ավարտված առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի եւ դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում: