ՀԱՐՑ. Ես եւ որդիս ֆիզիկական հաշմանդամների կարգավիճակով բնակվում ենք ժամանակավոր կացարանում: Մեր բյուջեն գոյանում է չնչին կենսաթոշակից եւ աղքատության նպաստից: Մի քանի տարի առաջ «ԱԿԲԱ» բանկից ստացել եմ հազար դոլար` թղթերով, իրականում 308 հազար դրամ վարկ: Մեկ ամիս հետո տեղի ունեցավ փոխարժեքի լողացող գործընթացը, եւ մեր պարտքն աճեց: Մեկ տարի հետո կարկուտը ոչնչացրեց մեր փոքրիկ հողաբաժնի ցորենը, եւ վարկը սկսեցինք մուծել մեր թոշակի հաշվին: Այս ամենից հետո բանկին ամսեամիս մուծել եմ 190 հազար դրամ: Առկա խնդիրը թղթաբանորեն անցել է դատական գործընթաց եւ հասել ԴԱՀԿ ծառայություն: Խնդրում եմ հաշվարկե՛ք. ստացել եմ 308 հազար դրամ, բանկին մուծել եմ 190 հազար դրամ, պարտքս մնացել է 1200 դոլար: Ու այսօր էլ ցանկանում են բռնագանձել, բայց դե բռնագանձելու ոչինչ չունենք: Ի՞նչ անեմ:Սոնա Սուքիասյան, Լոռու մարզ, գ.ԳյուլագարակՊԱՏԱՍԽԱՆ. Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, նրա իրավասության շրջանակները կարգավորվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք չունի քննել քաղաքացու կողմից ֆինանսական կազմակերպության դեմ ներկայացրած պահանջը, եթե արդեն իսկ նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ: Ցավոք սրտի, հաշվի առնելով օրենքի այս դրույթը` ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող վարույթ ընդունել եւ քննել քաղաքացի Սոնա Սուքիասյանի պահանջը, քանի որ նույն գործի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ: Դատարանի կողմից գործի վերաբերյալ կայացված վճռով քաղաքացու կողմից պարտադիր վճարման ենթակա գումարների չափն այնպես, ինչպես վճռով սահմանված ցանկացած դրույթ, ՀՀ գործող օրենսդրության համաձայն` կարող է բողոքարկվել միայն դատական կարգով: Ինչ վերաբերում է ֆինանսական հաշտարարին, այս ինստիտուտը ստեղծվել է որպես վեճերի լուծման մասնագիտացված արտադատական այլընտրանքային մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիները կարող են լուծել ֆինանսական կազմակերպությունների հետ կապված վեճերը` առանց դատարան դիմելու: (շարունակությունը հաջորդ համարում)Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ էության, քաղաքացին բանկային ծուղակում է հայտնվել: Ու թեեւ արտարժույթի կուրսի տատանումը ո՛չ բանկի, ո՛չ էլ Սոնա Սուքիասյանի մեղքով է տեղի ունեցել, սակայն մշտապես ի վնաս վարկառուի գործող օրենքի պատճառով սոցիալապես անապահով մեր հայրենակիցը բանկային ծուղակից չի կարողանում առանց կորուստների դուրս գալ: Ինչպես միշտ, ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ